
Հնի հետ փոխկապակցված նոր ընկերություն. Ազատեկի հանքավայրը կրկին ուզում են ուսումնասիրել
Նորաստեղծ «Փրեշիըզ Քոր» ՍՊԸ-ն մտադիր է ուսումնասիրել Վայոց ձորի մարզի Վայք համայնքի վարչական տարածքի օգտակար հանածոները։
2025 թվականի օգոստոսի 22-ին ընկերությունը նախնական հանրային քննարկում է հրավիրել Վայք համայնքում։ Այդ օրը լսում է լինելու Վայքի միանգամից երկու բնակավայրում՝ Ազատեկում և Զառիթափում:
Հանրային քննարկման հայտարարության մեջ չի նշվում, թե որ հանքային դաշտն է ուզում ուսումնասիրել «Փրեշիըզ Քոր» ՍՊԸ-ն, միայն կոորդինատային ծայրակետերն են, որին կանդրադառնանք վերջում:
Նախ` ընկերության մասին. «Փրեշիըզ Քոր» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2025թ. հուլիսի 16-ին։ Հիմնադիրն ու տնօրենը Հովհաննես Հարությունի Բեկմեզյանն է։ Նա «Հետքին» ասաց, որ ամեն ինչ դեռևս այնքան նախնական փուլում է, որ ոչ մի հստակ բան չի կարող ասել։
«Մասնագետներն ասում են, որ էնտեղ կարող է ինչ-որ մետաղներ լինեն, եթե դա հաստատվի, բախտներս բերի հասնենք դրան, էդ ժամանակ կկարողանամ ավելի շատ բան ասել։ Դեռ դիմել ենք համայնքին, որ թույլտվություն ստանանք։ Եթե թույլ տան, նոր ավելի կխորանանք»,- ասաց Հովհաննես Բեկմեզյանը։
Նա չկարողացավ հստակ նշել, թե որ գյուղի վարչական սահմաններում է կամ որ բնակավայրին է մոտ ուսումնասիրվելիք տարածքը, կամ որ հանքավայրն ու ինչ մետաղներ են որոնում։ Ասաց, որ ինքը գնացել, տարածքը տեսել է, սակայն քանի որ տեղացի չէ, չի կարողանում հստակ բնութագրել։
«Սարերի մեջ է, էդպես չեմ կարող ասել, ավելի լավ է գնանք, ցույց տամ, էսպես չեմ կարող բացատրել»,- ասաց Հովհաննես Բեկմեզյանը։
Հովհաննես Բեկմեզյանը խոստովանեց, որ նորեկ է հանքարդյունաբերության ոլորտում, նախկինում դրանով չի զբաղվել։ «Ինչն է հետաքրքրել այդ ոլորտում»,- հարցրեցինք պրն Բեկմեզյանին։ «Հետաքրքրել է այն, որ Հայաստանում էդ ամեն ինչը քիչ է, շահագործման նպատակով օգտագործողները նկատի ունեմ, ես էլ կուզենամ, եթե կարողանամ, ես էլ մտնեմ դրա մեջ, մի բանով եթե կարողանամ օգուտ տալ պետությանը, ինձ, շրջապատիս, բոլորին, թող էդ էլ լինի, ի՞նչ է եղել»,-մանրամասնեց նա։
Մեր զրուցակիցն ասաց, որ այս պահին իր գործունեության ոլորտը առևտուրն է, որը կապ ունի դրսի հետ։ Ներդրումների վերաբերյալ մեր հարցին պատասխանեց ծիծաղով, ասաց՝ դեռ բանը դրան չի հասել, երկար պրոցես է սպասվում, ուսումնասիրություններն անեն, հասկանան՝ ինչ մետաղներ կան, հետո այդ մասին կմտածեն։
Վայք համայնքի Ազատեկ վարչական շրջանի ղեկավար Խաչատուր Սահակյանը տեղյակ չէր, թե կոնկրետ որ տարածքներում ուսումնասիրության համար են դիմել։ Զառիթափի վարչական ղեկավար Մամիկոն Մուրադյանը ճշտելուց հետո ասաց, որ այս ուսումնասիրությունը նույն՝ Ազատեկի հանքավայրում են ուզում իրականացնել։
Հիշեցնենք՝ բոլորովին վերջերս՝ հուլիսի 3-ին Վայք համայնքը մերժել էր Ազատեկում ուսումնասիրություններ կատարելու մեկ այլ ընկերության՝ «Վայք Գոլդ Ռեսորսիզ» ՍՊԸ-ի հայտը։ Եվ դրանից ընդամենը երկու շաբաթ անց նոր ընկերություն է ստեղծվել՝ նույն հանքավայրում ուսումնասիրություններ կատարելու նպատակով։
Հովհաննես Բեկմեզյանի ֆեյսբուքյան ընկերների ցանկում և նրա լուսանկարը հավանողներից են նաև Սոֆի-Բինայի հանքավայրի շահագործման իրավունք ունեցող «ՋԻԷՄԷՆ ԳՈԼԴ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ի (նախկին՝ «Վարդանի զարթոնք» ՍՊԸ-ն) բաժնեմասում մասնակցություն ունեցող Լիանա Միքայելյանն ու ամուսինը՝ նույն ընկերության տնօրեն Կարո Միքայելյանը, որոնց արդեն անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակումներում։
Հիշեցնենք՝ Ազատեկի և Սոֆի-բինայի հանքավայրերի ընդերքօգտագործման իրավունքն ի սկզբանե ստացել էր բնապահպանության նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Այվազյանը։
Այժմ՝ ուսումնասիրվելիք տարածքի կոորդինատների մասին. նախ` դրանց մի մասը համընկնում է նախկինում Ազատեկի ընդերքօգտագործման իրավունք ունեցող «Վայքգոլդ» ՍՊԸ-ի` շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացրած նախագծում առկա կոորդինատների հետ: Ոլորտի մասնագետի հետ փորձեցինք վերծանել կոորդինատները և ստացանք նույն հանքավայրի նկատմամբ առավել ընդլայնված տարածքի կոորդինատներ (լուսանկարում` կարմիրով և կապույտով)
Գլխավոր լուսանկարում՝ Ազատեկի հանքավայրը/Սարո Բաղդասարյան («Հետք»-ի արխիվից), Հովհաննես Բեկմեզյանը (լուս` նրա ֆեյսբուքյան էջից)
Մեկնաբանել