
Շինանյութի շուկայում 3.5 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ շինանյութի առևտրով զբաղվող խոշոր ընկերության նկատմամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է էական ծավալներով ստվերային շրջանառություն։
«Այսպես՝ ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության ոլորտային թիվ 1 բաժնում ստացված օպերատիվ տվյալների համաձայն՝ շինանյութի մանրածախ առևտրով զբաղվող խոշոր ցանցը տարիներ շարունակ ապրանքներն իրացրել է և չի տրամադրել հաշվարկային փաստաթուղթ ու ՀԴՄ կտրոն։
Համաժամանակյա օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որոնք վկայում են, որ ընկերության իրական իրացման ծավալները հարկային մարմին ներկայացված տվյալների համեմատ էականորեն գերազանցել են։ Այսինքն՝ բացահայտվել է համակարգային սխեմա, որի միջոցով տնտեսվարողը թերհայտարարագրումների ճանապարհով խուսափել է առանձնապես խոշոր չափի հարկային պարտավորություններից։
Նախնական հաշվարկով՝ շինանյութի առևտրով զբաղվող ընկերության կողմից չհայտարարագրված շուրջ 3.5 միլիարդ դրամի շրջանառության արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 1.1 միլիարդ դրամի վնաս։ Բացի պետական բյուջեին հասցված էական վնասից, նման դեպքերը խաթարում են նաև արդար մրցակցությունը՝ խաթարելով օրինապահ և թափանցիկ գործունեություն իրականացնող տնտեսվարողների շահերը։
Հիմք ընդունելով ձեռք բերված ապացույցները՝ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունը հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու հատկանիշներով:
Վարույթային և օպերատիվ-հետախուզական գործողությունների շրջանակներում ընկերության գործունեության հասցեներում իրականացվել են խուզարկություններ, առգրավել են նախաքննության համար կարևորություն ունեցող փաստաթղթեր, տվյալների շտեմարան, էլեկտրոնային այլ կրիչներ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Մեկնաբանել