HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զովունու բնակիչները պահանջում են ապամոնտաժել Զորաց թաղամասի արգելափակոցները

Զովունիի բնակիչները երկու ամսից ավել է՝ չեն կարողանում օգտագործել Զովունի և Դավթաշեն վարչական շրջանն իրար կապող Զորաց թաղամասի կարճ ճանապարհը, որը փակվել է առնվազն չորս հատվածներում տեղադրված երկաթյա արգելափակոցներով:

Զովունի գյուղի բնակիչները 2025 թվականի հունիսից բողոքներ են ներկայացրել Երևանի քաղաքապետարան, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ նշելով, որ ստիպված են շրջանցել ճանապարհը՝ օգտվելով երկար ճանապարհից ու խնդրել՝ ապամոնտաժել արգելափակոցները: Կարճ ճանապարհը միաժամանակ օգնում էր բնակիչներին խուսափել խցանումներից: Արգելափակոցները, որոնք սկզբում տեղադրվել էին Զորաց թաղամասին կից հիմնական ճանապարհի վրա, ապամոնտաժվել էին ու տեղադրվել թաղամասի ճանապարհների ավելի խոր՝ ներթաղային հատվածներում: Արդյունքում, սակայն, վերոնշյալ կարճ ճանապարհը շարունակել է մնալ անհասանելի քաղաքացիների տրանսպորտային միջոցների համար՝ բացառությամբ Զորաց թաղամասի բնակիչների: Զովունիի բնակիչները նորից են դիմել Երևանի քաղաքապետարան՝ նույն խնդրանքով:

Հունիսի 23-ին Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարը, ի պատասխան Զովունիի բնակիչների բողոքի, ասել է, որ արգելափակոցները տեղադրվել են թաղամասների բնակիչների համաձայնությամբ՝ անվտանգության նկատառումներից ելնելով, «որպեսզի վերոնշյալ նեղ ներթաղային ճանապարհներով երթևեկությունը կազմակերպվի նեղ ճանապարհները շրջանցող ավելի լայն ու բարեկարգ ճանապարհով»: Միաժամանակ նշել է, որ «Կոտայքի մարզի Զովունու վարչական տարածքից Դավթաշեն վարչական շրջանի տվյալ հատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծով ճանապարհ նախատեսված չէ»:

Վարչական շրջանի պատասխանի մեջ նշված «ավելի լայն ու բարեկարգ» ճանապարհը՝ Զովունի 30-րդ փողոցը, ենթակա է վերանորոգման: Երևանի քաղաքապետարանի տեղեկացմամբ նախատեսվում է իրականացնել Տիգրան Պետրոսյան փողոցի և Եղվարդի խճուղու շրջանաձև երթևեկությամբ հատման խաչմերուկի հիմնանորոգման աշխատանքներ: Սակայն, Զովունի 30-րդ փողոցի վերանորոգման աշխատանքներ 2025 թվականի աշխատանքային ծրագրերում ներառված չեն:

Թե անվտանգության ո՞ր նկատառումներից ելնելով են տեղադրվել արգելափակոցները, և ինչո՞ւ չեն կիրառվել անվտանգության ապահովման այլ մեթոդներ, պարզ չէ: Այս հարցով մենք փորձել ենք մեկնաբանություն ստանալ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ալբերտ Հովասափյանից: Վերջինս հրաժարվել է պատասխանել մեր հարցերին։ Իսկ Երևանի քաղաքապետարանից նախ ասացին, որ «քաղաքապետարանը ոչ մի բան այս դեպքում չի անում, քանի որ խնդիրը վարչական շրջանի տիրույթում է», այնուհետև խնդրեցին գրավոր հարցում ուղարկել:

Երևանի քաղաքապետարանին հարցրել էինք, թե ո՞ր իրավական հիմքով են ընդհանուր օգտագործման ճանապարհները փակվել ու հասանելի դարձրել միայն մի խումբ անձանց համար, անվտանգության ո՞ր նկատառումներից ելնելով են տեղադրվել արգելափակոցներն, ու ինչո՞ւ չեն կիրառվել անվտանգությունն ապահովելու այլ մեթոդներ:

Քաղաքապետարանի պատասխանը որևէ կերպ չէր տարբերվում մինչ այդ քաղաքացիների բողոքներին ուղղված պատասխաններից: Այսպիսով, քաղաքապետարանը հայտնել է, որ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը ժամանակավոր արգելափակոցներ տեղակայելու թույլտվություններ չի տրամադրում, դրանց տեղակայման համար չկան ընդունված ստանդարտներ, կարգավորող իրավական նորմեր, իսկ բնակիչները պարզապես նախօրոք համաձայնեցնում են դրանց տեղակայումը համապատասխան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հետ։

Քաղաքապետարանը նաև նշել է, որ տարածքը հասանելի է այլ անձանց համար, «այն միայն սահմանափակում է մեքենաների (բայց ոչ՝ հատուկ նշանակության մեքենաների) շարժը»:

Հարցման պատասխանում քաղաքապետարանը միաժամանակ հավելել է.

«Վարչական շրջանի մի շարք տարբեր նշանակության շենք-շինությունների մուտքային ճանապարհահատվածներում տեղակայված ժամանակավոր արգելափակոցները, տեղակայվել են նշված շենք-շինությունների օգտագործման, տնօրինման նկատմամբ իրավական հիմքեր ունեցող ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց կողմից, կոլեկտիվ, միասնական համաձայնության և միջոցների հաշվին՝ ապահովելով հատուկ նշանակության մեքենաների անարգել ելումուտը»:

Զորաց թաղամասի ճանապարհները համայնքային սեփականություն են և ենթակա են ընդհանուր օգտագործման: Ընդհանրապես պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը, որոնք արգելված է սեփականության իրավունքով փոխանցել քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց, սահմանվում են ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով: Այս հոդվածի 6-րդ կետում նշված է բնակավայրերի փողոցների, իսկ 11-րդ կետում՝ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների մասին:

Տվյալ դեպքում խոսքը ոչ թե պարզապես ինչ-որ շենքի կամ շինության հարակից տարածքի, փակուղու կամ բակի մասին է, այլ չորս իրար զուգահեռ, 250-300 մետր երկարությամբ ճանապարհների, որոնցից յուրաքանչյուրի երկու կողմում տեղադրվել են երկաթյա արգելափակոցներ:

Հողը՝ ճանապարհը, որի վրա տեղադրվել են երկաթյա արգելափակոցները, մասնավոր սեփականություն չէ և չի կարող համարվել, հետևաբար այն օգտագործելու իրավունք պետք է ունենան բոլորը: Այդ ճանապարհները նախատեսված չեն փակելու համար: Միաժամանակ չկա որևէ իրավական կարգավորում ճանապարհների վրա արգելափակոցներ տեղադրելու համար, բայց կան շահագրգիռ անձանց, տվյալ դեպքում Զովունիից Դավթաշեն տեղափոխվող բնակիչների խախտված իրավունքներն ու դրանով պայմանավորված բողոքները:

Ո՛չ բնակիչներին, ո՛չ «Հետք»-ին չեն ներկայացվել ուսումնասիրության արդյունքներ, որով կհիմնավորվեր, օրինակ, անվտանգային կանոններից ելնելով ճանապարհի փակման անհրաժեշտությունը տրանսպորտային միջոցների համար։ Ստացվում է՝ ցանկացած պահի մի խումբ անձինք կարող են փակել երթևեկելի ճանապարհ ու այդ մասին ընդամենը իրազեկել տեղական ինքնակառավարման մարմիններին։

Չնայած բնակիչների՝ ճանապարհն օգտագործելու իրավունքի խախտմանը և ներկայացված բողոքներին, Երևանի քաղաքապետարանը և Դավթաշենի վարչական շրջանը ցուցաբերում են անգործություն և անտարբերություն, իսկ Զովունիի բնակիչները շարունակում են օգտագործել ավելի երկար ու անբարեկարգ ճանապարհը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter