
Հայ հրաձիգները Եվրոպայի առաջնությունում 6 ոսկե, 7 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել
Հայաստանի հրաձգության հավաքականը ավարտեց մրցելույթը Ֆրանսիայի Շատորու քաղաքում անցկացվող վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում։
Մեր թիմը նվաճեց 6 ոսկե, 7 արծաթե և 4 բրոնզե մեդալ։ Այս մասին հաղորդում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան:
«Մեծահասակների պայքարում ունեցանք Եվրոպայի 2 չեմպիոն՝ Գոռ Խաչատրյանը՝ 10 մ, իսկ Հովհաննես Մարգարյանը՝ 50 մ մրցատարածությունում։ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն դարձան Հայկ Մինասյանն ու Գոհար Հարությունյանը։ Պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնեցին Արուսյակ Գրիգորյանը, Լիլիթ Մկրտչյանը և Հովհաննես Մարգարյան / Արուսյակ Գրիգորյան զույգը։
Հայաստանի մեծահասակների հավաքականը լավագույնն էր նաև թիմային պայքարում։ Մեր տղամարդկանց և կանանց թիմերը երեք անգամ դարձան չեմպիոն, երկու անգամ նվաճեցին արծաթե, մեկ անգամ էլ` բրոնզե մեդալ։
Երիտասարդների պայքարում ԵԱ-ի հաղթող դարձավ Աիդա Ազատյանը։ Մեր մարզուհին արծաթե մեդալ նվաճեց նաև խառը վազք մրցաձևում։ Երիտասարդների հավաքականի նորեկ Լիլիթ Մկրտչյանը նորմալ վազք մրցաձևում նվաճեց արծաթե մեդալ»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Մեկնաբանել