
Վարդան Հարությունյանը 2 ամսով կալանավորվեց
ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը քիչ առաջ կալանավորվել է։ Դատարանը 2 ամիս ժամկետով խափանման միջոց է ընտրել կալանավորումը։
«Հետքը» գրել էր, որ երեկ՝ 2025թ. օգոստոսի 7-ի երեկոյան, Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Վարդան Հարությունյանը։
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Հարությունյանը ձերբակալվել է «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությանը առնչվող քրեական վարույթի շրջանակներում։
Հիշեցնենք, որ 2018թ. մայիսին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ կոռուպցիոն, տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել է հանցավոր սխեմա, որի միջոցով ՀՀ-ում գործող խոշոր ընկերությունը չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց: Ընդ որում, ընկերության ձևավորման և գործունեության կազմակերպման հետ անմիջական առնչություն են ունեցել ՀՀ ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Հակակոռուպցիոն կոմիտեից չեն հայտնում, թե որ պաշտոնյան է ձերբակալվել, սակայն հաստատում են, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեղադրանքներով։
Մեկնաբանել