HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դատախազությունը պահանջում է Մայր Աթոռին նվիրած տարածքները վերադարձնել ՊՆ-ին

Գլխավոր դատախազությունը ցանկանում է անվավեր ճանաչել Պաշտպանության նախարարության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջև կնքված նվիրատվության պայմանագիրը: Նախարարությունը Եկեղեցուն  շենք-շինություններ և հողատարածք էր նվիրել:

Դատախազությունը գործարքն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին Պաշտպանության նախարարության և Եկեղեցու դեմ ներկայացված հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարան ներկայացրել է 2025թ. հուլիսի 30-ին և դեռ վարույթ ընդունված չէ: 

Գլխավոր դատախազությունից «Հետքին» պարզաբանեցին, որ պետական շահերի պաշտպանության լիազորությունների շրջանակներում ուսումնասիրվել է Կառավարության 2018թ. մարտի 29-ի «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն» գույք նվիրելու մասին որոշումը:

Նշված որոշման հիման վրա` 2019թ. օգոստոսի 30-ին Պաշտպանության նախարարության և Եկեղեցու միջև կնքվել է անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր: Նախարարությանը տրամադրված, պետական սեփականություն հանդիսացող ընդհանուր 9427.3քմ մակերեսով շենք-շինությունները և 8,9 հա մակերեսով հատուկ նշանակության հողամասն անհատույց օտարվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն:

«Վերաբերելի օրենսդրական ակտերի, ՀՀ կառավարության 2018թ. մարտի 29-ի թիվ 336-Ա որոշման և անշարժ գույքի նվիրատվության պայմանագրի ուսումնասիրությամբ պարզվել է, որ տվյալ պայմանագիրը կնքվել է օրենսդրության պահանջների խախտմամբ: Ուստի Դատախազության կողմից ներկայացվել են գործարքն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներ»,-հայտնում են Գլխավոր դատախազությունից:

Նշենք, որ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունը 2018թ. մարտի 29-ին որոշել էր Պաշտպանության նախարարությանն ամրացված՝ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող՝ 10518.2 քառ. մետր մակերեսով, 518 հազ. 221 դրամ հաշվեկշռային արժեքով շենք-շինությունները հետ վերցնել և նվիրել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն: 

Տավուշի մարզպետն էլ Գետահովիտ համայնքի ղեկավարի միջոցով պետք է իրականացներ նշված գույքով զբաղեցված և սպասարկման ու օգտագործման համար անհրաժեշտ` պետական սեփականություն հանդիսացող հատուկ նշանակության 8.9 հա հողամասի նպատակային նշանակության փոփոխության գործընթացը: 

Հիշեցնենք, որ 2025թ. փետրվարի 13-ին էլ Ապարան համայնքի ավագանին է հայցադիմում ներկայացրել  Վարչական դատարան՝ ընդդեմ համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանի: Պահանջում են անվավեր ճանաչել համայնքի տարածքում ինքնակամ կառուցված եկեղեցիները համայնքային սեփականություն ճանաչելու, նվիրատվության պայմանագրով եկեղեցուն հանձնելու որոշումներն ու սեփականության իրավունքի գրանցումները: Համայնքի ղեկավարի որոշումը վարչական դատարանում վիճարկում է նաև Գլխավոր դատախազությունը:

Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը 2019թ. 3 որոշում է կայացրել, որոնց համաձայն համայնքի Եղիպատրուշ և Երնջատափ գուղերում ինքնակամ կառուցված եկեղեցիները ճանաչվել են համայնքի սեփականությունը: Դրանից հետո եկեղեցիներն իրենց սպասարկման տարածքներով, նվիրատվության պայմանագրերով փոխանցվել են Հայ առաքելական եկեղեցուն:

Գլխավոր դատախազությունը վարչական դատարան հայցադիմում ներկայացրել է համայնքի ղեկավարի միայն մեկ որոշման վերաբերյալ: Մասնավորապես՝ 2024թ. փետրվարի 7-ին դիմելով դատարան` Դատախազությունը պահանջել է անվավեր ճանաչել Եղիպատրուշ գյուղի եկեղեցին համայնքային սեփականություն ճանաչելու որոշումը, դրանից բխող սեփականության իրավունքի գրանցումը, ինչպես նաև գույքը եկեղեցուն նվիրատվության կարգով Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն փոխանցելու և վերջինիս սեփականությունը գրանցելը:

Գլխավոր դատախազությունից «Հետքին» հայտնել էին, որ հայցադիմումը ներկայացվել է պետական շահերի պաշտպանության տեսանկյունից։ Մասնավորապես՝ եկեղեցիները պատմամշակութային օբյեկտներ են, հետևաբար օտարման ենթակա չեն, մինչդեռ համայնքի ղեկավարը համապատասխան որոշմամբ և նվիրատվության պայմանագրով փոխանցել է Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter