
ԿԲ. ArCa-ի խափանումները էական վնասներ չեն հասցրել ֆինանսական համակարգին
Կենտրոնական բանկի գնահատմամբ (ՀՀ ԿԲ)՝ վերջին օրերին ArCa համակարգի խափանումները էական վնասներ չեն հասցրել ֆինանսական համակարգին։ Այս մասին «Հետք»-ի հարցման ի պատասխան հայտնել են ԿԲ-ից։ Թվային հաշվարկներ չեն ներկայացվել։
Գլխավոր դրամատնից ընդունում են, որ այս խափանումները հասկանալիորեն անհարմարություններ են պատճառել ֆինանսական համակարգի օգտատերերին, սակայն շեշտում են, որ վճարումների հետ կապված ֆինանսական համակարգի այլ ենթակառուցվածքները շարունակել են բնականոն գործել։
Այնուամենայնիվ, ԿԲ-ից հավաստիացնում են, որ իրականացվող վերահսկողության շրջանակներում շարունակելու են պարբերաբար ստուգումներ իրականացնել «Արմենիա Քարդ» ՓԲԸ-ում, խախտումների և ռիսկերի հայտնաբերման դեպքում կիրառելու են պատասխանատության միջոցներ, տալու են ռիսկերի նվազեցմանն ուղղված հանձնարարականներ և հսկեն, որ դրանք կատարվեն։
ArCa համակարգի օպերատորը «Արմենիա Քարդ» ՓԲԸ-ն է, որը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ ԿԲ-ից հայտարարում են, որ ցածր հանդուրժողականություն ունեն ArCa-ի խափանումների և ռիսկերի նկատմամբ։ Ընկերությանը ներկայացվում են ռիսկերի կառավարման ավելի խիստ պահանջներ ֆինանսական համակարգի այլ մասնակիցների համեմատ:
«Այդ իմաստով Կենտրոնական բանկը վերջին շրջանում ընկերությանը ներկայացրել է ռիսկերի նվազեցմանն ուղղված հստակ հանձնարարականներ՝ ուղղված կորպորատիվ կառավարման, հիմնական ծրագրային ապահովման, վերջինիս աշխատանքի անընդհատության, տեղեկատվական տեխնոլոգիաների և կիբերանվտանգության, միջադեպերի կառավարման, զեղծարարությունների կառավարման մոդուլի և գործունեության անընդհատության կառավարման գործընթացների բարելավմանը: Նշված գործընթացների զգալի մասն իրականացվել են, մյուս մասը գտնվում են իրականացման փուլում»,- նշում են Կենտրոնական բանկից։
Կառույցից ընդգծում են, որ թեև տեխնիկական խնդիրներ տեղի են ունենում ցանկացած երկրում և ցանկացած տեխնոլոգիական համակարգում, իրենց առաջնային նպատակն է նվազագույնի հասցնել դրանց ազդեցությունը և կրկնվելու հավանականությունը։
Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանի կարծիքով՝ ArCa-ի խափանումների արդյունքում բանկային համակարգը տուժել է, սակայն միությունը չունի հաշվարկներ, թե որքանով և որ բանկերն ու բանկերի հաճախորդներն են առավել տուժել։
Ըստ նրա՝ ArCa-ի կայուն գործունեությունը ոչ միայն մեր քաղաքացիների շահերից է բխում, այլև՝ բանկերի և ԿԲ-ի։ Դա խնդիր է, որից բոլորն են տուժում, և որևէ մեկը չի օգտվում։
«Վստահաբար կարող եմ ասել, որ բացասական ազդեցություն է ունեցել, բայց վերլուծություն, թե որ բանկի մոտ և ինչ չափի, չեմ կարող ասել։ Մենք ունենք 3-4 բանկ, որոնք ունեն իրենց սեփական պրոցեսինգները, և եթե դուք օգտվում եք իրենց համակարգերից, այդտեղ ոչ մի խնդիր չի լինում։ Բայց, քանի որ մեր բանկային համակարգի մասնակիցները շատ ինտեգրված են միմյանց, եթե նույնիսկ այդ 3-4 բանկերից մեկի հաճախորդ եք, բայց գործարք եք անում այնպիսի բանկի հաճախորդի հետ, որը ArCa-ի մասնակից է, նորից խափանումները հնարավոր էին»,- այս օգոտսոսի 1-ին լրագրողների հետ հանդիպմանը ասել է Դանիել Ազատյանը։
ArCa. կիբեռանվտանգության կամ տվյալների արտահոսքի դեպքեր չեն արձանագրվել
Հուլիսի 29-ին ArCa համակարգը շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ խափանվեց (հուլիսի 23-ին՝ ժամը 10:05-ից մինչև 16:50, հուլիսի 29-ին՝ ժամը 11:46-ից մինչև 15:25):
Դրա հետևանքով Հայաստանում անկանխիկ գործարքներ անել հնարավոր չէր։ Բազմաթիվ տնտեսվարողներ՝ սկսած սննդի կետերից մինչև խանութներ, ծառայություններ մատուցողներ, չէին կարողանում վճարումներ ընդունել։ Քաղաքացիները, որոնց Կառավարությունն ու Կենտրոնական բանկը իրենց ընդունած օրենքներով և ռազմավարությամբ հորդորում են կանխիկ գործարքներից անցնել անկանխիկին, փաստի առաջ էին կանգնել:
ԿԲ-ն քաղաքացիներին հորդորեց վարկերի մարման խնդիրների առաջացման պարագայում քննարկել բանկերի հետ։
ArCa-ի ֆեյսբուքյան էջում խափանումների մասին հայտարարություններ էին հրապարակվում։ Ավելի ուշ, ընկերության պաշտոնական կայքում պարզաբանում հրապարակվեց։ Հայտարարվեց, որ խափանումների պատճառը տեխնիկական բնույթի էր:
Ընկերությունից վստահեցնում են, որ կիբեռանվտանգության կամ տվյալների արտահոսքի դեպքեր չեն արձանագրվել։
«Որպես կանխարգելիչ միջոցառում և միջազգային լավագույն պրակտիկային համապատասխան, ինչպես նաև մեր հաճախորդներին առավել հուսալի, հարմարավետ ու անխափան ծառայություններ մատուցելու նպատակով Արմենիան Քարդ ընկերությունն ընթացիկ տարում ավարտում է տվյալների երկրորդ կենտրոնի լիարժեք գործարկման գործընթացը։ Տվյալների կենտրոնը, որը տեխնիկապես հագեցած է ժամանակակից պահանջներին համապատասխան սարքավորումներով, նախատեսված է ապահովելու երկրի վճարային համակարգերի անխափան և կայուն գործունեությունը։ Ընկերության հիմնական ծառայությունների մի մասը արդեն իսկ տեղափոխվել և ակտիվորեն աշխատում է երկրորդ տվյալների կենտրոնում։ Տեխնիկական հագեցման և ամբողջական կարգաբերման գործընթացը նախատեսվում է ավարտել մինչև 2025 թվականի ավարտը»,- հայտարարում են ArCa-ից։
ArCa վճարային համակարգը կենսական նշանակություն ունի Հայաստանի բանկային համակարգի համար։ Հայաստանում քարտային գործարքների մեծ մասի հիմնական ենթակառուցվածքն է։ ArCa համակարգը ստեղծվել է 2001 թվականին՝ հայկական առևտրային բանկերի և Հայաստանի Կենտրոնական բանկի համագործակցությամբ։
Ըստ«Արմենիա Քարդ»-ի հաղորդած տվյալների՝ այսօր Arca համակարգի միջոցով սպասարկվում են մոտ 60 հազար տնտեսվարող սուբյեկտ, 104 հազար ՊՈՍ տերմինալ, 1.7 մլն Arca քարտապան և 4 մլն քարտ։ Ընկերության կողմից օրական միջինում մշակվում է շուրջ 5 մլն հարցում:
Մեկնաբանել