
Օրենքները կան, բայց արդյունավետ չեն․ ինչու չեն գործում օդի աղտոտումը կանխող մեխանիզմները
Հայաստանում վերջին տարիներին օդի աղտոտվածությանն առնչվող մի շարք իրավական ակտերում լրացումներ ու փոփոխություններ են կատարվում։ Նոր նախագծերով հանդես է գալիս Շրջակա միջավայրի նախարարությունը, խստացումներ է նախաձեռնում նաև Երևանի քաղաքապետարանը։ Մեր երկիրը որոշ պարտավորություններ է ստանձնել նաև Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում, որով նախատեսվում է մոտարկել ազգային օրենսդրությունը ԵՄ չափանիշներին։
Չնայած այս ամենին, մասնագետները նկատում են՝ օրենսդրական պահանջերը հաճախ չեն կատարվում. վերահսկողական մեխանիզմները թույլ են։
Հուլիսի 29-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում Global Shapers Yerevan նախաձեռնության անդամները «Բարելավելով օդի որակը Երևանում․ իրազեկումից՝ գործողություն» թեմայով քննարկում էին կազմակերպել, որին մասնակցում էին Շրջակա միջավայրի նախարարության, Հիդրոօդերեւութաբանության և մոնիթորինգի կենտրոնի, Երևանի քաղաքապետարանի և Գիտությունների ազգային ակադեմիայի Էկոկենտրոնի ներկայացուցիչները։
Էկոկենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանն ընդգծում է՝ տարիներ շարունակ խոսվել է օդի աղտոտվածության խնդրի մասին, փաստ է, որ հատկապես Երևանում շրջակա միջավայրը աղտոտված է, սակայն դա արձանագրելը չի լուծում հիմնական խնդիրը։
Շրջակա միջավայրի նախարարության մթնոլորտային քաղաքականության վարչության պետ Արփինե Փանոյանը նշեց՝ արդյունքներ կունենան, եթե տարբեր ոլորտներում օրենքով սահմանված նորմերը պահպանվեն։
«Մշակված են պարտականությունների շրջանակները, սակայն դրանք չեն պահպանվում։ Շրջակա միջավայրի նախարարությունը վերահսկողություն իրականացնելու իրավասություն չունի, տեսչական մարմինների ռեսուրսներն էլ սահմանափակ են»,- ասաց Արփինե Փանոյանը։
Այս տարի նախարարությունը միջոցառումների 5-ամյա ծրագիր է մշակել, որով նախատեսվում է արդիականացնել մթնոլորտային օդի մոնիթորինգային համակարգը։
«Հետքը» պարբերաբար անդրադառնում է համակարգի թերություններին, մեթոդների անհամապատասխանությանը միջազգային չափորոշիչներին, հետևում ոլորտի զարգացումներին։
Հայաստանում գործող դիտակայաններն այս պահին անհրաժեշտ տեղեկություններ չեն տալիս օդում փոշու մանր մասնիկների՝ PM2.5-ի և PM10-ի պարունակության վերաբերյալ, հնարավոր չէ տեսնել օդի աղտոտվածության՝ տվյալ պահի ցուցանիշները։
«Եթե իրական ժամանակում չունենք ճշգրիտ տվյալներ, մեր քաղաքականությունը չի կարող լինել նպատակային։ Ծրագիրը ենթադրում է ՀՀ տարածքում նվազագույն ծածկույթ ապահովող շուրջ 14 անշարժ և 2 շարժական դիտակայանների ձեռքբերում, որը կհամապատասխանի միջազգային չափանիշներին»,- նշեց Մթնոլորտային քաղաքականության վարչության պետը։
Կառավարության ֆինանսավորմամբ արդեն ձեռք է բերվել նման երկու դիտակայան, որոնք մարտից մայրաքաղաքում են, սակայն դրանց գործարկումը ձգձգվում է։
Եվս երկու դիտակայան նախատեսվում է գնել Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում։ Երեք դիտակայան էլ Հայաստան կբերվի Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ, թե երբ, այս պահին հայտնի չէ։
ՇՄՆ ծրագրով նախատեսվում է նաև արդիականացնել Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի քիմիական լաբորատորիան՝ ընդլայնելով դիտարկվող աղտոտիչների ցանկը։ Այսօր մոնիթորինգի միջոցով որոշվում է փոշու, ծծմբի երկօքսիդի, ազոտի երկօքսիդի և գետնամերձ օզոնի պարունակությունն օդի մեջ։ Օրգանական աղտոտիչները, որոնք հիմնականում առաջանում են թափոնների այրման, արդյունաբերական գործընթացների, գյուղատնտեսական գործունեության հետևանքով, չեն դիտարկվում։ Նախատեսվում է լաբորատոր կարողությունները զարգացնել այս ցուցանիշները ստանալու համար։
Բացի պետական մոնիթորինգային ցանցից, իրենց տանը կամ աշխատավայրում օդի որակը դիտարկող սարքեր են տեղադրում տարբեր քաղաքացիներ։ Նախարարությունը ծրագրում է ռեֆերենս լաբորատորիա ստեղծել, որը հնարավորություն կտա ստուգաճշտել ոչ միայն պետական մոնիթորինգային համակարգի դիտակայանները, այլև քաղաքացիների նախաձեռնությամբ հանրապետության տարածքում տեղադրված չափիչ սարքերը։
Փանոյանի խոսքով՝ մինչև 2030 թվականը Երևանում նախատեսվում է նվազագույնը շուրջ 41 հա կանաչապատ տարածքի ավելացում՝ ապահովելու Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած՝ մեկ շնչին բաժին ընկնող կանաչապատ տարածքի առկայությունը (Ըստ ԱՀԿ չափանիշների՝ մեկ շնչի հաշվով անհրաժեշտ է նվազագույնը 9 քմ կանաչ տարածքի առկայություն,- հեղ․)։
Մթնոլորտային քաղաքականության վարչության պետը նկատում է՝ օդի աղտոտվածության մակարդակի բարձրացմանը զուգահեռ՝ քաղաքացիներից ստացված բողոքներն ավելանում են, սակայն իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft հարթակում առաջարկներ չեն ներկայացվում։
«Կառավարությունը վարչական պատասխանատվության խստացումը ամենավերջում է դիտարկում։ Մենք ուզում ենք, որ մեր հասարակությունը մեր երկրի, մեր շրջակա միջավայրի նկատմամբ ունենան պատասխանատվություն»,- ասաց Փանոյանը։
Օրենսդրական պահանջների պահպանման վերաբերյալ խնդիրներ է նկատում նաև Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի տեղակալ Գորիկ Ավետիսյանը։
2023 թվականին Երևանի ավագանին որոշում էր ընդունել՝ սահմանելով բնակելի շենքերի շինհրապարակներում օդի աղտոտումը կանխող կահավորման չափանիշները։ Սրա համաձայն՝ կառուցապատվող տարածքներում պիտի տեղադրվեն օդի որակը դիտարկող սարքեր, որոնց տվյալները հասանելի են yerevan.am կայքում։
Քաղաքը շինարարական փոշուց պաշտպանելու համար Երևանի քաղաքապետարանը կառուցապատողներին նաև պարտադրում է շենքեր և շինություններ կառուցելու ընթացքում շինարարությանը համապատասխան բարձրությամբ 180 գրամ/քմ խտությամբ ցանցով ծածկել կառույցը:
Շինանյութի տեղափոխումը, պահպանումը պետք է կազմակերպվի անթափանց թաղանթներով, պահեստավորումը՝ փակ տարածքներում կամ ծածկերով:
Մայրաքաղաքի փողոցները չաղտոտելու համար մեքենաները տարածքից պետք է դուրս բերվեն հատուկ մետաղական հարթակի վրա լվանալուց հետո:
Այս չափանիշների պահպանումը նկատելի ծախսեր է պահանջում, իսկ տուգանվելը կառուցապատողների համար կարծես թե այդքան էլ սարսափելի չի հնչում։
«Տուգանքների սահմանաչափերը համադրելի չեն այն ծախսերի հետ, որոնք տնտեսվարողը պիտի կատարի արտանետումները պակասեցնելու համար, ինչի արդյունքում տուգանքը վարքագծային փոփոխության չի բերում․ նախընտրում են տուգանվել, քան կատարել շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցման միջոցառումները»,- նշում է Ավետիսյանը։
Տուգանքը նախատեսված է Վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքով՝ 50 հազար դրամի չափով։ Ավետիսյանի խոսքով՝ Երևանի քաղաքապետարանը նախատեսում է սահմանաչափերը տասն անգամ ավելացնել։
Նախորդ տարվա դեկտեմբերին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում Տիգրան Ավինյանը Բնապահպանության վարչությանը հանձնարարել էր երկու ամսվա ընթացքում քառամյա համապարփակ ծրագիր մշակել՝ ներկայացնելով, թե Երևանի քաղաքապետարանը ինչ քայլեր պիտի ձեռնարկի օդի որակը բարելավելու համար։
Փետրվարին ներկայացվեց ծրագրի նախնական տարբերակը՝ առանց մանրամասներին։ Քաղաքապետարանի փոխանցմամբ՝ յուրաքանչյուր գործողության մասով պիտի մշակվեն առանձին միջոցառումների ծրագրեր՝ բյուջեով և ժամանակացույցով։ Հանձնարարականից ավելի քան 7 ամիս անց վերջնական ծրագիրը պատրաստ չէ, Ավետիսյանի խոսքով՝ այն կներկայացվի սեպտեմբերին, միջոցառումներն էլ կիրականացվեն 2026 թվականից։
Ստացվում է՝ մինչև 2030 թվականը զուգահեռաբար պիտի իրականացվեն թե՛ Երևանի քաղաքապետարանի, թե՛ Շրջական միջավայրի նախարարության նոր ծրագրերը։ «Հետքը» առաջիկայում ավելի մանրամասն կանդրադառնա առանձին միջոցառումների ժամկետներին, սպասվող արդյունքներին ու փոփոխություններին։
Տե՛ս նաև․
Մեկնաբանել