HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արեն Նազարյան

«Ջրվեժ» անտառպարկում կառուցվող զբոսայգու 0․5 հեկտարը ավտոկայանատեղի կդառնա

«Ջրվեժ» անտառպարկում հանրային նոր այգի է կառուցվում, և պատասխանատուները խոստանում են տարածքը դարձնել ավելի հարմարավետ և գրավիչ՝ այցելուների համար։ Նախագիծը իրականացնում է «Ռենդերֆորեսթ» ՍՊԸ-ն և ներառում է մոտ 120 մլն դրամի ներդրում։ Նախատեսվում է նաև կառուցել վճարովի ավտոկայանատեղի՝ 197 մեքենայի համար, որի մեծ մասը 25 տարի ժամկետով անվճար կտրամադրվի «Ռենդերֆորեսթ»-ին։

Ի՞նչ են նախատեսում կառուցել

«Ռենդերֆորեսթ» ՍՊԸ-ի  և Շրջակա միջավայրի նախարարության միջև 2024-ի մարտի 14-ին հուշագիր է կնքվել այն մասին, որ ընկերությունը հանրային այգի է հիմնելու «Ջրվեժ» անտառպարկի տարածքում։ Այգին հիմնելու համար նախատեսվել է մոտ 5․5 հեկտար տարածք։ 2024-ի օգոստոսի 28-ին ՇՄ նախարարության ենթակայությամբ գործող «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը դրական եզրակացություն է տվել նախագծին, որից հետո «Ռենդերֆորեսթ»-ի և ՇՄ նախարարության միջև կնքվել է համաձայնագիր։ Այս նախագինծն իրականացնելու համար «Ռենդերֆորեսթ» ընկերությունը մոտ 120 մլն դրամ է ներդնելու։

«Ռենդերֆորեսթ»-ը հիմնադրել է Նարեկ Սաֆարյանը, ընկերության գրասենյակը գտնվում է Woods Center (Վուդս սենթր, «Վուդս» ՍՊԸ) բիզնես կենտրոնում, որը պատկանում է Նարեկ Սաֆարյանին և իր եղբայրներին։ Woods Center բիզնես կենտրոնը առաջարկում է տարատեսակ ծառայություններ՝ միջոցառումերի համար տարածքներ, կրթական լսարաններ, գրասենյակային տարածքներ և այլն։

Այգում նախատեսվում է կառուցել խաղահրապարակ, դիտահարթակ, յոգայի համար նախատեսված տարածք, ավտոկայանատեղի և այլ ենթակառուցվածքներ։ Ըստ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փաստաթղթի՝ մոտ 5․5 հեկտար տարածքի 50%-ը կառուցապատվելու է, բայց չեն կատարվելու բետոնային աշխատանքներ, կառույցները լինելու են փայտյա և մետաղյա կոնստրուկցիաներից։ Այգու համար նախատեսված տեղանքը կիսավայրի անտառպարկ է՝ հիմնականում փշատերև ծառերից և թփերից բաղկացած, լինելու են նաև գերաճած խիտ տարածքներ և սիզամարգեր։ 5․5 հեկտարից 4735 քմ տարածքում նախատեսվում է 197 մեքենայի համար ավտոկայանատեղի կառուցել։ Դա «Ջրվեժ» անտառպարկում երկրորդն է լինելու․ անտառպարկի մուտքի մոտ կա մոտ 8,300 քմ մակերեսով ասֆալտապատ ավտոկայանատեղի:

ՇՄԱԳ փաստաթղթի համաձայն՝ ավտոկայանատեղին կառուցվելու է գեոտեքստիլից, որը կապահովի լրացուցիչ կանաչ տարածք և կմիաձուլվի այգու ընդհանուր տեսքին, կայանատեղիի հարակից հատվածները գազոնապատվելու են։ 

«Նախատեսվող գործունեության իրականացման շրջանակներում կզարգանա զբոսաշրջիկների շարժը դեպի այգի։ Այգու մուտքը լիելու է անվճար, իսկ նախատեսվող ավտոկայանատեղին՝ վճարովի։ Քանի որ շինաշխատանքների ավարտից անմիջապես հետո տարածքը հանձնվելու է «Ջրվեժ» անտառպարկին, ավտոկայանատեղիի գումարը տնօրինելու է անտառպարկը՝ այգու բարեկարգման նպատակով»,- գրված է ՇՄԱԳ փաստաթղթում։

Woods Center-ը գտնվում է նոր կառուցվող հանրային զբոսայգու դիմաց, իսկ նոր կառուցվող ավտոկայանատեղին գտնվում է նախատեսվող այգու սկզբնամասում։ Ավտոկայանատեղին այցելուների համար լինելու է վճարովի, բայց անվճար կլինի  «Ռենդերֆորեսթ» ընկերության համար։ ՇՄ նախարարության և ընկերության միջև կնքված համաձայնագրով սահմանվում է, որ ընկերությունն իրավունք ունի ամսական մինչև 300 մեքենայի ցանկ սահմանել, որոնք կազատվեն կայանատեղիում կայանման վճարներից։ Համաձայնագրով սահմանվում է, որ «Ջրվեժ» անտառպարկում կառուցվող ավտոկայանատեղիում այդ 300 մեքենայից 150-ը երկուշաբթիից ուրբաթ կարող են կայանել անվճար, իսկ շաբաթ և կիրակի օրերին՝ մինչև 100 մեքենա։ Ստացվում է՝ ավտոկայանատեղիի մեծ մասը ընկերությունը կարող է անվճար օգտագործել։

Այս համատեքստում ՇՄ նախարարությանը հարցրել էինք, թե ինչպե՞ս է այս հանգամանքը համընկնում «Ջրվեժ» անտառպարկի բարեկարգման նպատակին։ Նախարարությունից պատասխանել են՝ ««Ջրվեժ» անտառպարկի բարեկարգման հիմնական նպատակն է ստեղծել հարմարավետ, հասանելի և էկոլոգիապես մաքուր միջավայր հանրության համար։ Այդ տեսանկյունից, ավտոկայանատեղիի 150 մեքենայի համար նախատեսված հատվածը ընկերության աշխատակիցներին կամ այցելուներին անվճար հատկացնելը կատարվում է ընդհանուր համակարգված ձևով և պահպանվում է այդ հատվածի հավասարաչափ հասանելիությունը բոլոր այցելուների համար, ինչպես նաև Ընկերության ներգրավվածությունը նպաստում է նաև ընդհանուր տարածքի բարելավմանը»։

Նախարարությունից նշում են՝ 150 կայանատեղի ընկերության կողմից զբաղեցումը և անվճար օգտագործումը համընկնում է բարեկարգման նպատակին, քանի որ նպաստում է պարկի սպասարկման, տեխնիկական աջակցության կամ այլ գործընկերային պարտավորությունների կատարմանը, որոնք ուղղված են անտառպարկի բարեկարգման աշխատանքներին։ Ըստ էության, նախարարության այս պատասխանը նշանակում է՝ ընկերությունը անում է որոշակի աշխատանքներ, ստանում է անվճար կայանատեղի։

Ըստ նախարարության՝ անվճար կայանելու համար ավտոմեքենաների քանակը նախատեսվածից պակաս լինելու պարագայում, ազատ տեղերն օգտագործվելու են ընկերության ներկայացրած ցանկում չընդգրկված մյուս ավտոմեքենաների համար՝ վճարովի պայմաններով։ Այլ կերպ ասած՝ եթե ընկերության աշխատակիցները և այցելուները չկայանեն, ապա այդ ազատ կայանատեղերը կարող են օգտագործել անտառպարկի այցելուները՝ վճարովի պայմաններով։ Համաձայնագրում նշվում է՝ այն գործում է 25 տարի ժամկետով և կարող է երկարաձգվել կողմերի փոխադարձ գրավոր համաձայնությամբ։ 

Մենք նաև հարցրել էինք նախարարությանը՝ որն է անտառպարկի բուսական տարածքի հաշվին երկրորդ ավտոկայանատեղին կառուցելու նպատակը, եթե անտառպարկում առկա է մոտ 8,300 քմ մակերեսով ավտոկայանատեղի։ Նախարարությունից պատասխանել են՝ «Թեև «Ջրվեժ» անտառպարկում առկա ավտոկայանատեղին բավականին հեռու է «Woods Center» բիզնես կենտրոնից (մոտ 2,5-3 կմ), բայց այն նախատեսված է ինչպես հիմնվող այգու այցելուների, այնպես էլ բիզնես կենտրոնի աշխատակիցների և այցելուների համար»։

«Woods Center» բիզնես կենտրոնի և անտառպարկի տարածքում գտնվող ավտոկայանատեղիի հեռավորությունը 1․4 կմ է: Այգին պետք է պատրաստ լիներ այս տարվա մայիսի 31-ին, բայց, համաձայնագրի փոփոխությամբ, շինաշխատանքների ժամկետը երկարաձգվել է մինչև դեկտեմբերի 31-ը։ Այս պահին դեռևս իրականացվում են տարածքի մաքրման և հողային աշխատանքներ։ Նախագծի համաձայն՝ ավտոկայանատեղիի և ճեմուղիների համար նախատեսված տարածքից 3-4 հատ եղևնազգի ծառատեսակներ վերատնկվելու են նախօրոք մշակված տարածքում՝ «Ջրվեժ» անտառպարկի վերահսկողության ներքո։

Նարեկ Սաֆարյանը կարծում է՝ ավտոկայանատեղին շահույթ կբերի անտառպարկին

Մենք զրուցեցինք «Ռենդերֆորեսթ» ՍՊ ընկերության սեփականատեր Նարեկ Սաֆարյանի հետ։ Մեր հարցին՝ արդյոք կարիք կար երկրորդ ավտոկայանատեղին կառուցել, երբ անտառպարկն արդեն ունի մեծ ավտոկայանատեղի, «Ռենդերֆորեսթ» ՍՊ ընկերության սեփականատեր Նարեկ Սաֆարյանը պատասխանեց, որ այն հեռու է կառուցվող այգուց և որ նախագիծը փոխադարձ շահերի հիման վրա է։ Նա հավելեց․ «Մենք բարեկարգում ենք այս հանրային զբոսայգին, մեր ուսանողները և աշխատակիցները ստանում են հասանելիություն դեպի հանրային զբոսայգի, դրա դիմաց (բարեկարգման, խմբ․) ստանում ենք նաև ավտոկայանատեղի»:

Նարեկ Սաֆարյանը նշեց, որ իրենք անտառպարկին տրամադրել են բարեկարգման համար նախատեսված ամբողջ ծրագիրը, և եթե անտառպարկը կարողանա ներդրումներ գտնել, կկարողանա պարկի ներսում շարունակել կառուցել զբոսուղիներ, որը իրականացվելու է նոր կառուցվող այգում։ Նա նշեց նաև՝ երկու մուտք ունենալը արտասահմանյան երկրների պարկերի համար ընդունելի մոտեցում է։

«Դենդրոպարկը իրենց միակ եկամտաբեր կառույցն է, մյուսներից շատ քիչ մուտքեր կան, սա պարկի համար իդեալական հնարավորություն էր ունենալ բարեկարգված հատված, որը կներգրավեր նոր այցելուներ, որոնք կվճարեին։ Հանգստյան օրերին մենք չենք աշխատում, և ամբողջ ավտոկայանատեղին դատարկ է լինում, իսկ անատառպարկի այցելուները, հիմնականում, հանգստյան օրերին են լինում։ Իրենք հաշվարկ արեցին, որ հանգստյան օրերին հսկայական գումար է գալու, որը թույլ կտա անտառպարկի աշխատակազմը մեծացնել, պարկի զարգացման հեռանկարներ ապահովել»,- ասաց Նարեկ Սաֆարյանը։

Լավ է, որ անտառպարկը բարեկարգվում է, բայց ավտոկայանատեղիի 4,500 քմ տարածք զբաղեցնելը սահմանափակում է անտառածածկ հատվածի հետագա ընդլայնումը, և արդյո՞ք հնարավոր չէր լինի, ավտոկայանատեղին ավելի փոքր կառուցել՝ հնարավորինս քիչ վնաս հասցնելով բնությանը։ Այս դիտարկման առնչությամբ Նարեկ Սաֆարյանը հայտնեց․ «Բայց պատկերացրեք դիտակետեր, աուդիտորիումներ՝ երկրորդ փուլով․ մենք պլանավորում ենք ընդլայնել։ Զբաղվելիք շատ կա, այգին չի կարող այդքան քիչ մարդ ներգրավել»։

Նա կայանատեղիի մասով նաև նշեց՝ հանգստյան օրերին շատ մարդ կգա, արդյո՞ք անտառպարկին ձեռնտու չէ, որ այդքան գումար վերցնի։ Մեր հարցին՝ ընկերությանը թույլատրվում է շաբաթ, կիրակի օրերին մինչև 100 մեքենայի անվճար կայանում, և որ Woods Center-ում անցկացվող միջոցառումների հյուրերը կկայանեն, Նարեկ Սաֆարյանը ասաց, որ այն նախատեսված չէ միջոցառումների հյուրերի համար, այլ աշխատակիցների։

Նարեկ Սաֆարյանի խոսքով՝ եթե իրենց հետաքրքրեր միայն ավտոկայանատեղին, ապա այն կկառուցեին այլ հատվածում։ Woods Center-ից 180 մետր վերև 4,500 քմ տարածք ունեն, որը, ըստ Կադաստրի կոմիտեի, գյուղատնտեսական նշանակության է։ Այդ տարածքը գնել են 2024-ի փետրվարին և, ըստ Նարեկ Սաֆարյանի, այդ տարածքի համար վճարել են մոտ 210 հազար դոլար։ Մեր այն դիտարկմանը, որ շահավետ չէր լինի այդ տարածքը պարզապես ասֆալտապատել և որպես ավտոկայանատեղի օգտագործել, Նարեկ Սաֆարյանն ասաց, որ կարող էին շենք կառուցել՝ ստորգետնյա ավտոկայանատեղիով, կամ կարող էին մոտակայքում այլ տարածք գնել և այդտեղ կառուցել ավտոկայանատեղին։

Այգու կառուցման աշխատանքները սկսել են, արդեն մաքրվել է ավտոկայանատեղիի համար նախատեսված տարածքը։ Նախարարությունում կարծում են, որ այն մարդկանց նոր հոսքեր կներգրավի տարածք, իսկ կառուցապատողը խոստովանում է, որ դա բարեգործություն չէ, և երկու կողմն էլ որոշակի շահ ունի գործարքից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter