HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Scopus-ում գրանցված Հայոց ցեղասպանության մասին ամսագիրն ընդլայնելու է Արցախի մասին հրապարակումները

Հունիսի 9-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) տնօրեն Էդիտա Գզոյանը նամակ էր ստացել: Այն այնքան էր ուրախացրել Գզոյանին, որ այդ օրը չէր կարողացել աշխատել: Այդ ոգեւորությունն ու հուզմունքն ունեին նաեւ ինստիտուտի աշխատակիցները: 

Իսկ նամակն այն մասին էր, որ ՀՑԹԻ-ի International Journal of Armenian Genocide Studies ամսագիրն ընդգրկվել է Scopus միջազգային գիտատեղեկատվական շտեմարանում։ Սա ներկայում Scopus-ում ինդեքսավորված հայաստանյան 5 ամսագրերից միակն է, որ հայագիտական է։

Առաջին հայացքից հանրության լայն շրջանակներին այս տեղեկությունը գուցե ոչինչ չի ասում, իսկ տնօրեն Գզոյանի ու նրա աշխատակիցների այդչափ ուրախությունը տարօրինակ է թվում։ Սակայն միջազգային շտեմարանում ընդգրկվելն անչափ կարեւոր առաջխաղացում է հայոց ցեղասպանագիտության միջազգայնացման համար, եւ գիտնականների պայքարի երկու ճակատներից մեկն է։

Հաջողություն տանող ճանապարհը

Scopus-ում ընդգրկվելու ճանապարհը հեշտ չի եղել։ International Journal of Armenian Genocide Studies-ը ՀՑԹԻ-ի երկու ամսագրերից մեկն է եւ հրատարակվում է 2014-ից․ մյուսը Ցեղասպանագիտական հանդեսն է, որը լույս է տեսնում հայերեն: Անգլերեն ամսագիրը սկզբից հրատարակվում էր տարեկան մեկ անգամ։ 2017-2018 թթ․ այն լույս չէր տեսել։ Էդիտա Գզոյանը նշում է, որ երբ 2018 թ․ նշանակվել էր թանգարան-ինստիտուտի գիտության գծով փոխտնօրեն, այն ժամանակվա տնօրեն Հարություն Մարությանին առաջարկել էր փորձել ուժեղացնել ամսագիրը՝ ճանապարհ հարթելով դեպի Scopus եւ Web of Science հարթակներ։ Մարությանը համաձայնել էր՝ ինքն էլ գիտակցելով դրա կարեւորությունը: Scopus-ը նվազագույն պահանջներ էր առաջադրել, որոնց սկսել էին հետեւել։ Նախ՝ ամսագիրը տարեկան երկու անգամ սկսեց հրատարակվել, խմբագրական խորհրդի կազմը փոփոխվեց։ Կարեւոր հանգամանք էր նաեւ այն, որ ամսագրի հեղինակների մոտ 70 տոկոսն օտարերկրացիներ էին, հոդվածները հղումներ ունեին։ Էդիտա Գզոյանն ասում է՝ չնայած գիտեին, որ հայոց ցեղասպանագիտությունը նեղ ոլորտ է, տպագրությունները քիչ են, այնուամենայնիվ, չէին դադարում աշխատել՝ միջազգային գիտական միջավայր դուրս գալու համար։

ՀՑԹԻ-ն ունի Լեմկինի անվան կրթաթոշակ, որը հնարավորություն է տալիս օտարերկրյա գիտնականներին մոտ մեկ ամիս աշխատել այստեղ։ Պայմանն այն է, որ նրանց հետազոտությունը հոդվածի տեսքով պետք է տպագրվի ինստիտուտի ամսագրում։ Այդպես հետաքրքիր ու լավ հոդվածներ էին հավաքվել։ Արդեն իսկ ինդեքսավորված օտարերկրյա ամսագրերը մեծ թվով հղումներ էին անում այդ հոդվածներին։ Սա կարեւոր հանգամանք է միջազգային շտեմարանում ընդգրկվելու համար։

«Քննարկում տեղի ունեցավ, փորձագետներն ասում էին, որ ամսագրի վերնագիրը շատ նեղ ուղղվածություն ունի, որ, Հայոց ցեղասպանության մասին տպագրելով, շանսերը քչացնում ենք, բայց դա այնպիսի հարց էր, որ զիջում չէինք կարող անել։ Ամսագիրը պետք է նվիրված լիներ հայոց ցեղասպանագիտությանը, հատկապես որ Հոլոքոստի հետ կապված տասնյակ ամսագրեր կան»,- նշում է ՀՑԹԻ տնօրենը։ Ամսագրի անունն անփոփոխ էին թողել եւ այդպես էլ ներկայացրել էին՝ դրանով իսկ շեշտելով, որ հայոց ցեղասպանագիտությունն առանձին ուղղություն է։

Ամսագրի համար նաեւ կայք էին ստեղծել ու ներկայացրել գրախոսություններ, ինչից հետո՝ 2024 թ․ նոյեմբերին, դիմել էին Scopus-ին։ Չնայած տեխնիկական փոքր թերություններ կային, հունիսի 9-ին նամակ են ստացել, որ International Journal of Armenian Genocide Studies ամսագիրն ընդգրկվել է Scopus շտեմարանում՝ հաշվի առնելով բարձր կարգի հոդվածների տպագրությունը դրա էջերում։

Ըստ Է. Գզոյանի՝ ՀՑԹԻ-ի քաղաքականությունն էր այն, որ ամսագիրը պետք է բաց հասանելիություն ունենա, անվճար լինի։ Նպատակն էր, որ այն հնարավորինս լայն շրջանակների հասնի։ Ընդ որում՝ ունեցել են նաեւ հատուկ համարներ, ինչը եւս գնահատվել է Scopus-ի կողմից։ 2022 թ․ հատուկ համարը նվիրված էր Արցախին։

«Քանի որ ամսագիրը ցեղասպանագիտական էր, նայում էինք այդ տեսանկյունից, բայց այստեղ հոդվածները մի քիչ լայն էին, ունեինք քաղաքական, իրավական, ազգագրական տեսանկյունից, պատմական, եւ ժամանակաշրջանն էլ բավական լայն էր։ Ինքս հոդված ունեի այդտեղ, որն Արցախի կարգավիճակի մասին էր։ Դրանից հետո որեւէ համար գրեթե չենք ունեցել, որ Արցախի թեմայով տպագրություն չունենանք. մեկ կամ երկու հոդված պարտադիր ունենում ենք, եւ դա քաղաքական ուղղվածություն է, որ ամսագիրն ունի: Ուրախալի է, որ ոչ միայն հայ, այլեւ արտասահմանցի հեղինակներ ունենք, որոնք Արցախի թեմայով տպագրություններ են ունենում։ Այս ուղղությունը պահելու ենք եւ ընդլայնենք»,- ասում է պատմական գիտությունների թեկնածու Էդիտա Գզոյանն ու շարունակում, որ հետաքրքիր կլինեն հոդվածներն, օրինակ, Նախիջեւանում հայկական մշակութային ցեղասպանության, Արցախի բռնի տեղահանության կամ էթնիկ զտման, Սումգայիթի, Բաքվի ջարդերին իրավական գնահատական տալու մասին, այսինքն՝ թեմաներ, որոնք ցեղասպանագիտության ու նաեւ միջազգային քրեական իրավունքի համատեքստում անպայման պետք է տպագրվեն։

«Եթե Հայոց ցեղասպանության մասին հետազոտություններ եւ հրապարակումներ շատ ունենք, որը նաեւ սփյուռքի մեր հայրենակիցների շնորհիվ է, ապա Արցախի հետ կապված հրապարակումների մեծ բաց ունենք: Չնայած սփյուռքի հայրենակիցները եւս սկսել են Արցախի թեմայով հրապարակումներ անել, բացն այնքան շատ է, որ ինչքան էլ տպենք, շատ բան ունենք ասելու»,- նկատում է ՀՑԹԻ տնօրենը։

«Թող օտարները տպվեն մեզ մոտ, մենք էլ փորձենք տպվել օտարների մոտ»

Բացի նրանից, որ հայագիտական ամսագիրն ընդգրկվել է միջազգային շտեմարանում, ըստ «Հետքի» զրուցակցի, կարեւոր հանգամանք է նաեւ այն, որ հայոց ցեղասպանագիտությունն ընդունվել է իբրեւ ցեղասպանագիտության առանձին ճյուղ:

Միաժամանակ ՀՑԹԻ տնօրենը նկատում է, որ հայ գիտնականները պետք է շարունակեն հրատարակվել ցեղասպանագիտական այլ ամսագրերում: «Թող օտարները տպվեն մեզ մոտ, մենք էլ փորձենք տպվել օտարների մոտ»,- նշում է նա ու ավելացնում, որ եւս մի կարեւոր նրբություն կա՝ բառապաշարը, թեմաները, տերմինները, որոնք կարող են տաբու լինել միջազգային գիտական ամսագրերում, International Journal of Armenian Genocide Studies ամսագրում կարող են հանգիստ կիրառվել: Էդիտա Գզոյանը մի օրինակ է բերում, երբ տարիներ առաջ միջազգային մի ամսագրում տպվելու համար հեղինակին ստիպել էին Կոստանդնուպոլիս բառը փոխարինել Ստամբուլով: Թեեւ հակադարձումն այն էր, որ խոսքն անցյալի մասին է, երբ Ստամբուլը Կ. Պոլիս էր, ամսագրի խմբագիրներն անզիջում էին մնացել: Ըստ մեր զրուցակցի՝ միջազգային գիտական ամսագրերը, մասնավորապես, Արեւմտյան Հայաստանի տեղանունները գրում են թուրքական ժամանակակից անուններով, խմբագիրներն էլ առաջնորդվում են ժամանակակից քարտեզներով:

«Ոչ մի լուրջ, նորմալ, հարգված հեղինակավոր ամսագիր չի տպի թուրքական ժխտողական թեզ, դա չէ հարցը, բայց Արցախի հետ կապված կարող են լինել դժվարություններ, քանի որ մենք մինչեւ հիմա չենք ներկայացրել մեր պատմությունը, չենք գրել մեր պատմության մասին եւ ադրբեջանցիների կողմից խեղաթյուրված կարծիք կա, որ տպագրվում է միջազգային հեղինակավոր ամսագրերում։ Այո, դա էլ պայքարի երկրորդ ուղղությունն է»,- ասում է Էդիտա Գզոյանը:

Նշում է, որ իրենք կարեւորում են նաեւ հայերեն տպագրությունները, սակայն ՀՑԹԻ-ի երկու ամսագրերի ընթերցողները տարբեր են: Հայաստանում արվող հետազոտությունները կարեւոր են նաեւ դրսի գործընկերների համար, սակայն խնդիրն այն է, որ նրանք հայերեն չեն կարող կարդալ:

«Մի նրբություն էլ կա: Երբ պայքարում էինք գիտական ասպարեզում Հայոց ցեղասպանության ընդունման համար, հղում էինք անում օտար աղբյուրների, որպեսզի ասվածը ճիշտ թվա: Աշխարհի բոլոր արխիվներին հղում էինք անում՝ բացի մեր արխվից, մինչդեռ այստեղ հսկայական նյութ կա, եւ գլխավոր արխիվներից մեկը մերն է՝ հայկականը, մյուսն օսմանյան արխիվն է: Հիմա չունենք այդ խնդիրը: Օրինակ, ասում էինք՝ եկեք հղում անենք ամերիկյան աղբյուրի, որ չասեն, թե սուբյեկտիվ եք, միակողմանի եք։ Շատ էին խաղում դրա վրա, թե մեր աղբյուրները վստահելի չեն: Բայց հիմա առավելություն ունենք, օգտվում ենք հայկական աղբյուրներից, տպագրվում ենք անգելերեն՝ բարձրացնելով մեր տեսանելիությունը»,- նկատում է գիտնականը՝ կրկին նշելով, որ որպես ցեղասպանագիտական լեզու՝ հայերենը մնում է կարեւոր ու պետք է զարգանա, սակայն ներկա պահին ցեղասպանագետների կռիվն արտաքին ճակատում է, քանի որ ներսում ոչ մեկին ապացուցելու բան չունեն, ոչ ոք չի վիճարկում տեղի ունեցածը:

Էդիտա Գզոյանը հայոց ցեղասպանագիտության միջազգայնացման ուղղությամբ 3 կետ է առանձնացնում: Առաջինն ամսագրի ինդեքսավորումն է, ինչի միջոցով դրա հեղինակների հետազոտությունները դուրս են գալիս միջազգային ասպարեզ ու դառնում Հայոց ցեղասպանության մասին միջազգային գիտելիքի բաղկացուցիչ մաս:

Երկրորդը տպագրություններն են միջազգային ամսագրերում, երբ Հայաստանում արվող ուսումնասիրությունները դառնում են միջազգային՝ կարդացվում եւ հղումներ են ստանում:

Երրորդ ուղղությունը Արցախի մասին հետազոտություններն են: Էդիտա Գզոյանի խոսքով՝ մոտ 30 գիտնական ունեն, 5 գիտական բաժին, այդ թվում՝ Արցախի առանձին բաժին: 2020 թ. պատերազմից հետո նախկին տնօրենի՝ Հարություն Մարությանի օրոք, որոշեցին ունենալ այդ բաժինը, որը պետք է ակտիվ աշխատի միջազգային ամսագրերում տպագրությունների ուղղությամբ: Մարությանն էլ ղեկավարում է այդ բաժինը:

Ինչո՞վ են տարբերվում Թուրքիան ու Ադրբեջանը

Գզոյանը նկատում է, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի պարագաները տարբեր են միջազգային գիտական ասպարեզում։ Թուրքիայի գիտական հանրությունը բավական ակտիվ է երկրի ներսում, 296 գիտական ամսագիր ունեն: «Հետքի» զրուցակիցն ասում է՝ Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրքերեն հոդվածներ իրենց ներքին լսարանի համար շատ են տպվում, սակայն անգլալեզու տպագրությունները շատ չեն: Դրանցից ակնհայտ է, թե որոնք են ուղղորդվում պետության կողմից, որոնք՝ ոչ: Օրինակ, երբ ամսագիրը կամ հեղինակը պետական ուղղորդում չունի, կարող է գրել ցեղասպանության մասին, բայց չօգտագործել «ցեղասպանություն» բառը։

«Այնպես չէ, որ մենք գիտնականներով գրում ենք, որ պայքարենք ժխտողականության դեմ, այդպես չէ, մենք գրում են Հայոց ցեղասպանության մասին, իսկ պայքարը ժխտողականության դեմ ավելի շատ քաղաքական է։ Թուրքերի գրածները լուրջ չեն ընդունում դրսում, ավելի շատ մարգինալ են»,- նշում է ՀՑԹԻ տնօրենը։

Թե արդյոք մի օր Թուրքիան կընդունի Հայոց ցեղասպանությունը, պատմաբանը պատասխանում է, որ դա պետք է գա հասարակության ներսից։ Նկատում է, որ վերջին շրջանում թուրքական հասարակության ազատական մասը «գլխատվել է», ինչի հետեւանքով այժմ այդ հասարակությունն ավելի ճնշված ու վախեցած է ազատ արտահայտելու իր մտքերը Հայոց ցեղասպանության թեմայով։

«Ժամանակակից թուրքական պետությունը ստեղծվել է Հայոց ցեղասպանության ժխտման հողի վրա։ Դա իրենց պետության ստեղծման միֆն է։ Եվ չեմ պատկերացնում, թե ոնց կքանդեն դա։ Ինչպես մեր ինքնությունն է հիմնված Հայոց ցեղասպանության վրա, նրանց ինքնությունն էլ հիմնված է դրա ժխտման վրա։ Եվ այստեղ ինքնությունների պայքար է»,- ասում է Գզոյանը։

Նրա դիտարկմամբ՝ Ադրբեջանի պարագան ավելի մտահոգիչ է, քանի որ վերջինս հաջողություն ունի երկու ճակատում էլ։ «Թուրքիան պարտվեց միջազգային գիտնականներին Հայոց ցեղասպանության հարցով։ Նրա ձայնն ընդունելի չէ միջազգային ոչ մի ցեղասպանագիտական հանդեսում։ Իսկ Ադրբեջանի դեպքում (ենթադրում եմ, որ թուրքերն օգնում են, Ադրբեջանին ճանապարհ են ցույց տալիս) կան լավ ամսագրեր, որտեղ նրանք տպվում են, բայց հիմնականում գրքերի միջոցով են անում, լավ հրատակիչների հետ մի քանի հաստափոր գիրք տպեցին Արցախի մասին՝ առաջ տանելով իրենց թեզերը»,- ասում է մեր զրուցակիցը։

Հայոց ցեղասպանության հիմնահարցերի մասին նոր դասագիրք կլինի

ՀՑԹԻ տնօրենը նշում է, որ 2022 թ․ ստացել են ԿԳՄՍ նախարարության թույլատվությունը հանրակրթական դպրոցներում Հայոց ցեղասպանության հիմնահարցերը որպես առանձին առարկա ընդգրկելու համար։ Այն լինելու է կամընտրական առարկա բարձր դասարանցիների համար։ Մինչ օրս, ըստ Գզոյանի, 2 դպրոց է ընտրել այս առարկան, որոնցից մեկը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի դպրոցն է։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի փոխանցմամբ՝ որոշել են հեշտացնել ուսուցիչների եւ աշակերտների կյանքը՝ ստեղծելով դասագիրք։ Դասերը ոչ ստանդարտ են լինելու․ դասագիրքը մի քանի էջ պատմություն է ներառելու, ապա լինելու են Ցեղասպանությունը վերապրածների ձայնագրություններ, նկարներ, իրեր, անիմացիոն ֆիլմ է պատրաստվում։

«Ամբողջ դասընթացը կառուցված է զոհի կերպարից դուրս գալու վրա, որ աշակերտներն ուշադրություն դարձնեն ուրիշ արժեքների վրա, ինչպես, օրինակ, այնտեղ կան օգնության, սիրո, մարդու իրավունքների թեմաները, ի՞նչ է խտրականությունը, ինչու՞ է կարեւոր դրա դեմ պայքարը։ Ավելի շատ արժեքներ ենք սովորեցնում, քանի որ որպես պատմություն, ծանր իրողություն, որն, իհարկե, սովորելու են, նաեւ կարեւոր է, որ հասկանան այսօրվա ժխտողականությունը եւ այն, թե ոնց պետք է պայքարեն դրա դեմ»,- նշում է պատմական գիտությունների թեկնածուն։

Scopus-ում ընդգրկվելն առաջին քայլն է

Ամփոփելով Scopus շտեմարանում ընդգրկվելու թեման՝ Էդիտա Գզոյանը այս փաստը հաղթանակ է համարում հայագիտության եւ հայոց ցեղասպանագիտության համար, բայց նշում է, որ սա վերջնական նպատակ չէ, այլ նպատակին հասնելու միայն առաջին քայլն է։ «Հետքի» զրուցակիցն ասում է՝ հիմա շատ լուրջ աշխատանք է սպասվում ՀՑԹԻ-ին։ Պետք է բարելավեն դիրքը ինդեքսավորման սանդղակներում: Եթե նախկինում երկու գրախոսի էին ուղարկում իրենց հոդվածները, հիմա պետք է ուղարկեն երեք հոգու։ Շարունակելու են տպել Արցախի մասին հոդվածներ եւ զարգացնել այդ ուղղությունը։

Ինստիտուտը դիմել է նաեւ Web of Science միջազգային գիտական շտեմարանում ընդգրկվելու համար։ Առայժմ սպասում են պատասխանի:

Լուսանկարները տրամադրել է Էդիտա Գզոյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter