
Պտղնիի նախկին ղեկավարն ու նրա հետ փոխկապակցված անձինք մեղադրվում են փողերի լվացման մեջ. Հակակոռուպցիոն կոմիտե
Պտղնի համայնքի նախկին ղեկավարն ու նրա հետ փոխկապակցված անձինք մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, 22 անշարժ գույքերի հափշտակության և դրան օժանդակելու մեջ։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է։ Ստորեւ՝ Կոմիետի հաղորդագրությունը։
Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2000-2021թթ. ժամանակահատվածում ՀՀ Կոտայքի մարզի Պտղնի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, իր իշխանական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հասարակության և պետության շահերի դեմ, 2000-2013թթ․ կազմել է Պտղնի համայնքի տարածքում գտնվող՝ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող 17 միավոր տարբեր նպատակային նշանակության հողերն իբր համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի որոշմամբ իրեն, իր ընտանիքի անդամներին և իր հետ փոխկապակցված անձանց հատկացված լինելու վերաբերյալ կեղծ քաղվածքներ, որոնց արդյունքում գրանցվել է վերջիններիս սեփականության իրավունքը դրանց նկատմամբ։ Նշված 17 միավոր անշարժ գույքերի հափշտակության հետևանքով Պտղնի համայնքին և ՀՀ-ին պատճառվել է ընդհանուր 23.450.000 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս։
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Պտղնի համայնքի ղեկավարը նշված համայնքի տարածքում գտնվող ջրային նշանակության, 134.400.000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող հողամասը 05.10.2020թ. կազմակերպված աճուրդ վաճառքում 42.000.000 ՀՀ դրամ գումարով օտարել է իր հետ փոխկապակցված՝ նշված աճուրդի միակ մասնակցին, որի հետևանքով համայնքին պատճառվել է 92.400.000 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս։
Բացի այդ, նույն պաշտոնատար անձը, նպատակադրվելով վատնման եղանակով հափշտակել իրեն վստահված, Պտղնի համայնքի սեփականությունը հանդիսացող առանձնապես խոշոր չափերով գույքը, նախնական համաձայնություն է ձեռք բերել իր հետ փոխկապակցված անձանց հետ, ովքեր պատրաստակամություն են հայտնել հափշտակության հետևանքով ձեռք բերված գույքերի նկատմամբ ձևականորեն գրանցել իրենց սեփականության իրավունքը և հետագայում այն փոխանցել համայնքի ղեկավարի որդուն:
Արդյունքում՝ Պտղնի համայնքի ղեկավարը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2018 թվականի նոյեմբերի 26-ին կազմել է կեղծ քաղվածքներ և որոշումներ, որոնց հիման վրա բնակավայրերի նպատակային նշանակության 4 միավոր հողամասերի նկատմամբ գրանցվել է իր հետ փոխկապակցված 4 անձանց սեփականության իրավունքը, որից հետո՝ 2020-2021թթ․ ընթացքում, ձևական բնույթ կրող առուվաճառքի պայմանագրերի հիման վրա նշված հողամասերի նկատմամբ գրանցվել է համայնքի ղեկավարի որդու սեփականության իրավունքը: Այդ կերպ համայնքի ղեկավարը վատնման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ 65.920.000 ՀՀ դրամ արժեքով գույքը և օրինականացրել այն:
Առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու և դրան օժանդակելու համար մեղադրանքներ են ներկայացվել 6 անձի, այդ թվում՝ Պտղնի համայնքի նախկին ղեկավարին և վերջինիս երկու որդիներին: Նրանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Մեկնաբանել