
2025-ի առաջին կիսամյակում «Շիրակ» օդանավակայանը սպասարկել է 69 հազ. ուղեւորի
Հայաստանի երկրորդ միջազգային օդանավակայանը՝ Գյումրու «Շիրակը», 2025 թ. առաջին կիսամյակում սպասարկել է շուրջ 69 հազար ուղեւորի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քաղավիացիայի կոմիտեի հրապարակած տվյալներից:
Նկատենք, որ սա 2019-ից ի վեր Գյումրու օդանավակայանի լավագույն ցուցանիշն է առաջին կիսամյակի համար, սակայն դեռեւս անգերազանցելի է մնում 2018 թվականը, երբ ոչ միայն առաջին 6 ամիսների, այլեւ ամբողջ տարվա կտրվածքով «Շիրակը» ռեկորդային ցուցանիշ ունեցավ. 76 հազ.՝ առաջին կիսամյակում, շուրջ 166 հազ. ամբողջ տարվա ընթացքում:
Նախկինում առիթներ ունեցել ենք գրելու, որ եթե «Զվարթնոցի» պարագայում տարիների ընթացքում ձեւավորվել է ավանդական կոր (օրինակ՝ փետրվարը ամենապասիվ ամիսն է, իսկ ամառային զբոսաշրջային սեզոնին թվերը կտրուկ աճում են եւ գագաթնակետին հասնում օգոստոսին, որից հետո մինչեւ դեկտեմբեր անկում է լինում), ապա «Շիրակի» պարագայում չկա ձեւավորված ավանդական պատկեր:
Ինչպես տեսնում ենք ստորեւ, հունվարից հետո փետրվարին որոշ անկում է եղել, իսկ ապրիլ-հունիսին ամսական ցուցանիշը գերազանցել է 13 հազարը՝ հունիսին հասնելով 13.566-ի: Ամեն դեպքում, այս ամսական թվերը, ինչպես երեւում է գրաֆիկում, հեռու են «Շիրակի» համար լավագույնը լինելուց:
Հաշվի առնելով, որ զբոսաշրջային սեզոնը մեծամասամբ դեռ առջեւում է, կարելի է ակնկալել, որ «Շիրակում» ցուցանիշները դեռ կաճեն, բայց չի կարելի պնդել, որ կհաջողվի հասնել 2018-ի թվերին:
Լուսանկարը՝ «Շիրակ» օդանավակայանի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել