
ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.75%
Կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) խորհուրդն այսօր՝ օգոստոսի 5-ի նիստում, որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75%: Այս մասին տեղեկանում ենք ԿԲ-ից։
Վերաֆինանսավորման տոկոսադրույքն այն տոկոսն է, որով ԿԲ-ն վարկեր է տրամադրում գործող առևտրային բանկերին: Գլխավոր դրամատունը այն բարձրացնելով կամ իջեցնելով փորձում է ազդել գնաճի վրա, պահպանել գների կայունությունը։
Այն բարձրացնում է, երբ երկրում բարձր գնաճ կամ գնաճային ռիսկեր են գրանցվում: Տոկոսադրույքի բարձրացումը կարող է հանգեցնել բանկերի կողմից քաղաքացիներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների բարձրացմանը, որն էլ իր հերթին կզսպի վարկերի նկատմամբ պահանջարկն ու բնակչության սպառումը: Սպառման նվազումն էլ կարող է զսպել գնաճը։
Ցածր գնաճի պարագայում վերաֆինանսավորման տոկոսադրույքը կարող է իջեցվել։
Այս դեպքում վերաֆինանսավորման տոկոսադրույքը անփոփոխ է մնացել, քանի որ թեև բարձր գնաճ չկա, սակայն տոկոսադրույքը իջեցնելու հիմքեր են չկան՝ ըստ ԿԲ-ի։
Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2025 թվականի հունիսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Հայաստանում 3.9% գնաճ է գրանցվել։
ԿԲ խորհուրդը հաշվի է առել, որ 2025 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվությունն արագացել է, որին հիմնականում նպաստել են շինարարությունն և ծառայությունները։ Միևնույն ժամանակ, անորոշ է՝ արդյոք այդ աճը երկարաժամկետ է, ավելին՝ միջնաժամկետ հորիզոնում առկա են առավելապես գնաճային ռիսկեր:
Վերաֆինանսավորման տոկոսադրույքի մասին ԿԲ-ի տարածած հաղորդագրության մեջ ուշագրավ է բանկերի և մյուս ֆինանսական կառույցների ակնկալիքների վերաբերյալ հատվածը, որից ենթադրվում է, որ տոկոսադրույքը նվազեցնելու սպասելիքներ կան։
«Մակրոտնտեսական ընթացիկ զարգացումների պայմաններում, ՀՀ ֆինանսական շուկայի մասնակիցները, ընդհանուր առմամբ, ակնկալում են, որ ՀՀ կենտրոնական բանկն առաջիկա միջնաժամկետ հորիզոնում աստիճանաբար կնվազեցնի քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 6.25% մակարդակի շրջակայքում»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հայաստանում գնաճի և, հետևաբար, տոկոսադրույքի վրա էական ազդեցություն են թողնում նաև համաշխարհային տնտեսությա միտումները։ Ինչպես արձանագրել է ԿԲ-ն, այս տարվա 3-րդ եռամսյակում համաշխարհային տնտեսության աճի հեռանկարը շարունակել է վատթարանալ: Մասնավորապես, ԱՄՆ-ում գնաճի արագացման ռիսկերն ավելացել են։
Կենտրոնական բանկն այս տարի արդեն երրորդ անգամ է անփոփոխ թողնում վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.75%։ Թե ինչ կլինի հետագայում, անորոշ է։
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 2020 թվականի կեսերից աստիճանաբար բարձրացվեց։ Հատկապես կտրուկ էին 2022 թվականի ապրիլից գրանցվող բարձրացումները, երբ տոկոսադրույքը հասավ 10.25%-ի։
Երբ գնաճը սկսեց աստիճանաբար թուլանալ, ԿԲ-ն մի քանի փուլով իջեցրեց տոկոսադրույքը։
Մեկնաբանել