
Վաշինգտոնում նախաստորագրված համաձայնագրի տեքստը կհրապարակվի օգոստոսի 11-ին. ԱԳՆ
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ Այս մասին հաղորդում է Հայաստանի արտգործնախարարությունը։
«Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությամբ՝ համաձայնագրի նախաստորագրված տեքստը երկուշաբթի՝ օգոստսի 11-ի երեկոյան կհրապարակվի:
Նախարարները ստորագրել են նաև ԵԱՀԿ-ին համատեղ դիմումը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացների և առնչվող կառույցների փակման վերաբերյալ։
X-ի հարթակում նախարար Միրզոյանն իր գրառման մեջ նշել է. «Հիրավի պատմական պահ է խաղաղության համար։ Նշանակալի և խորհրդանշական օր Հայաստանի Հանրապետության, տարածաշրջանի և աշխարհի համար։ Այսօր մենք նաև հայտարարում ենք ավելի ամուր փոխկապակցվածության, բարօրության և մեր սերունդների համար ավելի լավ ապագայի մասին»,- գրել է Միրզոյանը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ, ստորագրեցին եռակողմ հուշագիր, որով Հայաստանն ու Ադրբեջանը հանձն են առնում երկու երկրների միջև հաստատել խաղաղություն։
Լուսանկարում՝ ձախից՝ Ջեյհուն Բայրամովը, Արարատ Միրզոյանը
Մեկնաբանել