
ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը դատապարտում է իրավապաշտպանին լռեցնելու Առողջապահության նախարարության փորձերը
Արեւելյան գործընկերության քաղաքացիականն հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը իր խոր մտահոգությունն է հայտնում և խստորեն դատապարտում է իրավապաշտպան Մամիկոն Հովսեփյանի նկատմամբ իրականացվող անօրինական և անհիմն ճնշումները, որոնք կապված են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի (ՄՀՀ) Էթիկայի հանձնաժողովի կայացրած որոշման հետ։
«2025թ․ հունիսի 25-ին ՄՀՀ անդամներին է ուղարկվել մի փաստաթուղթ, որի հիմքն է հանդիսացել ՄՀՀ և Գլոբալ հիմնադրամի Բարեվարքության կանոնագիրքը։ Փաստաթղթում անդրադարձ է կատարվում, որ Մամիկոն Հովսեփյանի նկատմամբ կիրառվում է նկատողություն ու մասնակցության ժամանակավոր կասեցում, որի համար հիմք են հանդիսացել վերջինիս կողմից բազմիցս բարձրաձայնված մտահոգությունները հնարավոր ֆինանսական չարաշահումների և կոռուպցիայի մասին։ Բարձրաձայնված հարցերին ու մտահոգություններին արձագանք կամ պատշաճ մեկնաբանություն տալու փոխարեն, ՄՀՀ քարտուղարությունն ընդունել է ենթադրյալ էթիկայի խախտման դիմում, ընթացք տվել, որի արդյունքում ՄՀՀ-ն ընդունել է որոշում։
ՄՀՀ էթիկայի հանձնաժողովը չարաշահել է իր լիազորությունները, խախտել է արդար գործընթացի սկզբունքները և կիրառել է պատժամիջոց՝ առանց օրինական հիմքի։ Կիրառված պատժամիջոցը՝ «նկատողություն» և 6-ամսյա ժամանակավոր կասեցում, որևէ կերպ ամրագրված չէ ՄՀՀ կանոնադրությամբ կամ գործող կարգավորումներով։ Ավելին, մեղադրանքները ներկայացված են առանց որևէ փաստացի հիմնավորման կամ հստակ նշված արտահայտությունների, որոնք կհաստատեին «ապատեղեկատվության» կամ «զրպարտության» առկայությունը։ Մամիկոն Հովսեփյանին չի տրվել հնարավորություն ծանոթանալու բողոքներին, մեկնաբանելու դրանք, ներկայացնելու իր դիրքորոշումը։ Սա կոպտորեն խախտում է արդար ընթացակարգի, անաչառության և մարդու իրավունքների սկզբունքները։
Հունիսի 25-ին ՄՀՀ անդամներին ուղարկված որոշման հիմքում դրված է միայն ՄՀՀ և Գլոբալ հիմնադրամի Բարեվարքության կանոնագիրքը։ Սակայն միայն Փինքի պահանջից հետո ներկայացվել է, թե որոշումը հիմնված է եղել մի փաստաթղթի վրա՝ «Էթիկայի հանձնաժողովի կողմից բողոքների դիտարկման և որոշումների կայացման ուղեցույց», որը երբեք չի ներկայացվել կամ հաստատվել ՄՀՀ անդամների կողմից։ Հետևաբար, այս փաստաթուղթն իրավական ուժ չունի, և դրա կիրառմամբ կայացրած որոշումը չի կարող համարվել օրինական։
Մամիկոն Հովսեփյանը հետևողականորեն բարձրաձայնել է համակարգային խնդիրների մասին և փորձել դրանք հասցնել որոշում կայացնողներին՝ օգտագործելով նաև հանրային առցանց հարթակները, բազմիցս ուղարկելով նամակներ տարբեր գերատեսչությունների, որոնք հետևողականորեն անտեսվել են։ Եվ հենց այդ՝ առողջապահության ոլորտում առկա չարաշահումների ու բացերի մասին հրապարակումներն օգտագործվել են լռեցնելու իրավապաշտպանին՝ վարչական ռեսուրսի կիրառմամբ։ Մամիկոն Հովսեփյանը գործել է բացառապես ազատ արտահայտման իրավունքի շրջանակում՝ բարձրաձայնելով հանրային կարևորության հարցեր։ Այդ իրավունքն ամրագրված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով և ՀՀ սահմանադրության 3-րդ հոդվածով։
Ակնհայտ է, որ այս գործընթացը միտված է քաղաքացիական վերահսկողության թուլացմանը։ Քաղաքացիական հասարակությունը կարևոր դեր ունի՝ պահանջելու պետական մարմիններից թափանցիկություն և հաշվետվողականություն։
Իր զորակցությունը հայտնելով Մամիկոն Հովսեփյանին, ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատորմը պահանջում է․
• ՄՀՀ Էթիկայի հանձնաժողովից՝ անհապաղ չեղարկել անօրինական որոշումը,
• Դադարեցնել իրավապաշտպանի նկատմամբ հետապնդումը՝ արտահայտվելու իրավունքը իրացնելու հիմքով,
• Վերականգնել խոսքի և արտահայտման ազատության սկզբունքը՝ ՄՀՀ-ում,
• Կատարել թափանցիկ և անկախ քննություն՝ Առողջապահության նախարարության դերի և գործողությունների իրավաչափության վերաբերյալ։
Իրապաշտպաններին պետք է պաշտպանել, ոչ թե հետապնդել։ Քննադատությունը սպառնալիք չէ՝ այն ժողովրդավարության և հաշվետվողականության առանցքն է»,- ասված է հաղորդագրությունում։
Գլխավոր լուսանկարը՝ Մամիկոն Հովսեփյանի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել