
ՀՖՖ-ն՝ Հայաստան-Պորտուգալիա խաղի տոմսերի վաճառքի մասին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան արձագանքել է Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքին վերաբերող դժգոհություններին։ ՀՖՖ հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․
«Հարգելի՛ երկրպագուներ,
Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը մեծ արձագանք ստացավ:
Շատերը ՀՖՖ-ին մեղադրում են, որ չեն կարողացել տոմս գնել:
«Հանրապետական» մարզադաշտը կարող է ընդունել առավելագույնը 14000 երկրպագու: Տոմս ձեռք բերելու հայտ է ներկայացրել 470000 մարդ։ 1 երկրպագուն կարող էր գնել 2 տոմսից ոչ ավելի, հետևաբար հնարավոր է եղել բավարարել մոտ 7000 հայտի պահանջ:
Բնականաբար, շուրջ 463000 երկրպագու կարող է բողոքել, որ չի կարողացել տոմս գնել:
Տոմսերի պաշտոնական վաճառքից դեռ ամիսներ առաջ համացանցում եղել են վաճառքի վերաբերյալ ոչ պաշտոնական հայտարարություններ, հիմա էլ ոմանք աստղաբաշխական գներով տոմսեր են վաճառում:
Վերավաճառողների դեմ պայքարելու համար ՀՖՖ-ին խորհուրդ էին տալիս հանդիպման տոմսերը վաճառել 100000-200000 դրամով, բայց ՀՖՖ ռազմավարության հիմնական ուղղություններից է ֆուտբոլը որպես սոցիալական երևույթ ընկալելը։ Բնականաբար, տոմսերի նման թանկացում չէր կարող լինել:
Տեղեկացնենք, որ 14000 նստատեղով ստադիոնի մոտ 7000 տոմս վաճառվել է շատ մատչելի՝ 1000-3000 դրամ: Շուկայում այժմ այս տոմսերը վաճառում են տասնապատիկ թանկ:
ՀՖՖ-ի վաճառած բոլոր տոմսերի QR կոդերը ակտիվանալու են հանդիպման օրը՝ սեպտեմբերի 6-ին: Վերավաճառողները տոմսերը կարող են վաճառել մի քանի անձի, բայց ակտիվանալու է միայն մեկ QR կոդ: Այս դեպքում ևս կարող է լինել բողոքի մեծ ալիք, որի հետ ՀՖՖ-ն որևէ առնչություն չունի:
Հարգելի՛ ֆուտբոլասերներ,
ՀՖՖ-ն հորդորում է շուկայից չգնել տոմս՝ հետագա բարդություններից խուսափելու համար: ՀՖՖ-ն պատասխանատու չէ այլ անձանց վաճառած տոմսի համար: Վերավաճառողից տոմս չգնելով՝ կօգնենք, որպեսզի հետագայում հայկական ֆուտբոլից իսպառ վերանա այս բացասական երևույթը»:
Հիշեցնեն՝ օգոստոսի 14-ին ՀՖՖ-ն հայտարարեց սեպտեմբերի 6-ին սպասվող Հայաստան-Պորտուգալիա խաղի տոմսերի վաճառքի մեկնարկը, սակայն կայքը տեխնիկական խնդիրներ ունեցավ։ Կարճ ժամանակ անց ֆեդերացիան հայտարարեց, որ արդեն վաճառվել է 2500 տոմս, բայց կայքը տեխնիկական խնդիրներ ունի և անհասանելի է, որից մեկ ժամ անց էլ ֆեդերացիան հայտարարեց, որ տոմս գնելու համար ժամը 14:00-ից գործելու է հերթագրման համակարգ։ Այս համակարգի գործարկումից հետո տոմս գնել փորձող քաղաքացիները նշում էին՝ տոմսերն արդեն սպառված են եղել։
Մեկնաբանել