Նոր վերամշակման գործարանի կառուցման մրցույթ կանցկացվի. Ավինյանը սպառնում է
Այսօր՝ օգոստոսի 18-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ նոր վերամշակման գործարանի կառուցման մրցույթ կանցկացվի։
«Ինչ-որ մի փուլի եկել-հանգել ենք, որ պետք է իրականացնենք նոր վերամշակման գործարանի երկփուլ մրցույթ, և անկեղծ ասած՝ ես շատ մտահոգված եմ, որ որոշակի պարբերականությամբ այս միջավայրում չեմ լսում, թե ինչ է տեղի ունենում մրցույթի հետ կապված: Կամ մինչև տարեվերջ մրցույթը կկայանա, կամ ես արդեն համապատասխան կադրային որոշումներ կկայացնեմ, որովհետև սա Երևան քաղաքի ամենակարևոր, ամենադժվարին հացերից մեկն է, և այստեղ այլևս հապաղել մենք չենք կարող»,- ասել է Ավինյանը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ի կեսգիշերին հրդեհ էր բռնկվել Նուբարաշենի աղբավայրում։ Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի խոսքով՝ օգոստոսի 9-ի առավոտյան կրակը մարվել էր ամբողջությամբ, ծավալը մոտ 5 հա էր, բայց աղբավայրը ողջ ծավալով ծխում էր։
«Կիրակի օրվա դրությամբ տարածքն ամբողջությամբ ծածկվել է հողով, 9 օրում աղբավայր է տեղափոխվել 2450 մեքենա հող»,- խորհրդակցության ընթացքում զեկուցեց Արեյանը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել