HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Ղազարյան

Փաշինյանը հայտարարել է «Վեհարանը վեհի՛» շարժման մեկնարկը, Տեր-Պետրոսյանը հանրահավաքը չեղարկելու կոչ է արել

Այսօր՝ հուլիսի 23-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ հերթական գրառումն է արել ֆեյսբուքյան իր էջում։ Փաշինյանը ներկայացրել է Ամենայն հայոց կաթողիկոսին հեռացնելու ճանապարհային քարտեզը։

Հովհաննես Թումանյանից և Աստվածաշնչից արված մեջբերումներով համեմված գրառման մեջ Փաշինյանը նշել է, որ Վեհափառին հեռացնելուց հետո ամուսնացյալ քահանաներից մեկը, որը չի կարող հավակնել Կաթողիկոսի գահին, պետք է նշանակվի Կաթողիկոսական տեղապահ։ Գրառման մեջ չի հստակեցվում՝ արդյոք Փաշինյանն արդեն ունի համապատասխան թեկնածու, թե ոչ։

«Կտրիճ Ներսիսյանից ազատում ենք վեհարանը։ Որեւէ ամուսնացյալ բարեվարք քահանա նշանակվում է Կաթողիկոսական տեղապահ, ով, բնականաբար, չի կարող հավակնել Կաթողիկոսի գահին։

Կաթողիկոսական նոր ընտրություններ տեղի չեն ունենում, քանի դեռ «Կանոնագիրք հայոց»-ի հիման վրա չի հաստատվում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կանոնագիրքը, որը կլինի աշխարհաբար, համառոտ եւ բոլորին հասկանալի փաստաթուղթ (ներկայումս «Կանոնագիրք հայոց»–ի հատորյակների աշխարհաբար տարբերակ չկա, եւ նրա մեջ ներառված հազարավոր կանոնները ձեւավորվել են 17 դարերի ընթացքում եւ այս փաստի բերումով հավատավոր հոտը, նույնիսկ բազմաթիվ հոգեւորականներ Կանոնագրքի հետ չեն հաղորդակցվում, չգիտեն նրանում սահմանված կանոնները եւ այսպիսով Կանոնագրքի կիրառական նշանակությունը էականորեն տուժում է)։ 

Կանոնագիրքը հաստատելուց հետո պետք է տեղի ունենան Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրություններ, որի ընթացքում Կաթողիկոսի բոլոր թեկնածուների բարեվարքությունը ստուգված կլինի,-գրել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշել է, որ այս ծրագիրը կյանքի կոչելու համար պետք է ստեղծվի «Վեհարանը վեհի՛» շարժումը, որի անդամ կարող են դառնալ Հայ առաքելական եկեղեցու հետևորդները, որոնք մկրտված են, վերջին հինգ տարում առնվազն մեկ անգամ պահք են պահել, կարդացել են Աստվածաշունչը և ամեն օր աղոթում են։

Նա խոստովանել է, որ այս չափանիշներին համապատասխանությունը ստուգելը հեշտ չէ։

«Իհարկե, այս չափանիշների մի մասին համապատասխանությունը էմպիրիկ եղանակով ստուգելը հեշտ չի լինի, բայց այստեղ էլ գործում է հաղորդակցության մեջ ստուգման տրամաբանությունը, որը լիարժեք իրագործելի է»,- գրել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի այս գրառմանը արձագանքել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Նա կոչ է արել Փաշինյանին չեղարկել Վաղարշապատում՝ Մայր աթոռի հարևանությամբ նախատեսված հանրահավաքը։ 

Տեր-Պետրոսյանը հորդորել է Փաշինյանին ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, այդ թվում՝ Բագրատ եւ Միքայել Սրբազաններին եւ Սամվել Կարապետյանին։

«Վստահ եմ, որ թե՛ մեր ժողովրդի, եւ թե՛ միջազգային հանրության կողմից այդ քայլը կդիտվի ոչ թե որպես թուլության նշան, այլ որպես պետական այրին վայել ողջախոհության դրսեւորում։ Հակառակ պարագայում, պարոն վարչապետ, Դուք եք դառնալու հնարավոր բախումների եւ արյունահեղության միակ պատասխանատուն, արժանանալով Գապոն քահանայի անմար հռչակին,- նշել է առաջին նախագահը։

Նա կոչ է արել ոչ մի պարագայում չմասնակցել վարչապետի նախատեսած հանրահավաքին՝ դրա անկանխատեսելի հետեւանքներից խուսափելու նպատակով։ 

«Մի մոռացեք՝ իշխանություններն ստեղծված են ոչ թե ձեզ կեղեքելու եւ վտանգների ենթարկելու, այլ ձեր ընտանիքների բարօրությունն ու անվտանգությունն ապահովելու համար,- եզրափակել է Տեր-Պետրոսյանը։

Նիկոլ Փաշինյանը բարձրաստիճան հոգևորականներին թիրախավորող հայտրարություններ սկսեց անել մայիսի 29-ից։ Կառավարության հերթական նիստում նա ասաց, որ եկեղեցիները «չուլանացված են»։

Այս հայտարարությանը հետևեցին վարչապետի կողմից հայհոյախառն գրառումները եկեղեցականների հասցեին։

Հատկապես մեծ աղմուկ բարձրացրեց Փաշինյանի այն գրառումը, որում նա պատրաստակամություն էր հայտնում ընդունել Ամենայն Հայոց կաթողիկոսին և ապացուցել, որ թլպատված չէ։ 

Իշխանությունների և եկեղեցու հարաբերությունները լարված էին դեռ 2018 թվականից։ Այդ ժամանակ մի խումբ ակտիվիստներ սկսել էին «Նոր Հայաստան, նոր Հայրապետ շարժումը», որը վայելում էր նաև նոր իշխանության եկած Փաշինյանի որոշ թիմակիցների հովանավորությունը։ Իսկ այդ շարժման ղեկավարներից Կարեն Պետրոսյանը նշանակվեց ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար, ապա՝ տնօրեն։ 

Իշխանություն-եկեղեցի հակասություններն ավելի խորացան 2020-ի դեկտեմբերին, երբ Ամենայն Հայոց և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսները հորդորեցին Փաշինյանին հրաժարական տալ։ Հետագայում Գարեգին Բ-ն կրկնել է այդ հորդորը՝ նշելով, որ այն ժամանակով չի սահմանափակվում։

Ի դեպ, վերջին հարցումներով, որն իրականացվել է ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ IRI-ի կողմից, Հայ առաքելական եկեղեցու հանդեպ վստահությունն աճել է 10%-ով՝ դառնալով 58%։ Իսկ վարչապետի աշխատակազմին լիովին կամ մասամբ վստահում է հարցվածների միայն 38%-ը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter