
Արմեն Գևորգյանին ու ընտանիքի անդամներին հրավիրել են Դատախազություն
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին և ընտանիքի անդամներին 2025թ․ հուլիսի 24-ին հրավիրել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ նրանց պատկանող գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրության արդյունքում կազմված ամփոփագրին ծանոթանալու նպատակով։
Պատգամավորից բացի, Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն է հրավիրվել նաև Արմեն Գևորգյանի կինը՝ Թամարա Գևորգյանը, (Հախվերդյանը) 19 և 21 տարեկան որդիները, անչափահաս դուստրը, հայրն ու մայրը՝ Անդրանիկ և Ժաննա Գևորգյանները։
Նշենք, որ այս փուլում Դատախազությունը չի հանրայնացնում, թե ինչ գույք, այդ թվում՝ դրամական միջոց է ցանկանում բռնագանձել։ Պատճառաբանությունն այն է, որ շահագրգիռ անձինք ուսումնասիրության նյութերին ծանոթանալուց հետո կարող են ներկայացնել դիրքորոշումներ, ապացույցներ, ինչը կարող է փոփոխություն առաջացնել բռնագանձման ենթակա ենթադրյալ ապօրինի գույքի ցանկում։
Հիշեցնենք՝ 2021թ․ մայիսին Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ Արմեն Գևորգյանը հանցավոր ճանապարհով ստացել և օրինականացրել է ընդհանուր 4 մլրդ 921 մլն 302 հազ․ դրամ։ Մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ Չեխիայի Հանրապետությունում, Արմեն Գևորգյանի հետ փոխկապակցված անձինք հիմնադրել են մի շարք ընկերություններ, որոնց անվամբ գրանցվել են անշարժ գույքեր: Բացի այդ, նշված անձինք բանկային գործարքների եղանակով շրջանառել են դրամական միջոցներ, սակայն ինչպես գնված անշարժ գույքերի շուկայական արժեքների, այնպես էլ՝ շրջանառված դրամական միջոցների հարաբերակցությունն էականորեն տարբերվել է իրենց կողմից ստացված օրինական եկամուտներից։
Մեկնաբանել