HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արցախի կառավարությունը պահանջում է նվիրել ՀՀ-ում գտնվող ներկայացուցչության շենքը 

Երեկ՝ 2025թ. օգոստոսի 5-ին, Արցախի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ, փաստաբան Ռոման Երիցյանը հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի՝ Երևան քաղաքի Նաիրի Զարյան փողոցի թիվ 17Ա շենքը նվիրատվության պայմանագրով օտարելու վերաբերյալ (այժմյան հասցեն՝ 17/2)։

Դատական գործը մակագրվել է դատավոր Աշոտ Հովհաննիսյանին, վարույթ ընդունելու վերաբերյալ որոշում դեռ չի կայացվել։

Հիշեցնենք՝ Գլխավոր դատախազությունը 2025թ. հուլիսի 15-ին Կադաստրի կոմիտեի դեմ հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Երևան քաղաքի Ն. Զարյան փողոց թիվ 17Ա հասցեում գտնվող շինության նկատմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սեփականության իրավունքի պետական գրանցումը։

Ըստ Կադաստրի կոմիտեի ինքնաշխատ եղանակով ստացված տվյալների՝ նշված գույքի նկատմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սեփականության իրավունքը գրանցվել է 2017թ. մարտի 20-ին։

Անշարժ գույքը, որի հետ կապված իրավունքները վիճարկում է Գլխավոր դատախազությունը, տարիներ շարունակ եղել է Հայաստանի Հանրապետությունում Արցախի մշտական ներկայացուցչության շենքը։ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած 44-օրյա պատերազմից հետո փաստացի այն Արցախի պաշտոնյաների գործունեության և Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հետ կապ պահելու միակ տարածքն է։

Այն 1969թ. կառուցված երկհարկանի վարչական շենք է։ Տարածքի մեջ ներառված է 0.11592 հա մակերեսով հողատարածքը, էլեկտրական ենթակայանը, 28.5 քմ նկուղը, 17.2 քմ կիսանկուղը, 310.3 քմ վարչական շենքը և 1998թ. կառուցված 26.8քմ մակերեսով ավտոտնակը։

Դեռևս 2024թ. սեպտեմբերի 9-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, թե Արցախի նորեկ իշխանությունները, որոնք «փախել են Հայաստան», Արցախի ներկայացուցչությունում հավաքներ են անում, փորձում են «իրենց վրայից մեղքը մաքրել»:

«Չեն կարողանալու մաքրել: Այդ շենքի իմաստն էլ պետք է մենք վերանայենք։ Ես համարում եմ, որ այդ շենքը այլևս չպետք է նման բաներին ծառայի»,-ասել էր ԱԺ նախագահը։

Երբ հայտնի դարձավ, որ Դատախազությունը ցանկանում է Արցախի կառավարությունից փաստացի վերցնել ներկայացուցչության շենքը, փաստաբան Ռոման Երիցյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակեց ՀՀ կառավարության 1997թ. ապրիլի 15-ի թիվ 78 որոշումը, որով շենքը նվիրվել է Ղարաբաղի կառավարությանը, իսկ 2017թ. մարտի 20-ին Կադաստրի կոմիտեում գրանցվել է սեփականության իրավունքը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter