
Առաջարկվում է դեկտեմբերի 31-ին դադարեցնել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի գործունեությունը
Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկը փակելու մասին կառավարության որոշման նախագիծ: Առաջարկվում է 2025թ. դեկտեմբերի 31-ից դադարեցնել հիմնարկի գործունեությունը:
Պատճառաբանությունն այն է, որ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկը չի համապատասխանում բժշկական հաստատությանը ներկայացվող արդի պահանջներին, ինչը բազմիցս արձանագրվել է միջազգային և տեղական մարմինների կողմից: Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն ևս մի քանի անգամ անդրադարձել է այս քրեակատարողական հիմնարկի վիճակին: Կոչ է արել շուտ փակել այն:
««Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի գործունեության շարունակական պահպանումը հակասում է բժշկական օգնության և սպասարկման ոլորտում ընդունված միջազգային ստանդարտներին: Միաժամանակ, Հիմնարկի գործունեության դադարեցումը հնարավորություն կտա առավել թիրախային և արդյունավետ օգտագործել հատկացված ռեսուրսները և ֆինանսական միջոցները, իսկ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող դատապարտված և կալանավորված անձանց բուժումը կազմակերպել առավել մասնագիտացված ստորաբաժանման կողմից»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ստեղծվել է Առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի 100 լրակազմ ունեցող նոր տեղակազմ, որտեղ էլ բուժումը կշարունակեն «Դատապարտյալների հիվանդանոցում» բուժում ստացող ազատազրկվածները: Իսկ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժումը նախատեսվում է կազմակերպել «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» մասնագիտական կենտրոնում:
Եթե այս նախագիծն ընդունվի, ապա ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Արդարադատության նախարարը պետք է լուծի «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի հաստիքային միավորներն ըստ անհրաժեշտության նախարարության և այլ քրեակատարողական հիմնարկների վրա վերաբաշխելու կամ կրճատելու հարցը: Նույն ժամկետի պահպանմամբ նախարարը պետք է կրճատի հիմնարկում տեղակայված՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ բժշկական ստորաբաժանման հաստիքները և դրանք, ըստ անհրաժեշտության, հատկացնի այլ քրեակատարողական հիմնարկներում տեղակայված ստորաբաժանումներին:
Նշենք, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից բացի մինչև 2026թ. ավարտը դիտարկվում է փակել նաև «Նուբարաշեն», «Վարդաշեն» և «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկները: Ավելի վաղ փակվել են «Կոշ» և «Հրազդան» ՔԿՀ-ները:
Մեկնաբանել