
Հայտարարություն՝ «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին» նախագծին դեմ լինելու վերաբերյալ
Հայ կինոգործիչները դեմ են «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին» նախագծին և այդ առնչությամբ տարածել են հայտարարություն, որի ամբողջական տեքստը ներկայացնում ենք ստորև․
«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին» նախագծի առնչությամբ
Մենք` Հայաստանի կինոգործիչներս, խորապես մտահոգված ենք և վրդովված, որ «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագիծը ոչ միայն չի խթանում ոլորտի կայուն զարգացումը, այլև սպառնում է ամբողջությամբ փլուզել տարիներով՝ մեծ դժվարությամբ ձևավորված կինոարտադրական համակարգը: Այս նախագիծը փաստացի փորձում է արմատապես փոխել պետության դերը ոլորտում՝ աջակցողից դառնալով մենաշնորհային արտադրող և քանդել այն դժվարությամբ կառուցված հիմքերը, որոնց վրա ձևավորվել է հայ անկախ կինոարտադրությունը:
Տագնապալի է այն, որ նախագծի փիլիսոփայությունն ամբողջությամբ մերժում է աջակցության սկզբունքը: Սա լրջորեն խաթարում է ոլորտի անկախությունը, ստեղծագործական ազատությունը, մասնավոր նախաձեռնության զարգացումը, մասնավոր կինոարտադրությունը, և վերջապես՝ համատեղ արտադրությունը: Օրենքի փոփոխությունների առաջարկած նախագծում դա հստակ և առանց երկիմաստության հայտարարվում է հետևյալ ձևակերպումներով.
«Ազգային մարմինը Հայաստանի Հանրապետության հիմնադրած մշակութային հիմնադրամ է, որն ունի Օրենքով սահմանված բացառիկ լիազորություններ: Ազգային մարմինը իր կողմից կամ իր միջոցով ֆինանսավորված ֆիլմերի նկատմամբ ձեռք է բերում գույքային իրավունքներ, ինչպես նաև կարող է իրականացնել ֆիլմարտադրության հետ կապված ձեռնարկատիրական գործունեություն ինքնուրույն կամ այլ տնտեսվարող սուբյեկտի միջոցով, որում ունի բաժնեմասնակցություն կամ հնարավորություն՝ կանխորոշելու վերջինիս կառավարման մարմինների որոշումները կամ էապես ազդելու նրանց որոշումների կայացման վրա»:
Նույնքան անընդունելի է հիմնադրամի կողմից «աջակցող» կարգավիճակից հրաժարվելու հայտարարությունը.
««Աջակցող» հասկացության առկայությունը Օրենքում առարկայազուրկ է... փոփոխությունները պայմանավորված են նրանով, որ ազգային մարմինը չի հանդիսանալու աջակցող»:
Այս մոտեցումը հստակ ցույց է տալիս, որ առաջարկվող նախագիծը իրենից չի ներկայացնում գործող օրենսդրության բարեփոխում կամ թիրախային շտկում, այլ փոխում է ողջ կինաարտադրության գաղափարական հիմքն ու կառուցվածքը` ի վնաս մշակութային արժեքների, միջազգային մեխանիզմերի և կինոարտադրողների՝ արտահայտելով ոլորտի կառավարման գլոբալ սխալ փիլիսոփայություն, որը տանում է շուկայի մոնոպոլիզացման: Մշակութային աջակցության տրամաբանությունը, որը պետք է լիներ ոլորտի անկախության ու բազմազանության երաշխավորը, փոխարինվում է կոռուպցիոն ռիսկերով հագեցած փաստաթղթի, ըստ որի Ազգային մարմինն հանրային ծառայողից վերածվում է սեփական շահերին ծառայող կառույցի։
Նման մոտեցումը ոչ միայն լրջորեն սահմանափակում է ստեղծագործական ու տնտեսական ազատությունները, այլև հակասում է ՀՀ Սահմանադրությանը, Քաղաքացիական օրենսգրքին, «Հեղինակային իրավունքի մասին» օրենքին, ինչպես նաև՝ Հայաստանի կողմից վավերացված միջազգային կոնվենցիաներին, այդ թվում` Եվրոպայի խորհրդի կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին կոնվենցիային և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային բազմազանության պաշտպանությանը վերաբերող փաստաթղթերին։
Մենք չենք կարող համաձայնել այս մոտեցման հետ, քանի որ այն հակասում է ինչպես ազգային մշակութային քաղաքականության սկզբունքներին, այնպես էլ միջազգային այն պարտավորություններին, որոնք Հայաստանը ստանձնել է պաշտպանելու համար ստեղծագործական ազատությունը, անկախությունը և մասնավոր արտադրական կարողությունները: Այն ստեղծում է անվստահության մթնոլորտ` ինչպես ոլորտի ներսում, այնպես էլ մեր միջազգային գործընկերների շրջանում: Նման պահանջը սպառնում է արտադրողների անկախությանը և նրանց` ստեղծագործելու ազատ կամքին: Միջազգային մակարդակում՝ հակասելով միջազգային համատեղ արտադրության սկզբունքներին, կարող է վնասել Հայաստանի հեղինակությանը, կասկածի տակ դնել մեր գործընկերների վստահությունը մեր հանդեպ և վանել համատեղ արտադրությունների հնարավորությունները: Սա հակասում է այն արժեհամակարգին, որով Հայաստանը մինչ այժմ կառուցել է իր տեղը եվրոպական կինեմատոգրաֆիական ընտանիքում՝ որպես հավասար գործընկեր:
Մենք անհանգստությամբ տեսնում ենք նաև տնտեսական հետևանքները: Նման քաղաքականությունն ենթադրում է լրջորեն կասեցնել մասնավոր ներդրումների հոսքը ոլորտ, խաթարել մրցակցային միջավայրը և առավել խոցելի դարձնել փոքր և միջին արտադրողներին: Սա նաև մեծացնում է պետական կառույցների ազդեցությունը կինոյի բովանդակության վրա՝ դրանով իսկ թուլացնելով ոլորտի թափանցիկությունն ու ինքնուրույնությունը:
Մենք պահանջում ենք դադարեցնել Օրենքի փոփոխությունների նախագծի շրջանառությունը վերականգնելով Աջակցության մեխանիզմը որդեգրած Կինեմատոգրաֆիայի օրենքին, որը ազգային մարմնի իրական առաքելությունը ամրագրում է որպես աջակցություն հայկական կինոյի զարգացմանը, այլ ոչ թե սեփականացում:
Նաև, մենք հայտնում ենք մեր վրդովմունքը և զարմանքը այն կապակցությամբ, որ նախագիծը ներկայացվել է հրապարակային քննարկման` առանց ոլորտի նախնական ներգրավման և համատեղ մշակման: Նախագիծը մեզ ներկայացվել է արդեն պատրաստ ձևով՝ e-draft հարթակում հրապարակման միջոցով, և որևէ ներառական քննարկում մասնագիտական դաշտի հետ մինչ այդ չի կազմակերպվել: Սա ստեղծում է խոր անվստահություն և բացառում է մասնագիտական մասնակցության սկզբունքը, հատկապես հաշվի առնելով նախագծի բնույթը:
Կրկին անգամ հայտնում ենք մեր պատրաստակամությունը ներգրավվելու համատեղ քննարկումների մեջ և առաջարկելու կառուցողական լուծումներ՝ ոլորտին չվնասող, զարգացմանն աջակցող և մրցակցային միջավայր ապահովող օրենսդրական մեխանիզմներ մշակելու նպատակով: Մենք հավատում ենք, որ կառուցողական երկխոսությունն այս փուլում կենսական անհրաժեշտություն է, կխնայի մեր բոլորի ապագա ժամանակը, և համոզված ենք, որ նման հարցերը պետք է լուծվեն փոխադարձ հարգանքի և համագործակցության միջոցով` ի օգուտ պետությանը, որի քաղաքացիներն ու արտադրողներն ենք մենք:
Կինոռեժիսորների և կինոպրոդյուսերների գիլդիա
Անիմացիայի գիլդիա
Վավերագրողների գիլդիա
ԱրմԴոկ Վավերագրողների հայկական ասոցիացիա
Անիմացիոն ընկերությունների ասոցիացիա։
Մեկնաբանել