HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեսչական մարմինը ԶՊՄԿ-ի վթարի մասով հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե, բայց քրեական վարույթ չի նախաձեռնվել

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնից «Հետքին» հայտնել են, որ հունիսի 4-ին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի պոչատար խողովակի վթարից հետո հարուցված վարչական վարույթի նյութերի հիման վրա հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե՝ հետագա ընթացքն ապահովելու համար:

Ինչպես արդեն գրել ենք, հունիսի 4-ին վթար է տեղի ունեցել ԶՊՄԿ-ից Արծվանիկի պոչամբար գնացող պոչատարի վրա, ինչի հետեւանքով, ինչպես մեզ փոխանցել է ավազի արդյունահանմամբ զբաղվող «Մանիսա» ՍՊԸ-ի սեփականատեր եւ տնօրեն Սպարտակ Հայրապետյանը, կոմբինատի պոչանքները լցվել են Ողջի գետ, այդտեղից էլ՝ Հայրապետյանի ընկերության կողմից շահագործվող ավազի հանքավայր: Գործարարի հաշվարկով՝ իրեն հասցվել է 163.200.000 դրամի վնաս:

ԶՊՄԿ-ի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանն էլ «Հետքին» փոխանցել էր, որ կոմբինատի նախնական գնահատականի համաձայն՝ վթարի հետեւանքով շրջակա ջրային ռեսուրսներին վնաս չի պատճառվել: Ըստ այդմ՝ վնասվել է պոչատարի սպասարկման ճանապարհի փոքր հատված, ինչպես նաեւ մասնակիորեն տուժել է հարակից մի քանի հողակտոր: ԶՊՄԿ-ի ներկայացուցիչը մեզ հայտնել էր, որ աղտոտված տարածքները ենթարկվել են անհապաղ մաքրման եւ հաշված ժամերի ընթացքում բերվել են ելակետային վիճակի:

«Ընկերությունը համագործակցում է ԲԸՏՄ-ի հետ՝ դեպքի առթիվ իրականացվող քննության շրջանակում տրամադրելով բոլոր անհրաժեշտ նյութերն ու տեղեկությունները։ Արդյոք տվյալ քաղաքացու հողակտորը իսկապես վնասվել է եւ որքան՝ կպարզի քննությունը։ Քննության արդյունքների հիման վրա ընկերությունը կիրացնի օրենքով սահմանված իր բոլոր իրավունքներն ու կկատարի պարտականությունները»,- փոխանցել էր Ա. Մարգարյանը։

Փաստորեն, վարչական վարույթի արդյունքում կազմված նյութերի հիման վրա ԲԸՏՄ-ն ենթադրյալ հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե: Սակայն ՔԿ-ից «Հետքին» փոխանցել են, որ քրեական վարույթ չի նախաձեռնվել, քանի որ տեսչական մարմնի ուղարկած նյութերի մեջ նշված չի եղել շրջակա միջավայրին հասցված վնասի չափը:

Խոսքը Քրեական օրենսգրքի 381-րդ հոդվածի մասին է, որը սահմանում է. «Հողը փչացնելը՝ հողը հանելու, տեղափոխելու, պահպանելու կամ օգտագործելու կանոնը խախտելով կամ այլ եղանակով հողն աղտոտելը, թունավորելը կամ այլ կերպ փչացնելը, որը խոշոր չափերի գույքային կամ այլ էական վնաս է պատճառել կենդանական կամ բուսական աշխարհին կամ դրանց պաշարներին, հողին կամ ջրերին կամ առաջացրել է այլ ծանր հետեւանք, պատժվում է տուգանքով՝ 20-ապատիկից 40-ապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ 150-250 ժամ տեւողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` 1-2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 4 տարի ժամկետով»:

Այստեղ խոշոր չափ է համարվում 500 հազարից մինչեւ 5 մլն դրամը:

Ինչպես արդեն գրել ենք, ՔԿ-ն քրեական վարույթ չի նախաձեռնել նաեւ «Մանիսա» ՍՊԸ-ին հասցված վնասի վերաբերյալ, քանի որ, ըստ կոմիտեի, դիտավորություն չի եղել:

Լուսանկարում՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ-ի ֆեյսբուքյան էջից)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter