HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Արգեն Գրիգորյանը, որ քայլել է սովորել ոտքը կորցնելուց հետո, վախենում է հետագայում չկարողանա տեղաշարժվել

2023թ. սեպտեմբերի 19-ի առավոտյան Արգեն Գրիգորյանը Սառնաղբյուրի իր տան բակում ընկույզ է մաքրել, երբ լսվել է առաջին արկի պայթյունի ձայնը։ Արգենի կինը՝ Օֆելյան, գնացել է հարևաններից ճշտելու, թե ինչ է կատարվում։

«Նստած ինձ համար պոպոք եմ կլպում, մեկ էլ փոքր ախպերս քաղաքից զանգեց՝ բա ի՞նչ կա, էդ սնարյադն ո՞ւր է ընկել։ Ասում եմ՝ կողքի գյուղն է ընկել։ Հարցրեց՝ բենզին ունե՞ս, ասեցի` 3,5 լիտր ունեմ։ Հա՛մ ասեցի, հա՛մ էդ դանակը քցի ձեռքիցս։ Ասեցի` ես նստած ի՞նչ եմ անում, գնացի բենզինն ավտոյի բակը լցրի։ Մինչ էդ, ես ու տիկինը որոշել էինք աբեդ անենք, հետո սկսենք մեղրը հանել։ Հիմա բամբիտ են անում, կանչում եմ՝ Օֆի՜կ, Օֆի՜կ, մի կես ժամ չկա»,- պատմում է Արգենը։

1992-ին, երբ ադրբեջանցիները գրավել են Սառնաղբյուրը, Արգենի մայրն անհետ կորել է։ Գյուղից 6 մարդ մինչ օրս անհետ կորած է համարվում։

«Որ մայրն անհետ կորած է եղել էն ժամանակները, աչքը վախեցել է»,- ամուսնու պատմությունն ընդհատում է Օֆելյան։

Արգենը հարևաններին նստեցրել է մեքենան ու դուրս եկել Սառնաղբյուրից։ Տնից ոչինչ չեն կարողացել վերցնել իրենց հետ։ Ճանապարհին հանդիպելով ռուս խաղաղապահներին՝ հարցրել են՝ կարո՞ղ են վերադառնալ գյուղ։ Նրանք ասել են, որ արդեն դատարկում են գյուղերը։

«Ասեցի՝ պրծավ, գյուղն էլ տվինք։ Եկավ 2023թ. սեպտեմբերի 19-ը, չարաբաստիկ փախստականի կյանքը, որ ոչ մեկը չի պատկերացնում։ Մարդիկ ասում են՝ փախել եք։ Չեմ փախել, ես 1992 թվին հա՛մ զոհ եմ տվել, հա՛մ կորուստ եմ տվել։ Գիտե՞ս, 150 000 հոգով մի ցավի ենք, էն որ ասում են՝ ո՞ր գյուղից ես, ասում ես` մի գյուղից ենք, մենք սաղ մի գյուղից ենք, Ղարաբաղից ենք»,- ասում է Արգենը։

Արգենի ընտանիքն Արցախում չորս տուն է կորցրել, երկուսը՝ Ստեփանակերտում, Սառնաղբյուրում և Հադրութում։ Այժմ նա կնոջ, երկու դստեր, որդու և թոռան հետ բնակվում է Արարատի մարզի Մասիս քաղաքում։ Ամսական 160 000 դրամ բնակարանի վարձ են վճարում։ Արգենի խոսքով՝ սկզբից 200 000 էին տալիս, ձմռանը 85 հազարի գազ են վառել, սակայն տունը չի տաքացել, խնդրել են տան տիրոջն իջեցնել վարձը, որ կարողանան կոմունալներն էլ վճարել։ Հիմա ուզում են նոր տուն տեղափոխվել, ասում են՝ այս տանը ձմռանը շատ ցուրտ էր։ «Տակը բիտոն է, չես դիմանում»,- ասում է Արգենը։

«Մեր ստեղծածը կրացած չենք վայելենք։ Գյուղումը թութը վեր հասնում ա, թափ էինք տալիս, դոշաբ սարքում, թթի օղի սարքում»,- Արցախում իրենց զբաղվածության մասին է պատմում Օֆելյան։

«Մեղվաբուծությունն ասա, գլխավորը դա է, մնացածը մի ասա»,- միջամտում է ամուսինը և ավելացնում, որ մեղվի 35 փեթակ ուներ Սառնաղբյուրում։ Մինչև նոյեմբեր բնակվել են գյուղում, հետո գալիս Ստեփանակերտ։

«Աշնանն առևտուր էի անում, ուրիշ բան չկար, որ զբաղվեի։ Ստեփանակերտի շուկայում՝ կալցավոյի պուլպուլակի մոտ, մի հատ սպիտակ «Նիվա» էր միշտ կանգնում՝ կանաչի ծախող տատիկների մոտ։ Ասում էի` տեսեք` թագը դրած ա սեղանին, նուռ էի ծախում, գնա՜ց էն օրերը»,- ցավով հիշում է Արգենը։

1994-ին, երբ Արգենը զինվորական է եղել, Վարանդայի շրջանում ականի վրա է կանգնել։ Պայթյունից Արգենը հաշմանդամ է դարձել, աջ ոտքը անդամահատել են, իսկ ձախում՝ արհեստական ոսկոր տեղադրել։

«Հա՛մ պայքարել ենք, հա՛մ երեխեք մեծացրել, շատ դառը կյանք ենք տեսել, էդ 90-ական թիվը տենց անցկացրել ենք՝ բուժումներով, ես չեմ քայլել 3 տարի, կալյասկին նստած եմ եղել։ Դառը կյանքից դուրս ենք եկալ, դե ո՞վ է իմացել, թե վերջը գլխներիս կոժը կոտրելու են»,- պատմում է նա։

Արգենի առողջական խնդիրները գնալով ավելացել են։ 2016-ին, երբ Ադրբեջանը վերսկսեց պատերազմը Արցախում, և որդին կամավոր մեկնեց Թալիշ՝ վախից շաքարային դիաբետ է ձեռք բերել։ 2023-ին Արցախից բռնի տեղահանվելու ժամանակ ինֆարկտ է ստացել։ Հիմա Մասիսի պոլիկլինիկան նրան անվճար դեղեր է հատկացնում՝ շաքարի, ճնշման ու սրտի համար։ Չնայած որոշ դեղերի փոխարինողն է ստանում՝ Արգենը չի դժգոհում։ Նրան միայն մտահոգում է այն, որ հնարավոր է, շուտով այլևս չկարողանա քայլել։ Տանն արդեն դժվարությամբ է տեղաշարժվում։ Ձեռնափայտերը մաշված են, ուզում է էլեկտրական սայլակ ունենալ, որ կարողանա տեղաշարժվել։

Արգենի ընտանիքը ցանկանում է դիմել արցախցիների բնակարանային ապահովման ծրագրին, սակայն դեռևս չեն կարող, քանի որ չունեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։

Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (www.juremonia.am) ծրագրի ենթադրամաշնորհի շրջանակներում։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter