HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

«Անանուն բարձունքի առումը». վավերագրական ֆիլմ պատերազմի մասին

«2020թ.-ի պատերազմից հետո բոլորս հայտնվեցինք մի մեծ դրամայի մեջ, որը անվերջ շարունակվում է։ Հայտնի ճշմարտություն է, որ եթե ողբերգությունը չի վերածվում ստեղծագործության, վերածվում է ֆարսի, սա մեր քայլերից մեկն է չապրելու ֆարսում»,- այսպես սկսեց իր խոսքը «Անանուն բարձունքի առումը» վերագրական ֆիլմի պրոդյուսեր, սցենարիստ Աննա Սարգսյանը։ Հուլիսի 25-ին Կինոյի տանը տեղի ունեցավ ֆիլմի պրեմիերան։

Ֆիլմի նկարահանումը սկսվել է 2021թ.-ից և տևել երեք ու կես տարի։

«Վավերագրությունը իր մեջ վախենալու մի բան ունի, երբ որ վավերագրում ես նման թեմաներ, և եթե կարճ ժամանակ հետո ֆիլմը դուրս չի գալիս, տվյալ պատմությունը կարող է հնանալ, կորցնել իր արդիականությունը։ Լինելով ֆիլմի կոլբայի մեջ՝ չէի կարողանում կողքից նայել, անընդհատ դիմում էի մարդկանց, որ հասկանայի։ Ցավով եմ արձանագրում, բայց ֆիլմը գնալով ավելի արդիական է դառնում, ավելի ուժեղ է սկսում մեխին խփել։ Սա այն դեպքն է ֆիլմի առաջնադիտման, որ գտնվում ես անորոշ վիճակում։ Չգիտես՝ ուրախանա՞ս, տխրե՞ս, ի՞նչ անես, որովհետև դու մի թեմայի մասին ես խոսում, որը, ըստ էության, ծայրից ծայր ողբերգություն է»,- ասաց ֆիլմի ռեժիսոր Արամ Շահբազյանը։ Ֆիլմն արտադրել է «Սիլուետ Ստուդիո» ընկերությունը՝ Հայաստանի կինոյի հիմնադրամի աջակցությամբ:

«Անանուն բարձունքի առումը» փաստավավերագրական ֆիլմ է, այն պատմում է 2020թ.-ի 44 օր տևած պատերազմի մի դրվագ՝ Ջրականի «Մարջանլու» տեղանքի մոտակա «Անանուն» բարձունքը պահող Որոտանի զորամասի 25-րդ գումարտակի տղաների, դիրքի պաշտպանության ընթացքում զոհված 12 զինծառայողների մասին։ Այդ բարձունքի մատույցներում է վիրավորվել գնդերեց Հրայր սարկավագ Լալայանը: Ֆիլմը կառուցված է սարկավագի հանդիպումներից և զրույցներից՝ որդուն չհասած զինվորի հոր, զինվորականների, բարձունքից ողջ մնացած տղաների հետ։ Նա հավաքում է փաստեր, վկայություններ, քարտեզագրում և շարադրում «Անանուն բարձունքում» զոհված տղաների պատմությունը։

Տես նաեւ՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter