
2020թ. զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 7 անձի վերաբերյալ վարույթի նախաքննությունն ավարտվել է
Հայաստանի Քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում կազմակերպված զանգվածային անկարգությունների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ զանգվածային անկարգությունների ժամանակ դրա մասնակիցների կողմից ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում գտնվող աշխատասենյակներից և շինություններից, ինչպես նաև ՀՀ վարչապետին հատկացված ծառայողական առանձնատնից բացահայտ հափշտակվել են առանձնապես խոշոր չափերով տարատեսակ գույք, ոսկյա զարդեր, այդ թվում՝ դրամական միջոցներ, ինչպես նաև անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով հափշտակվել են կարևոր և պաշտոնական այլ փաստաթղթեր:
Ըստ ՔԿ հաղորդագրության, քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ հանցանքներ կատարած անձանց ինքնությունները պարզելու ուղղությամբ վարույթն իրականացնող քննիչի կողմից 2025 թվականի հունիս-հուլիս ամիսների ընթացքում կատարված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է ՀՀ կառավարության շենքում գույքի վնասմամբ զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 7 անձի ինքնությունը:
«Ա.Կ.-ի, Հ.Թ.-ի, Հ.Ս.-ի, Վ.Ե.-ի, Վ.Գ.-ի և Յ.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններին մասնակցելը), իսկ Կ.Վ.-ի նկատմամբ՝ 253-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (կողոպուտը) և 327-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններին մասնակցելը):
Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը:
7 անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ:
Մեկնաբանել