HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

Տերտերյանը hosq-ում. երրորդ  սիմֆոնիայի 80 երանգները

«Բառից անցնում ենք գույնի, հետո՝ ձայնի։ Ձայնը ձգտում է լռության՝ մեծ ու կոսմիկ լռության»,- իր հարցազրույցներից մեկում ասում էր 20-րդ դարի նորարար կոմպոզիտոր Ավետ Տերտերյանը։

Հուլիսի 22-ից օգոստոսի 3-ը Երևանում գործում էր hosq մշակութային-կրթական հիմնադրամի Notation արտ-լաբորատորիան՝ աշխարհի տարբեր երկրների արտիստների մասնակցությամբ։

Լաբորատորիայի ընթացքում ընդհանուր մոտ 80 մասնակցի, արտիստների գլխավոր նյութը Տերտերյանի երաժշտությունն էր՝ երրորդ սիմֆոնիան։ Նպատակն էր ստեղծել գործեր, որոնք կբացեն նոր հեռանկարներ ինչպես երաժշտության, այնպես էլ միջառարկայական արվեստի համար։ Մասնակիցները փորձարկում էին ձայնի, տեսողական արվեստի և տեխնոլոգիայի հատման կետը՝ ստեղծելով գեղարվեստական արտահայտման նոր ձևեր։

«Հոսք»-ի եզրափակիչ միջոցառումը՝ Notations Festival-ը, կայացավ օգոստոսի 2-ին ու 3-ին, Աբովյան փողոցի Պետական ֆիլհարմոնիայի շենքում։ Երկու շաբաթ շարունակ այստեղ աշխատած մոտ 80 արվեստագետներ, կուրատորներ, տեխնիկական ու կազմակերպչական թիմեր ներկայացրին իրենց աշխատանքները՝ միավորված Ավետ Տերտերյանի 3-րդ սիմֆոնիայի շուրջ։ 

«Ավետ Տերտերյանի երաժշտության մեջ կա այն միջդիսցիպլինարը, որ մեր ծրագրի գլխավոր գաղափարն էր: Նրա սիմֆոնիան այսօր էլ ժամանակակից է և տեղին: Տերտերյանի ոչ միայն երաժշտությունն է ոգեշնչել արտիստներին, այլև գաղափարները, բառերը, մտքերը: Երրորդ սիմֆոնիան կոմպոզիտորը գրել է եղբոր հիշատակին։ Կային արտիստներ, որ այս թեմայի շուրջ էին ծավալվել, մյուսը վերցրել էր Տերտերյանի հարցազրույցից ինչ-որ ֆրազ, մեկը ընտրել էր Տերտերյանի լռությունը, արտիստներն ամբողջովին ազատ էին»,- պատմեց hosq-ի թիմից Շողակաթ Մլքե-Գալստյանը։

Արտլաբորատորիայի ընթացքում սիմֆոնիայի ոգեշնչմամբ ստեղծվել էին բազմաթիվ աուդիովիզուալ ինստալյացիաներ ու պերֆորմանսներ։ Արթուր Աթայանի խոսքերով՝ մեծ ու փոքր նվագախմբերը ջազ, ավանդական նվագարանների, դասական ու էլեկտրոնային երաժշտության տեսանկյունից «քանդել-հավաքել» են Տերտերյանի պարտիտուրը։ Երաժշտական մասով կազմակերպիչներն էին Վարդան Հարությունյանն ու Արամ Հովհաննիսյանը, Հայկ Կարոյին ու Շահենը, Արման Պեշտմալջյանն ու Տիգրան Սուչյանը։

«Այս ծրագրի միջոցով ցանկանում ենք ստեղծել մի տարածք, որտեղ հայկական երաժշտական ժառանգությունը կդառնա կենդանի, զարգացող լեզու։ Այն միտված է տարբեր մասնագիտությունների և սերունդների արվեստագետներին միավորելուն՝ նոր գաղափարներ արթնացնելու, ավանդական սահմաններին մարտահրավեր նետելու և երաժշտության ու արվեստի ապագան անցյալի հետ երկխոսության մեջ պատկերացնելու համար»,- այսպես է ներկայացնում ծրագրի նպատակը լաբորատորիայի ղեկավար և hosq-ի կրթական ուղղվածության ղեկավար Անդրիեշ Գանդրաբուրը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter