HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահան Կոստանյանը մասնակցել է Պաղեստինի հարցի խաղաղ կարգավորման համաժողովին

Արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ հուլիսի 29-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել և ելույթով է ունեցել Ֆրանսիայի և Սաուդյան Արաբիայի համանախագահությամբ Նյու Յորքում, ՄԱԿ-ի կենտրոնակայանում կազմակերպված Պաղեստինի հարցի խաղաղ կարգավորման և երկու պետություն սկզբունքի իրագործման հարցով միջազգային բարձրաստիճան համաժողովին: 

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր ելույթում նշել է.

«Մեծարգո՛ համանախագահներ,

Ձե՛րդ գերազանցություններ, հարգարժա՛ն պատվիրակներ,

Նախևառաջ կցանկանամ շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի Հանրապետությանը և Սաուդյան Արաբիայի Թագավորությանը՝   երկու պետություն սկզբունքի իրագործմանն ուղղված այս համաժողովի նախաձեռնության  համար  այն ժամանակագատվածում, երբ առավել քան երբևէ անհրաժեշտ է ճանապարհ հարթել՝ Միջին Արևելքում երկարատև խաղաղություն  հաստատելու համար:

Հայաստանը համոզված է, որ միայն երկու անկախ հարևան պետությունների գոյությունն է, որ կարող է երաշխավորել երկարատև կայունություն, անվտանգություն, խաղաղություն և բարօրություն ինչպես Պաղեստինի, այնպես էլ Իսրայելի ժողովուրդների համար, որտեղ բոլորը վայելում են խաղաղ համակեցության բարիքները։ Առաջնորդվելով այս գաղափարով և լինելով երկու պետություն սկզբունքի հետևողական աջակից՝ Հայաստանը 2024 թվականի հունիսին ճանաչել է Պաղեստինի Պետությունը, իսկ այնուհետև՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակում, դիվանագիտական հարաբերություններ հաստատել նրա հետ։

Այս համատեքստում Հայաստանը ողջունում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Պաղեստինի Պետության ճանաչման և Միացյալ Թագավորության՝ այն ճանաչելու մտադրության վերաբերյալ վերջին հայտարարությունները: Առանձնահատուկ հպարտ ենք, որ Ֆրանսիայի և Պաղեստինի արտաքին գործերի նախարարները հնարավորություն ունեցան հանդիպելու Հայաստանում՝ «Երևանյան երկխոսություն» դիվանագիտական համաժողովի շրջանակում՝ ճանապարհ հարթելով այս պատմական իրադարձության համար:

Հիմնվելով մեր սեփական փորձի վրա՝ Հայաստանը քաջատեղյակ է, թե ինչ է պատերազմական սարսափը։ Չնայած սահմանափակ ռեսուրսներին՝ մենք մշտապես ջանքեր ենք գործադրել Պաղեստինի ժողովրդի կարիքներին աջակցելու հարցում։ Հայաստանի վարչապետի և Եգիպտոսի նախագահի միջև ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա մենք մարդասիրական օգնություն ենք ուղարկել Գազա և մենք սատարում ենք ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության (ՄԱՕԱԳ) գործունեությանը: Օգտվելով ընձեռված հնարավորությունից՝ թույլ տվեք նաև հայտարարել, որ համաձայնության ենք եկել Պաղեստինի հետ, ըստ որի՝ Պաղեստինի վտանգված մշակութային ժառանգությունը ժամանակավորապես կհանգրվանի հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարանում:

Հայաստանը նաև ընդգծում է երկու պետություններում քրիստոնեական համայնքների ապահովության, անվտանգության և ամբողջական իրավունքների պաշտպանության կարևորությունը: Լինելով աշխարհի հնագույն քրիստոնեական ազգերից մեկը՝ մենք հատուկ կարևորություն են տալիս Սուրբ հողում քրիստոնեական ժառանգության պահպանությանը: Հայաստանը լիահույս է, որ Երուսաղեմի սրբավայրերի կառավարման պատմական ստատուս քվոն կպահպանվի և լիովին կհարգվի՝ որպես միջկրոնական համերաշխության և խաղաղ համակեցության անկյունաքար։

Պարո՛ն համանախագահ,

2023 թվականի հոկտեմբերի 7-ի սարսափելի հարձակումից ի վեր, որն ուղեկցվեց աննկարագրելի բռնությամբ, կոտորածներով և պատանդառություններով և որոնք մենք խստագույնս դատապարտում ենք, ականատես ենք լինում տարածաշրջանի վատագույն էսկալյացիային՝ միլիոնավոր անմեղ քաղաքացիական անձնանց՝ կանանց, երեխաների և տարեցների համար ողբերգական հետևանքներով։ Այս բոլոր աղետների լուծումը հստակ է։ Պետք է դադարեցվեն ռազմական գործողությունները, պետք է հրադադար հաստատվի և ամրապնդվի՝ հետագա արյունահեղությունը կանխելու համար, պետք է անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակվեն բոլոր պահվող անձինք և գերիները՝ միաժամանակ ապահովելով հումանիտար օգնության անխոչընդոտ հոսքը։ Ամենակարևորը՝ «երկու պետություն» լուծման սկզբունքի հիման վրա բանակցությունները պետք է դիտարկվեն որպես Միջին Արևելքում երկարատև և արժանապատիվ խաղաղություն հաստատելու միակ և կենսունակ ուղին։

Թույլ տվեք խոսքս ավարտել՝ կրկին շնորհակալություն հայտնելով Ֆրանսիային և Սաուդյան Արաբիային՝ այս կարևոր համաժողովը համանախագահելու համար և,  որպես տարածաշրջանային զարգացումներում կարևոր ներգրավվածություն ունեցող երկիր, վերահաստատելով մեր ամուր աջակցությունը Մերձավոր Արևելքում տևական խաղաղության և բարօրության հաստատմանը:

Շնորհակալություն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter