HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի մարդասիրական օգնությունն ուղևորվում է Իրան

ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել մարդասիրական օգնություն ցուցաբերել 2012 թ. օգոստոսի 11-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցած երկրաշարժից տուժած բնակչությանը։ Այդ նպատակով հատկացվել է մոտ 37 մլն դրամ ընդհանուր արժեքով գույք` 26 000 տուփ տարբեր պահածոներ, մոտ 40 հազար լիտր խմելու ջուր, 81 վրան, որոնց մեջ տեղավորվում է շուրջ 700 մարդ, 1000 ծածկոց, 6000 սավան, 300 ներքնակ, 460 քնապարկ և բացովի 100 մահճակալ։

Այսօր՝ ժամը 19.00-ին ՀՀ կողմից մարդասիրական օգնությամբ բեռնված «ԿԱՄԱԶ» մակնիշի ավտոմեքենաները Երևանի Շիրակի 2-րդ նրբանցք 6 (Չարբախ) հասցեում գտնվող ՀՀ ԱԻՆ հատուկ փրկարարական ջոկատի մոտից կուղևորվեն Իրան։

Տեղեկանք

2011 թ. ՀՀ կառավարության կողմից որպես մարդասիրական օգնություն Թուրքիայի Վան քաղաքում տեղի ունեցած երկրաշարժից տուժածներին է ուղարկվել 40 տոննա բեռ (100-ից ավելի վրաններ, 500 քնապարկ և 7000-ից ավելի անկողնային պարագաներ):

2011 թ. ապրիլին ՀՀ կառավարությունը 500 հազար դոլարի մարդասիրական օգնություն է տրամադրել մարտի 11-ի ավերիչ երկրաշարժից և ցունամիից տուժած Ճապոնիային:

2010 թ. 28 հայ հրշեջ-փրկարար և 4 միավոր տեխնիկա 15 օր շարունակ մասնակցել են Ռուսաստանի տարածքում բռնկված անտառային հրդեհների հրդեհաշիջման աշխատանքներին:

2005 թ. սեպտեմբերին ՀՀ կառավարությունը 200 հազար ամերիկյան դոլարի օգնություն է տրամադրել ԱՄՆ-ում Կատրինա փոթորկից տուժած մարդկանց:

2004 թ. ՀՀ կառավարությունը 25 մլն դրամի մարդասիրական օգնություն է տրամադրել (բուժամիջոցներ, տաք ծածկոցներ, շարժական գեներատորներ) դեկտեմբերին Շրի Լանկայում տեղի ունեցած տարերային աղետից տուժած բնակչությանը:

2003 թ. Իրանի Բամ քաղաքում տեղի ունեցած 6.3 մագնիտուդով երկրաշարժից հետո Հայաստանը փրկարարների 37-հոգանոց խումբ, 1 տոննա դեղորայք և խմելու ջուր է ուղարկել Իրան:

2001 թ. հայ փրկարարները մասնակցել են Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի որոնողափրկարարական աշխատանքներին:

1999 թ. օգոստոսին Հայաստանը մարդասիրական օգնություն է տրամադրել Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից տուժած մարդկանց:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter