HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուժի մեջ են մտնում սպառողների շահերի և մրցակցության պաշտպանության օրենսդրական բարեփոխումները

Այսօրվանից՝ օգոստոսի 1-ից, ուժի մեջ են մտնում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքով և հարակից օրենքներով սպառողների շահերը խախտող գործելակերպի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները: 

2025 թվականի հուլիսի 3-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել էր «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի և հարակից օրենքների փոփոխությունների փաթեթը, որը համատեղ մշակել էին Էկոնոմիկայի նախարարությունը և Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։ 

Այս օրենսդրական փոփոխություններն ուղղված են Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (CEPA) Հայաստանի ստանձնած պարտավորությունների մի մասի կատարմանը։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ հանրային քննարկումներ էր կազմակերպել հուլիսի 15-ին և 29-ին: 

Նախագծով փոփոխվել են «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» և «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքները: 

Փոփոխությունները վերաբերում են սպառողների իրավունքներին ու շահերի պաշտպանությանը: Առաջնային տեղում են սպառողի ազատ ընտրության իրավունքը, ապրանքի մասին սպառողի տեղեկացված լինելու երաշխիքները: 

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում սպառողների շահերը խախտող գործելակերպը սահմանվում է որպես իրավախախտման տեսակ: Գործող օրենքում կա հասարակության մոլորեցման իրավախախտումը՝ որպես անբարեխիղճ մրցակցության դրսևորում, որն ուղղված է նաև սպառողների շահերի պաշտպանությանը: Սակայն փոփոխություններով իրավախախտման առաջնային օբյեկտ է դիտարկվելու սպառողների շահերի պաշտպանությունը: 

Սպառողների շահերը խախտող գործելակերպի դրսևորումներ են համարվելու. 

  • «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքով նախատեսված անարդար առևտրային գործելակերպը,
  • օրենքին հակասող, այդ թվում` անբարեխիղճ կամ հակաօրինական կամ հավաստիության կամ պատշաճության խախտմամբ իրականացվող գովազդը,
  • սպառողների հետ կնքվող պայմանագրերին կամ պայմանագրի ընդհանուր պայմաններին ներկայացվող պահանջների խախտումը,
  • ապրանքի որակին, քանակին և այլ բնութագրերին ներկայացվող պահանջների խախտումը,
  • «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով սահմանված՝ ապրանքի գնի ներկայացման կանոնների խախտումը:

Առևտրային գործելակերպը համարվում է անարդար, եթե այն հակասում է բարեխղճության, ազնվության, արդարության, ճշմարտության կամ անաչառության սկզբունքներին: Նմանատիպ գործելակերպի դրսևորում է համարվում մոլորեցնող և ագրեսիվ առևտրային գործելակերպը: Օրինակ՝ թյուր տպավորություն ստեղծելը, որ ապրանքը հասանելի է լինելու խիստ սահմանափակ ժամանակահատվածով, հայտարարելը, թե տնտեսավարող սուբյեկտը պատրաստվում է դադարեցնել ձեռնարկատիրական գործունեությունը կամ տեղափոխվելու է այլ տարածք, երբ իրականում այդպես չէ, էլեկտրոնային առևտրային հարթակում տնտեսավարող սուբյեկտի կամ իր օգտին այլ անձանց կողմից ապրանքների իրացման խթանման նպատակով կեղծ գնահատականներ ստեղծելը կամ այլ ապակողմնորոշիչ միջոցառումներ իրականացնելը, այդ թվում՝ դիտումների կեղծ քանակ ներկայացնելը և այլն: 

Ագրեսիվ առևտրային գործելակերպի ձև է համարվում սպառողի տուն անհատական այցելություններ կատարելը՝ հաշվի չառնելով դրա հետ կապված սպառողի անհամաձայնությունը, կամ հեռախոսով, էլեկտրոնային փոստով կամ հաղորդակցության այլ միջոցներով ապրանքի ձեռքբերմանն ուղղված շարունակական և անցանկալի առաջարկներ անելը, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք պայմանավորված են պայմանագրային պարտավորությունների կատարման անհրաժեշտությամբ, գովազդում երեխային ուղղված ուղղակի կոչը գովազդվող ապրանքի գնման կամ ծնողին կամ այլ չափահասին գնել համոզելու վերաբերյալ, տնտեսվարող սուբյեկտի կողմից չպահանջված ապրանք (աշխատանք, ծառայություն) մատակարարելը սպառողին և դրա դիմաց անմիջապես կամ հետաձգված վճարում կամ դրա վերադարձ պահանջելը: 

Սահմանվում են ապրանքի գնի ներկայացման հավելյալ պահանջներ: Այսուհետ առևտրային ցանցերը պետք է ներկայացնեն ապրանքի անվանումը, ապրանքի միավորի գինը, ապրանքի վաճառքի գինը: 

Հաճախ են դեպքերը, երբ խանութում ապրանքի համար վճարելու պահին պարզվում է, որ ներկայացվածը ոչ թե 1 կիլոգրամի գինն է, այլ՝ 100 գրամի: Սպառողը կամ ստիպված վճարում է, կամ վերադարձնում է ապրանքը: Օրենսդրական փոփոխությունների արդյունքում առևտրային ցանցերը պարտավոր կլինեն ներկայացնել միավոր գինը՝ վաճառքի գնի հետ միասին: 

Սակայն վաճառքի գինը նշելու պահանջը չի տարածվում չկշռափաթեթավորված ապրանքների վրա: Այդ ապրանքների համար նշվում է միայն միավոր գինը՝ X դրամ/1կգ: Իսկ միավոր գինը նշելու պահանջը չի տարածվում այն ապրանքների վրա, որոնց վաճառքի գինը համընկնում է միավոր գնի հետ (փափուկ խաղալիք, գլխարկ, հեռախոս, և այլն), արտադրական փաթեթավորմամբ ապրանք, որի ծավալը չի գերազանցում 50 միլիլիտրը, կամ քաշը՝ 50 գրամը, տարբեր ապրանքներից կազմված հավաքածու, եթե հավաքածուում ներառված յուրաքանչյուր ապրանքի արժեքային մասնաբաժինը չի գերազանցում հավաքածուի ընդհանուր գնի 90 տոկոսը։

Եթե ապրանքը վաճառվում է սպառողական նպատակային նշանակությունից դուրս հեղուկի հետ միասին, ապա ապրանքի միավոր գինը հաշվարկվում է ըստ դրա հեղուկազրկված զուտ քաշի, ինչպես՝ մարինացված շամպինիոնը, պահածոյացված ձիթապտուղը և այլն: Եթե ապրանքի իրացումը ենթադրում է լրացուցիչ ծառայությունների մատուցում, ինչպես՝ առաքում, տեղադրում և այլն, գնապիտակի վրա առանձին պետք է ներկայացված լինեն այդ ծառայությունների գումարները: 

Օրենսդրական այս փոփոխությունների փաթեթով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վերանվանվում է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով: Հանձնաժողովը, սակայն, զբաղվելու է ոչ թե անհատական վեճերի լուծմամբ, այլ այն վեճերի քննարկմամբ ու լուծմամբ, որոնք կառնչվեն անորոշ թվով սպառողների շահերին կամ սպառողների առանձին խմբի շահերին:  

Սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտման համար Հանձնաժողովն իրավասու է`

տնտեսվարող սուբյեկտներին, պետական մարմիններին և դրանց պաշտոնատար անձանց

նախազգուշացում տալ կամ նշանակել տուգանք՝ տնտեսավարող սուբյեկտի՝ տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև 5 տոկոսի չափով:

Օրենսդրական փոփոխությունների փաթեթներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքը, «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքը և «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter