
«Հետքի» հոդվածի հիման վրա Գլխավոր դատախազությունը վիճարկում է 1.2 հա հողի սեփականության գրանցումը
Գլխավոր դատախազությունը, ուսումնասիրելով «Հետքի» հոդվածը, 2025թ. օգոստոսի 4-ին Կադաստրի կոմիտեի դեմ հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան: Դատախազությունը պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղում գտնվող 1.2215 հա մակերեսով հողամասի նկատմամբ Գևորգ Մկրտչյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը:
Դեռևս 2024թ. մարտին «Հետքը» գրել էր, որ Կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Բաղրամյանի տարածքային ստորաբաժանման ղեկավարը և Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղի համայնքապետը կեղծ փաստաթղթերի հիման վրա համայնքապատկան և մինչև 2031թ. վարձակալության հանձնված մոտ 1 հա հողատարածքը սեփականաշնորհել են համայնքի հետ որևէ կապ չունեցող անձի՝ Գևորգ Մկրտչյանին:
Արևադաշտ գյուղի բնակիչ Գեղեցիկ Բարսեղյանը «Հետքին» պատմել էր, որ 1996թ․-ից սկսել են մշակել համայնքին պատկանող 0.5 հա անմշակ հողատարածքը: Այն մաքրել են քարերից և ընդլայնել՝ հասցնելով 1.5 հա-ի: Համայնքի այդ ժամանակվա ղեկավար Վաչիկ Ասատրյանը տարածքի մի մասը վարձակալության է հանձնել համագյուղացի Արտաշես Վարդանյանին, ինչին իրենք դեմ չեն եղել: Դրանից հետո իրենց մնացել է 0.8 հա տարածք: Արևադաշտ համայնքի ավագանու որոշումով 2005թ. Գեղեցիկի ամուսնու՝ Գառնիկ Թադևոսյանի և համայնքի միջև կնքվել է հողամասի վարձակալության պայմանագիր:
0,8 հա հողատարածքի 0.4 հա-ի վրա հիմնել են խաղողի այգի, իսկ մնացած մասում՝ դեղձի և ծիրանի այգիներ: Գեղեցիկ Բարսեղյանի խոսքով՝ 2023թ․ գարնանն իրենց հողատարածք է այցելել Սերգեյ անունով մի տղամարդ՝ որպես հողի սեփականատիրոջ ներկայացուցիչ: Նա պահանջել է ազատել հողատարածքի մեծ մասը, քանի որ սեփականատերն այդ հողատարածքի հետ կապված ծրագրեր ունի: 2023թ. հոկտեմբերին տրակտորով քանդել են այգու մի քանի շարք խաղողի վազերը՝ ընտանիքին պատճառելով զգալի վնաս:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, և Մկրտչյանը նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել, որ կեղծ գործարքն իր անունով կատարվել է Ռադիկ Վանունցի ցուցումով: Վանունցը Ռուսաստանի Դաշնությունում է ապրում, գործարար է, Հայաստանում ունի մի քանի ընկերություններ: Նա եղել է նաև «Գույք պարտքի դիմաց» համաձայնագրով ՌԴ պետական սեփականությունը դարձած «Մարս» ձեռնարկության տնօրենը:
Գևորգ Մկրտչյանը 2011թ. դիմել է անշարժ գույքի Կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Բաղրամյանի տարածքային ստորաբաժանման ղեկավար Վարդգես Մելքոնյանին և խնդրել է իրականացնել 1.2215 հա խաղողի այգու նկատմամբ իրավունքների պետական գրանցում: Դիմումին կից ներկայացրել է անձնագրի պատճենը և Արևադաշտի գյուղապետարանի 1991թ. ապրիլի 1-ի որոշումից քաղվածք, ըստ որի՝ 1991թ.-ին իր անունով, սեփականության իրավունքով հատկացվել է 1 հա հողատարածք:
Գևորգ Մկրտչյանը նախաքննական մարմնում ցուցմունք էր տվել, որ աշխատել է «Լաթար» ԲԲԸ-ում որպես ֆինանսիստ: Ընկերության սեփականատերը եղել է Ռադիկ Վանունցը: Վանունցի հորդորով է գնացել Կադաստրի Բաղրամյանի գրասենյակ, որպեսզի իր անունով գրանցվի վիճարկվող հողատարածքը, մինչև Վանունցը ժամանի Հայաստան ու հողատարածքն անվանափոխի իր անունով:
Ըստ ցուցմունքի՝ Գ. Մկրտչյանը երկրորդ հարկում հանդիպել է գրասենյակի ղեկավար Վ. Մելքոնյանին: Վերջինիս է հանձնել իր անձնագիրը, իսկ որոշ ժամանակ անց իջել է առաջին հարկ, փաստաթուղթ է ստորագրել ու գնացել: Օրեր անց ստացել է մոտ 1 հա հողատարածքի վերաբերյալ սեփականության իրավունքի վկայական: Դրանից մեկ տարի անց, ըստ Գևորգ Մկրտչյանի, իր և Վանունցի լիազորված անձի միջև կնքվել է առքուվաճառքի պայմանագիր, որով իբր ինքն այդ հողատարածքը վաճառել է Ռադիկ Վանունցին: Վանունցն էլ իր հերթին այդ և այլ հողատարածքներ վաճառել է այլ անձի:
Մեկնաբանել