
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալն ընդունել է ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վազգեն Ավետիսյանն ընդունել է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ներկայացուցիչներին: Այս մասին հաղորդում է ՔԿ լրատվական ծառայությունը։
Վազգեն Ավետիսյանը ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ շնորհակալություն է հայտնել այցի կապակցությամբ:
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալն ընդգծել է, որ Քննչական կոմիտեի ձևավորումից ի վեր՝ ԱՄՆ դեսպանատան հետ ունեցած համագործակցության շնորհիվ համակարգին ցուցաբերվել է անգնահատելի աջակցություն:
Վազգեն Ավետիսյանը հանդիպման սկզբում ԱՄՆ գործընկերներին է ներկայացրել Քննչական կոմիտեի լիազորությունները՝ ընդգծելով տարաբնույթ քրեական վարույթների նախաքննությունն իրականացնելու հնարավորությունը:
ԱՄՆ գործընկերներն անդրադառնալով իրենց կողմից տրամադրվող օժանդակության ծրագրերին՝ կարևորել են դրանց նոր ուղղվածությունը՝ կապված անդրազգային հանցավորությունների և կիբեռհանցագործությունների դեմ պայքարի հետ:
Վազգեն Ավետիսյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին՝ մինչ օրս ստացած աջակցության համար՝ կարևորելով վերապատրաստումների անհրաժեշտությունը հատկապես Կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության և Մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունների քննիչների համար:
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել համագործակցության տարբեր ուղղությունների շուրջ:
Մեկնաբանել