
Կառավարությունը հաստատել է ՀՀ արտահանման խթանման 2025-2030 թթ. ռազմավարական ծրագիրը
Այսօր տեղի է ունեցել Կառավարության հերթական նիստը, որը վարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության արտահանման խթանման 2025-2030 թթ. ռազմավարական ծրագիրը և դրա կատարումն ապահովող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին որոշումը: Ինչպես նշել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, որոշումն ունենալու է առանցքային նշանակություն երկրի տնտեսական զարգացման երկարաժամկետ տեսլականի իրագործման համար: Ըստ նախարարի՝ ռազմավարությամբ քայլեր է ձեռնարկվում կայուն աճ ապահովող արտահանման կառուցվածք ձևավորելու համար, որն հիմնված կլինի բարձր ավելացված արժեքի, տեխնոլոգիական առաջընթացի, որակի և ապրանքների և ծառայությունների մրցունակության բարձրացման վրա:
Գևորգ Պապոյանը նշել է, որ վերջին տարիներին արձանագրվել է արտահանման զգալի աճ, որը, սակայն, հիմնականում պայմանավորված է արտաքին, հաճախ նաև ժամանակավոր գործոններով և չի արտացոլում մեր տնտեսության արտահանման ամբողջական ներուժը: Միաժամանակ, արտահանման շուկաների կենտրոնացվածության բարձր աստիճանը շարունակում է մնալ էական մարտահրավեր մեր տնտեսության համար՝ սահմանափակելով մեր հնարավորությունները համաշխարհային շուկաներում դիրքավորվելու առումով: «Ռազմավարությունը պատասխանում է նաև այդ հիմնախնդիրներին, որոնց բախվում են մեր տեղական արտադրողները արտահանման շղթայի տարբեր փուլերում՝ սկսած շուկայի հասանելիությունից մինչև որակի ենթակառուցվածքների հաճախ ոչ բավարար կամ անբավարար լինելը: Մեր նպատակն է ձևավորել քաղաքականություն, որը կստեղծի կանխատեսելի և աջակցող միջավայր արտահանման գործընթացների անխոչընդոտ և մեծ ծավալներով կազմակերպման համար»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ ռազմավարության հիմքում ընկած է համապարփակ վերլուծական աշխատանք:
Ռազմավարությունը բաղկացած է 5 ռազմավարական հենասյուներից և դրանց իրականացմանն ուղղված 50-ից ավելի միջոցառումներից: Ռազմավարական նպատակներ են՝ արտահանմանը նպաստող և մրցունակ միջավայրի ապահովում, ենթակառուցվածքների զարգացում և լոգիստիկ հասանելիության ապահովում, արտահանողների և նրանց կարողությունների զարգացում, արտահանման շուկաների ընդլայնում, արտահանման խթանում և ֆինանսավորում: Ռազմավարական նպատակներն ապահովող միջոցառումներն իրենց հերթին բաժանվում են երկու խմբի՝ ընդհանուր և ապրանքային միտվածության: Ըստ Գևորգ Պապոյանի՝ ընդհանուր միջոցառումները վերաբերում են բոլոր ապրանք և ծառայություններ արտահանողներին, իսկ ապրանքային միտվածության միջոցառումները՝ համապարփակ և բազմաշերտ հետազոտության արդյունքում ընտրված ուղենշային 25 ապրանքային խմբերի արտահանմանը:
Նախարարի խոսքով՝ ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է ունենալ տեղական արտահանման աճ մոտ 1.7 անգամ. թվային, դոլարային արտահայտմամբ՝ 16.9 մլրդ ամերիկյան դոլար, որտեղ ծառայությունների արտահանումը կանխատեսվում է հասցնել 10.3-ի, իսկ ապրանքների և տեղական արտահանումը՝ տարեկան 6.6 միլիարդի: Ծրագրի իրականացման համար նախատեսվում է ծախսել շուրջ 98 մլրդ ՀՀ դրամ կամ այսօրվա փոխարժեքով՝ ավելի քան 250 մլն ԱՄՆ դոլար: «Համոզված ենք, որ ռազմավարության իրականացումն էապես կխթանի արտահանման կայուն զարգացումը, կնպաստի տնտեսության արտադրողականության բարձրացմանը, կստեղծի նոր աշխատատեղեր, կդարձնի ՀՀ-ն ավելի հուսալի և մրցունակ գործընկեր միջազգային շուկաներում»,- ասել է Էկոնոմիկայի նախարարը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է ընդունված որոշումը և այդ համատեքստում ընդգծել գործարար համայնքի հետ համագործակցության անհրաժեշտությունը՝ ռազմավարությամբ սահմանված թիրախներին հասնելու համար:
Մեկնաբանել