HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի ևս մեկ հողատարածք ամրացվեց Շրջակա միջավայրի նախարարությանը

Կառավարությունն այսօր ընդունել է որոշում, որով Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող Երևան, Նորք-Մարաշ Գ. Հովսեփյան փողոց հարող տարածք հասցեում գտնվող 1,044,444, 159 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով՝ 1,773 հա մակերեսով հողամասը ամրացվել է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը: Անշարժ գույքն անորոշ ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով կամրացվի «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը կազմակերպության կանոնադրական գործառույթներին համապատասխան գործունեություն իրականացնելու համար։

ՀՀ գլխավոր դատախազության տեղեկատվության համաձայն, 2025 թվականի մայիսի 8-ի վճռով ՀՀ հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ ՀՀ կառավարության, ՀՀ կադաստրի կոմիտեի, երրորդ անձ Կարեն Իսկանդարյանի՝ Երևանի քաղաքապետի և Կարեն Իսկանդարյանի միջև 13.04.2005թ. կնքված առուվաճառքի պայմանագիրն ու դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին: Վճռի հիման վրա 2025թ. հունիսի 20-ին գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի հեռուստաաշտարակին հարող տարածքի 1,7730 հա մակերեսով հողամասի նկատմամբ:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ընդգծել է. «Միայն Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքում, Գլխավոր դատախազության հայցերի բավարարման արդյունքում, մինչ օրս Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել շուրջ 7 հա մակերեսով հողատարածք, որի շուկայականին մոտարկված կադաստրային ընդհանուր արժեքը 3 միլիարդ դրամ է կամ՝ 7,8 միլիոն ԱՄՆ դոլար»:

Անդրադառնալով կեղծիքով հողի օտարման հնարավորությունների բացառմանը՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նշել է, որ 2025 թվականին երկու գործիք է ներդրվել. «Առաջինը համայնքային հողերի վաճառքի հետ կապված անպայման գնահատման պայմանն է, այսինքն՝ դրանք այլևս հնարավոր է գնել և վաճառել շուկայական արժեքով, այսինքն՝ այդ հողակտորներից յուրաքանչյուրի համար առանձին գնահատում է իրականացվում: Եվ երկրորդը վերաբերում է պետական գույքի օտարմանը: Մենք այլևս այն վաճառում ենք բացառապես էլեկտրոնային եղանակով, և շուրջ 730 աճուրդ ունենք, որից արդեն 120-ը ամբողջությամբ ավարտվել է»:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ամփոփելով, ընդգծել է. «Մեր նպատակն է գույքերի վաճառքը դարձնել մաքսիմալ հրապարակային, թափանցիկ և տեղեկատվությունը հասանելի բոլորի համար ցանկացած պահի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter