
ՀԷՑ-ի բաժնետեր Նարեկ Կարապետյանը ՀԾԿՀ-ի դեմ հայց է ներկայացրել դատարան
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի բաժնետեր և «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Նարեկ Կարապետյանը երեկ՝ 2025թ. օգոստոսի 8-ին, հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) և վերջինիս նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2025թ. հուլիսի 15-ի հաղորդման հիման վրա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը 18.07.2025թ. «Վարչական վարույթ հարուցելու և կանխարգելիչ միջոցառում կիրառելու մասին» որոշում էր կայացրել։ Նարեկ Կարապետյանը պահանջում է ճանաչել վարույթ հարուցելու իրավահարաբերության բացակայությունը։
ՏԿԵՆ-ը հաղորդման մեջ նշել էր, որ ՀԷՑ-ում ավելանում են համակարգային վթարները, օդային բազմաթիվ գծեր ֆիզիկապես մաշված են և ժամանակին չեն վերակառուցվել, չեն ապահովվում էլեկտրաէներգիայի համապատասխան լարման ցուցանիշները և այլն, ինչը բերում է էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումների։ Մատուցված ծառայությունների որակը վատ է, իսկ ընկերության կողմից ներկայացված տեղեկատվությունը հավաստի չէ։ Դրանից սպառողների շրաջանում առաջանում էր դժգոհություն, քանի որ խախտվում են նրանց իրավունքները։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը 2025թ. հուլիսի 18-ին Վարչական վարույթ հարուցելու և կանխարգելիչ միջոցառում կիրառելու մասին որոշում է կայացրել։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ, ինչպես «Էներգետիկայի մասին» օրենքի պահանջների, այնպես էլ Հանձնաժողովի՝ էներգետիկայի բնագավառում ընդունված իրավական ակտով սահմանված պահանջների հնարավոր խախտման փաստերի ուսումնասիրության նպատակով։
Նույն որոշմամբ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը Վերահսկողական ծառայության արդեն նախկին ղեկավար Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ։
Գործը մակագրվել է դատավոր Ռուզաննա Ազրոյանին և դեռ վարույթ ընդունելու հարցը որոշված չէ։
Հիշեցնենք, որ ՀԷՑ-ի սեփականատերերից Սամվել Կարապետյանը 2025թ. հունիսի 17-ին news.am կայքի հարցազրույցում, անդրադառնալով եկեղեցի-իշխանություն հարաբերություններին, ասել էր. «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայոց եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա...։ Քանի որ ես միշտ եղել եմ հայ եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն։ Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու էդ ամեն ինչին»:
Այս հարցազրույցին հաջորդել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում արված գրառումը: «Պոռնկաբարո «հոգեւորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչու՞ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»։
Մի քանի ժամ անց վարչապետը այդ թեմայով նոր գրառում է արել․ «Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի։ Սա Հայաստանի Հանրապետությունն է։ Հույս ունեմ՝ պետության համը բերաններդ կմնա»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։
Դրանից հետո օպերատիվ գործողություններ իրականացվեցին գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի Երևանի «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ գտնվող առանձնատանը, որին հաջորդեց նրա ձերբակալումը։
Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով:
Սա.Կարապետյանը մեղադրանքը չի ընդունում։
Հուլիսի 2-ին իրավապահները խուզարկություն են իրականացրել «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում։
Գործարարի նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է երկամսյա ժամկետով կալանքը։
Նշենք՝ Սամվել Կարապետյանը «Տաշիր» խմբի սեփականատերն է, խմբի կազմում ընդգրկված են 200-ից ավելի ընկերություններ, որոնք ներկայացնում են բիզնեսի տարբեր ոլորտներ՝ անշարժ գույքի զարգացում (девелопмент), ֆինանսներ, արդյունաբերություն, շինարարություն, էներգետիկա, առևտուր, ռեստորանային բիզնես և ժամանցի արդյունաբերություն։ 2015-ին «Տաշիր» խումբը «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.»-ից ձեռք է բերել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն։
Լուսանկարում՝ Նարեկ Կարապետյանը
Մեկնաբանել