HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայկական միակ կարգո ավիաընկերությունը նոր ինքնաթիռ է գնելու

Հայկական «Հայվեյզ» ավիաընկերությունը, որն օդային բեռնափոխադրումների (կարգո) ոլորտում մասնագիտացած միակ օպերատորն է Հայաստանում, առաջիկայում ծրագրում է ձեռք բերել նոր ինքնաթիռ:

Հիշեցնենք, որ 2019-ին հիմնադրված ընկերությունը կանոնավոր ավիաբեռնափոխադրումներ սկսել է իրականացնել 2024-ի ապրիլից: «Հայվեյզն» ունի 1 հատ Boeing 737-400SF տիպի բեռնատար օդանավ, որը Հայաստան է բերվել 2023-ի նոյեմբերին եւ հայկական գրանցում (EK-HAY) ստացել 2024-ի փետրվարին: Ինքնաթիռը «Հայվեյզի» սեփականությունն է:

Ավիաընկերության տնօրեն Օվսաննա Ստեփանյանը «Հետքին» հայտնել է, որ իրենք պատրաստվում են ձեռք բերել նմանատիպ եւս մի օդանավ, որի առքուվաճառքի վերաբերյալ մտադրությունների հուշագիր (letter of intent) են ստորագրել: Սա եւս «Հայվեյզը» ձեռք է բերելու սեփականության իրավունքով:

«Մեր վերլուծությունների եւ արդեն իսկ ձեռք բերված փորձի արդյունքում համոզված ենք, որ սա մեզ համար ճիշտ տարբերակն է,- օդանավը գնելու եւ ոչ թե վարձակալելու մասին ասում է Ստեփանյանը,- այն կամրապնդի մեր գործարար ստատուսը եւ թույլ կտա ավելի արդյունավետ պլանավորել ընկերության հետագա զարգացումը»:

Բացի սրանից՝ «Հայվեյզը» ծրագիր ունի 2026-ին իր ավիապարկը համալրել առնվազն եւս մեկ ինքնաթիռով:

Եթե նախկինում հայկական օպերատորը բեռնատար թռիչքներ էր կատարում Երեւան-Մոսկվա («Վնուկովո»)-Երեւան ու Երեւան-Թբիլիսի-Երեւան երթուղիներով, ապա հիմա թռչում է միայն Մոսկվա: Սա Օվսաննա Ստեփանյանը բացատրում է շուկայում առկա պահանջարկով եւ ընկերության կոմերցիոն նկատառումներով: Միաժամանակ նշում է, որ ապագայում չի բացառվում դեպի Թբիլիսի չվերթերի վերսկսումը:

Իսկ Երեւան-Մոսկվա-Երեւան ամենօրյա թռիչքների ծանրաբեռնվածությունից նա գոհ է: Ասում է, որ դրանք մեծ պահանջարկ ունեն պատվիրատուների շրջանում:   

Հարցին, թե ինչ ուղղություններ են ավելանալու երկրորդ օդանավը ձեռք բերելուց հետո, «Հայվեյզի» տնօրենը պատասխանում է, որ ներկայում ակտիվորեն աշխատում են թռիչքների աշխարհագրությունն ընդլայնելու ուղղությամբ, ներառյալ՝ Մերձավոր Արեւելքի եւ Ասիայի երկրները՝ հաշվի առնելով օդային բեռնափոխադրումների շուկայում առկա պահանջարկը եւ ընկերության գործունեության զարգացման ռազմավարությունը:

Ինչպես հայտնի է, 2020-ի հունիսից հայկական ավիացիան գտնվում է ԵՄ «սեւ ցուցակում», եւ հայկական օդանավերի մուտքը ԵՄ երկինք արգելված է: Սա նշանակում է, որ այդ ցուցակ են մտցվել թե՛ տվյալ պահին գործող հայկական ավիափոխադրողները, թե՛ նրանք, այդ թվում՝ «Հայվեյզը», որոնք շուկա են մտել ավելի ուշ: Օ. Ստեփանյանը սա համարում է ոչ թե խոչընդոտ, այլ մարտահրավեր, չնայած այն առաջին հերթին վերաբերում է ոչ թե կոնկրետ ընկերության, այլ ամբողջ երկրի քաղաքացիական ավիացիային: Բացի ԵՄ-ից՝ նա նշում է այլ սահմանափակումներ եւս:

«Կան քաղաքական բնույթի խնդիրներ, օրինակ՝ որոշ հարեւան երկրների կողմից օդային տարածքի օգտագործման սահմանափակումները (այս հարցում ՀՀ գրանցումով օդանավերի առաջ խնդիրներ է ստեղծում Թուրքիան – հեղ.), հայկական գրանցումով ինքնաթիռների համար դեպի ԵՄ եւ ԱՄԷ թռիչքների սահմանափակումները: Այնուամենայնիվ, ընկերությունն ունի իրական հնարավորություններ լինել մրցունակ բեռնափոխադրումների շուկայի համապատասխան սեգմենտներում»,- ասում է Ստեփանյանը:  

«Հայվեյզը» դատի է տվել նախկին գործընկերոջը

«Հայվեյզը» օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ) ստացել է 2024-ի փետրվարին 16 տարի ժամկետով: ՕՇՎ-ն այն փաստաթուղթն է, առանց որի հնարավոր չէ կոմերցիոն գործունեություն ծավալել ավիացիայում:

Բայց սա ավիաընկերության առաջին վկայականը չէ: Ավելին՝ եթե հիմա նրա թիրախում բեռնափոխադրումներն են, ապա նախկինում «Հայվեյզը» մտադիր էր զբաղվել ուղեւորափոխադրումներով: Օպերատորը (2019-2021 թթ. կոչվում էր «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ») 2020-2021 թթ. ուներ ՕՇՎ, սակայն այդպես էլ մարդատար թռիչքներ չկատարեց: 2021-ի տարեվերջին ընկերությունը կրկին դիմել էր ՀՀ քաղավիացիայի կոմիտեին (ՔԱԿ)՝ նոր վկայական ստանալու համար, բայց, ի վերջո, 2022-ի տարեվերջին մերժում ստացավ: Պատճառն օդանավի բացակայությունն էր:

Բանն այն է, որ ՕՇՎ ստանալու համար հայտատու ավիաընկերությունը թռիչքների համար պիտանի առնվազն մեկ օդանավի սեփականատեր կամ վարձակալ (ենթավարձակալ) պիտի լինի կամ էլ օդանավի ձեռքբերման, վարձակալության կամ ենթավարձակալության վերաբերյալ մտադրությունների հուշագիր կնքած լինի:

2021-ի նոյեմբերին «Հետքը» «Հայվեյզից» տեղեկացել էր, որ օդանավի վարձակալության վերաբերյալ մտադրությունների հուշագիր է ստորագրել վարձատու կողմի հետ, եւ ավիաընկերությունը գտնվում է Boeing 737-800 մարդատար ինքնաթիռի վարձակալության պայմանագրի կնքման փուլում։

Նույն տարվա դեկտեմբերին Boeing 737-800-ը տեխսպասարկման նպատակով տեղափոխվել էր Հորդանանի մայրաքաղաք Ամման: Ավելի ուշ այնտեղ էին մեկնել նաեւ հայկական «Քրոսս Թեքնիքս» ընկերության մասնագետները: Այս ընկերությունն զբաղվում է ավիացիոն տեխնիկական գործունեությամբ ու սպասարկում է «Հայվեյզի» բորտերը: Օվսաննա Ստեփանյանը ավելի ուշ մեզ պատմել էր, որ ինքնաթիռը նույնիսկ հասցրել էր իրենց ընկերության գույներով ներկվել: Հայաստան տեղափոխվելուց առաջ Boeing 737-800-ը գրանցվել էր բրիտանական գահին ենթակա Գերնսի կղզում (2-KUTG): Հորդանանում տեխսպասարկում անցնելուց հետո սպասվում էր դրա ժամանումը Հայաստան եւ հայկական գրանցում ստանալը:

Օդանավի սեփականատերը իռլանդական Fly Aircraft Holdings Fourteen Limited-ն էր, որի տերը մեկ այլ իռլանդական ընկերություն է՝ Fly Leasing-ը։ Վերջինս էլ իր հերթին պատկանում է ամերիկյան խոշոր լիզինգատուի՝ Carlyle Aviation Partners-ին:

Այդուհանդերձ, 2022-ի փետրվարին սկսված ռուս-ուկրաինական պատերազմը եւ արեւմտյան պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ ու վերջինիս ավիացիոն իշխանությունների պատասխան գործողությունները ազդեցին նաեւ «Հայվեյզի» այս գործարքի վրա: Վերջին պահին Boeing 737-800-ի տերը չեղարկել էր գործարքը: Օ. Ստեփանյանը մեզ ավելի ուշ հայտնել էր, որ վարձատուի պատճառաբանությունը եղել է այն, թե իբր Ռուսաստանի դաշնակից հանդիսացող Հայաստանի իշխանությունները ՌԴ-ի նման կարող են բռնագրավել օդանավն ու արգելել դրա վերադարձը տիրոջը, ինչպես որ պատերազմից հետո շատ դեպքերում արել է Ռուսաստանը: Հայկական կողմի հակադարձումներն ու հավաստիացումներն օգուտ չէին տվել:

Նման հետքայլն իսկական անակնկալ է եղել «Հայվեյզի» համար, որն արդեն իսկ մեծ ծախսեր էր արել՝ ինքնաթիռի տեղափոխությունը Հայաստան կազմակերպելու նպատակով: Բացի դրանից, ինչպես վերջերս մեզ փոխանցել է Օ. Ստեփանյանը, գործարքի խափանման հետեւանքով իրենք կորցրել են մի շարք առեւտրային հնարավորություններ: Նկատենք, որ 2022-ի մայիսին Boeing 737-800-ը Հորդանանից տեղափոխվեց Սլովակիա՝ մտնելով այդ երկրի AirExplore ընկերության ավիապարկ:

Այսպիսով՝ քանի որ օդանավի ձեռքբերման գործարքը չեղարկվեց, 2022-ի տարեվերջին ՔԱԿ-ը մերժեց ՕՇՎ ստանալու «Հայվեյզի» հայտը:

Հայկական ավիաընկերությունը մտադիր էր դատի տալ Boeing 737-800-ի տիրոջը՝ պահանջելով իր կրած ֆինանսական վնասների փոխհատուցում:

«Այս պատմությունից փորձեցինք դասեր քաղել՝ կարեւորելով հուսալի եւ վստահելի գործարար հարաբերությունները,- ասում է ավիափոխադրողի տնօրենը,- մինչ օրս փոխհատուցում ստանալու առումով որեւէ զարգացում չկա, սակայն սա այն հարցերից է, որը կոնֆիդենցիալ առեւտրային տեղեկատվություն է, ու մեկնաբանություններ անելը գտնում եմ ոչ նպատակահարմար։ Միայն կարող եմ ասել, որ ընկերությունը չի դադարել ձեռնարկել անհրաժեշտ քայլեր իր շահերը պաշտպանելու ուղղությամբ»:

Չնայած Ստեփանյանը փակագծեր չի բացում, «Հետքի» տեղեկություններով՝ «Հայվեյզի» եւ օդանավի վարձատուի վեճն այսօր քննվում է Լոնդոնի միջազգային արբիտրաժային դատարանում:

Մեր հարցին, թե արդյոք հեռանկարում «Հայվեյզը» դիտարկում է նաեւ մարդատար թռիչքների իրականացումը, Օվսաննա Ստեփանյանը հայտնել է հետեւյալը. «Այո, ընկերության երկարաժամկետ պլաններում դիտարկվում է ուղեւորափոխադրումներ իրականացնելու ուղղությունը՝ հավատարիմ մնալով մեր որդեգրած քաղաքականությանը եւ սկզբունքներին՝ նպատակ հետապնդելով Հայաստանը դարձնել տարածաշրջանի ավիացիայում արժանի խաղացող եւ աշխարհի տարբեր երկրները միացնող հանգույց (hub)»։

Լուսանկարում՝ «Հայվեյզի» Boeing 737-400SF բեռնատարը (հայկական գրանցումը՝ EK-HAY)՝ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանի երկնքում, 11.10.2024, հեղ.՝ Ալեքսանդր Լեբեդեւ, jetphotos.com

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter