HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ո՞վ պետք է հեռացնի բուսական աղբը բակային տարածքներից

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի «Ֆիզգորոդոկ» թաղամասում երկու ամսից ավել է սանիտարական հատումներից ու տարածքի մաքրումից առաջացած բուսական աղբը չի հեռացվում:

«Հետք»-ին դիմել է թաղամասի բնակիչ Ելենա Մանվելյանը՝ նշելով, որ թաղամասի բնակիչները և ինքն անձամբ մի քանի անգամ դիմել են Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին՝ աղբը հեռացնելու խնդրանքով, սակայն վարչական շրջանը միջոցներ այդպես էլ չի ձեռնարկել աղբը հեռացնելու համար:

«Ֆիզգորոդոկ» թաղամասի Ալիխանյան Եղբայրներ 3 շենքի բնակիչները պատմում են, որ գարնանը՝ մայիս ամսվա վերջին, համատեղ կատարել են տարածքի մաքրման աշխատանքներ. սանիտարական հատումներ են արել, հավաքել են ծառերի չորացած ճյուղերը, մաքրել են ծառերի տակ ու տարածքում եղած չոր խոտը, չորացած թփերը: Այդ ամենը կուտակել ու տեղավորել էին շենքի մուտքի ճանապարհի մոտ այնպես, որ բնակիչների անցուդարձին ու մեքենաների երթևեկությանը չխանգարի:

Ելենա Մանվելյանը 2025 թվականի հունիսի 13-ին գրավոր դիմել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին՝ խնդրանքով կիրառել միջոցներ տարածքից բուսական աղբը հեռացնելու համար:

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանը 2025 թվականի հունիսի 23-ին պատասխանել է, որ «խնդիրը տեղում ուսումնասիրվել է»: Դիմումի պատասխանի մեջ միաժամանակ ասվում էր.

«Մեր կողմից միջոցներ կձեռնարկվեն, և 10-օրյա ժամկետում նշված տարածքից կուտակված աղբը կհեռացվի»:

Դիմումի պատասխանից մոտ մեկ ամիս անց քաղաքացիները նորից ստիպված դիմել են Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմին՝ նույն խնդրանքով, քանի որ աղբն այդպես էլ չէր հեռացվել: Քաղաքացիների զանգերին ի պատասխան Աջափնյակ վարչական շրջանից ասել են, որ «տեխնիկա չկա», ու որ որևէ բան անել կամ այլ բան ասել չեն կարող:

Ելենա Մանվելյանի խոսքով, երբ ինքը զանգել է վարչական շրջանի աշխատակազմ ու մերժում ստանալուց հետո ասել, որ դատարան կդիմի, վարչական շրջանի աշխատակիցն ասել է՝ «ինչ ուզում եք՝ արեք»:

«Հետք»-ը եղել է թաղամասում օգոստոսի 6-ին և 7-ին: Օգոստոսի 6-ին թաղամասում տեղադրված աղբարկղերի մոտ հավաքված մեծ քանակությամբ աղբ կար, որը հաջորդ օրը՝ օգոստոսի 7-ին, աղբարկղերի մեջ լցված աղբի հետ հեռացվել էր: Սակայն Ալիխանյան 3 շենքի կողքին հավաքված աղբը չի հեռացվել: Տարածքում սանիտարական հատումներից հավաքված աղբ կար նաև այլ հատվածներում, բայց ավելի քիչ քանակով:

Երևանում օգոստոսի 1-ից դիտվում է նորմայից բարձր ջերմային ֆոն: Ցերեկներն օդի ջերմաստիճանը սովորաբար հասնում է +40-41 աստիճան տաքության: Օգոստոսի 2-ին նույնիսկ վերջին 25 տարվա ընթացքում գրանցվել է ամենաբարձր աստիճանը՝ +41,9:

Քանի որ բուսական աղբի մեջ հավաքված չոր խոտը, ծառի չոր ճյուղերը և տերևները հեշտ բռնկվող են, բնակիչները մտահոգված են, որ ամբողջ աղբը կարող է վառվել: Դրա հետևանքով կայրվի ողջ տարածքը՝ առնվազն վնասելով ծառերը:

Աջափնյակ վարչական շրջանի կոմունալ բաժնի պետ Ռոման Ալոյանին հարցրել ենք, թե ինչու մինչև հիմա թաղամասի տարածքից չի հեռացվել կուտակված աղբը: Վերջինս ասել է, որ եթե խոսքը կանաչ ճյուղերի մասին է, ապա դա «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի գործառույթն է:

«Մեր աղբահանող ընկերությունը նախատեսված է միայն շինաղբի համար: Ծառերի ճյուղերը և ընդհանրապես բուսական աղբը չպիտի շինաղբավայր գնա: Կանաչապատումը ձեռքերը լվացել է, բակային տարածքներ չի մտնում: Էլի լիքը տեղեր կան, որ ծառի ճյուղերի կուտակումներ ունենք, բայց քանի որ բակային տարածքներում են, Կանաչապատումը (նկատի ունի ՀՈԱԿ-ը, հեղ․) չի մտնում, ու այս պահին կոնկրետ ծառի ճյուղերի հեռացման մեխանիզմ չունենք»,- ասում է Ռ. Ալոյանը:

Արդյունքում, Աջափնյակ վարչական շրջանում չգիտեն՝ կանաչ ճյուղերը ոնց պետք է հեռացնեն: Բաժնի պետի խոսքով՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը բակային տարածքների խնամքը թողել է վարչական շրջանների վրա:

«Իսկ դա վարչական շրջանների համար դժվար է իրականացնել, որովհետև հաճախ մասնագիտական խմբերի կարիք է լինում»,- հավելեց նա:

Ռոման Ալոյանը մեզ հետ հեռախոսազրույցի ընթացքում տեղեկացրեց, որ անձամբ կզբաղվի այդ հարցով, ու կփորձեն հեռացնել աղբը տարածքից: Բայց միաժամանակ ասաց, որ սանիտարական հատումներ բնակիչները իրավունք չունեն անել, «դա հատուկ մասնագիտացված աշխատանք է պահանջում»:

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից էլ մեզ ասացին, որ եթե բակային տարածքում մաքրման աշխատանքը կամ սանիտարական հատումը իրենք չեն արել, ապա կուտակված աղբը իրենք չեն հավաքում:

«Սանիտարական հատումներ մենք իրականացնում ենք գարնանը և ուշ աշնանը, իրականացնելուց հետո էլ աղբը հեռացնում ենք: Եթե մենք չենք արել, մենք կարող ենք պարզապես բարի կամք դրսևորել՝ զանգից կամ գրավոր դիմումից հետո, և նշված հասցեից հեռացնել աղբը, բայց ընդհանրապես դա անում է վարչական շրջանի աշխատակազմը»,- ասաց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցը:

Նրա խոսքով՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը բակային տարածքում միայն իրականացնում է մասնագիտական աշխատանքներ՝ ծառերի հատում, էտում և բուժում: Նրանք մշտադիտարկում են հանրային կանաչ տարածքները, իսկ բակային տարածքների դեպքում կա՛մ իրենց, կա՛մ բնակիչների դիտարկումով են իրականացնում մասնագիտական աշխատանքներ:

Թե «Ֆիզգորոդոկ» թաղամասում վերջին անգամ երբ են նմանատիպ աշխատանքներ արել, աշխատակիցը չկարողացավ ասել: Խնդրեց գրավոր դիմել:

Այսպիսով, պարզ չէ, թե Երևանի բակային կանաչ տարածքներում մաքրման աշխատանքներից առաջացած աղբը ինչպես պետք է հեռացվի: Ալիխանյան փողոցում երկու ամսից ավել կուտակված աղբի հարցն էլ, փաստորեն, պետք է լուծվի վարչական շրջանի կոմունալ բաժնի պետի անձնական վերահսկողությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter