HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երբ քո դեմքն ու ձայնը ուրիշի ձեռքում դառնում են զենք․ ինչպես են կիբեռհանցագործներն օգտագործում ԱԲ-ն 

Վերջին տարիներին թվային աշխարհում արհեստական բանականության (ԱԲ) արագ զարգացումը ոչ միայն մեծ հնարավորություններ, այլև նոր մարտահրավերներ է ստեղծել: Տեխնոլոգիան հզոր գործիք է նաև կիբեռհանցագործների ձեռքում, որոնք օգտագործում են ԱԲ-ի հնարավորություններն իրենց հանցավոր գործողություններն ավելի համոզիչ ու մասշտաբային դարձնելու համար։

Տեղեկատվական անվտանգության փորձագետ, CyberHUB-AM-ի համահիմնադիր Արթուր Պապյանը նշում է՝ արհեստական բանականությունն այսօր օգտագործվում է տարաբնույթ խաբեությունների համար։ Դրա օգնությամբ ֆիշինգային նամակներն ավելի համոզիչ տեսք են ստանում, արհեստական բանականությամբ կլոնավորում են մարդկանց ձայները, ստեղծում կեղծ նկարներ ու տեսանյութեր՝ դիփֆեյքեր։

Դիփֆեյքերը (անգլ.՝ deepfake) արհեստական բանականության միջոցով ստեղծված լուսանկարներ, տեսանյութեր կամ ձայնագրություններ են, որոնք պատկերում են իրական կամ գոյություն չունեցող մարդկանց այնպիսի բաներ անելիս կամ ասելիս, որոնք իրականում տեղի չեն ունեցել։ 

2023 թվականին սոցցանցերում արհեստական բանականության տեխնոլոգիաներով ստեղծված մի տեսանյութ էր տարածվել, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իբր հորդորում էր քաղաքացիներին ներդրումներ կատարել Meta-ի Libra կրիպտոնախագծում։ Վարչապետի խոսքը ստեղծվել էր վարժ ռուսերենով, ինչը հուշում էր, որ տեսանյութն իրական չէ։

Ֆինանսական նման խաբեությունները տարածվում են տարբեր մարդկանց դեմքերով։ «Նաև հայտնի դեպքեր կան, երբ լրագրողների, հայտնի բժիշկների տեսքը, ձայնը կլոնավորում են ու մարդկանց հորդորում ինչ-որ հրաշք դեղամիջոցներ գնել։ Էդ նույն դեղամիջոցը, ենթադրենք, դեղատներում 5000 դրամ է, իրենք 50000 դրամով են վաճառում»,– ասում է Պապյանը։

CyberHUB-AM թվային միջադեպերի աջակցության հարթակը զբաղվում է տարատեսակ կիբեռհանցագործություններով ու ապատեղեկատվության բացահայտմամբ։ Պապյանի խոսքով՝ իրենց դիմում են հիմնականում լրագրողներ ու քաղհասարակության ներկայացուցիչներ։

«Պարբերաբար մեզ դիմում էին նաև ծնողներ, երեխաներ, որ իրենց էջերը կոտրվել են, շանտաժ են անում և այլն։ Մենք փորձում էինք օգնել, բայց հասկացանք, որ մեր գիտելիքները չեն հերիքում․ այնպես չէ, որ միայն տեխնիկական հարց է։ Երբեմն նաև իրավական կամ հոգեբանական ինչ-որ հարցեր են առաջանում»,- բացատրում է մասնագետը։

Այս հարցերի պատասխանները տալու համար էլ համագործակցություն են սկսել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ։ Աջակցություն է տրամադրվելու կիբեռհանցագործության զոհ դարձած երեխաներին: Դիմումները ստանալուց հետո եռաստիճան համակարգ է գործելու, դիտարկվելու են խնդրի տեխնիկական, հոգեբանական և իրավական բաղադրիչները, յուրաքանչյուր ուղղությամբ մասնագետներ են աշխատելու։

«Կիրառվելու է չաթբոտ, որը արհեստական բանականություն չի լինելու, դա սկզբունքային հարց է, այսինքն` լինելու է ավտոմատացված որոշակի համակարգ, որի հետևում մարդիկ են լինելու»,– ընդգծում է Պապյանը։

CyberHUB-AM-ի թիմն այս պահին վերջնական աշխատանքներն է անում, նախատեսվում է հարթակը գործարկել առաջիկայում։

Պապյանը շեշտում է՝ իրենք տեխնիկական աջակցություն տրամադրում են, սակայն հանցագործությունների բացահայտման համար ուղղորդում են դիմել Ոստիկանություն. «Գործ ունենք ֆինանսական խաբեության հետ, մենք, բնականաբար, իրավասու չենք և չունենք անհրաժեշտ գործիքակազմ նման դեպքերով զբաղվելու համար։ Հորդորում ենք դիմել Ոստիկանություն, որտեղ կարող են գոնե քննչական գործողություն նախաձեռնել, բանկերից տվյալներ ստանալ»,- ասում է մասնագետը։

ՔՈԳՎ կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության Համացանցում անօրինական բովանդակության հայտնաբերման և էլեկտրոնային ապացույցների հավաքման բաժնի պետ, ոստիկանության մայոր Արսեն Էլոյանը նշում է, որ Հայաստանում ԱԲ-ի կիրառմամբ առաջին հանցագործությունները ներդրումային գովազդներն են եղել, երբ Հենրիխ Մխիթարյանի, վարչապետի և այլ հայտնի մարդկանց դեմքերն օգտագործելով՝ «Ֆեյսբուք»-ում տեսանյութեր են տարածվել՝ հորդորելով ներդրում անել։ Ըստ Էլոյանի՝ դրանք տարածում են գտել 2021-2022թթ․։ Այդ դեպքերով քրեական գործեր են հարուցվել, բազմաթիվ տուժողներ ներգրավվել։

Ներդրումային խարդախությունները ցանցային են և ղեկավարվում են կոնկրետ խմբի կողմից, բայց դրանց գրասենյակները տարբեր երկրներում են։ Արսեն Էլոյանը նշում է՝ վերջերս Հայաստանում գտնվող զանգերի կենտրոններից մեկի զոհերը Կանադայի քաղաքացիներ են եղել։

Հայաստանում այժմ տարածված են ԱԲ-ի կիրառմամբ շորթումները․ «Օրինակ` «Ինստագրամ»-ով ինչ-որ էջ են գտնում, աղջկա դեմքը վերցնում, վիդեո են սարքում՝ կիսաէրոտիկ, պոռնկագրական նյութին նմանվող, գցում են «Տելեգրամ»-ի ինչ-որ ալիքում, սկսում են շորթելը»,- ասում է Արսեն Էլոյանը՝ նշելով, որ գուցե այլ բնույթի հատուկենտ հանացագործություններ էլ տեղի ունեցած լինեն, սակայն ամենատարածվածները եղել և մնում են ներդրումային խարդախություններն ու շորթումները։

Անցած տարվա նույն ժամանակահատվածում Հայաստանում ԱԲ-ի կիրառմամբ կիբեռհանցագործների քանակը քիչ է եղել, նկատում է Արսեն Էլոյանը։ «Այս տարվա երկրորդ եռամսյակում ավելի շատ են․ չգիտեմ՝ դա կապված է Ոստիկանության իրազեկման հետ, ինչի շնորհիվ քաղաքացիները սկսել են դիմել Ոստիկանություն, թե իրականում շատացել են հանցագործությունները, բայց ինձ ավելի շատ թվում է, որ շատացել են»,- նշում է Ոստիկանության մայորը։

Նշենք, որ Ոստիկանությունը արհեստական բանականության կիրառմամբ ստեղծված կեղծ բովանդակության, հաղորդագրությունների և ապատեղեկատվության տարածմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ առանձին վիճակագրություն չի վարում։ Կիբեռհանցագործությունների տարածվածության վերաբերյալ Արսեն Էլոյանի հնչեցրած մեկնաբանությունները գնահատողական դատողություններ են և հիմնված չեն վիճակագրության վրա։

Անդրադառնալով սոցիալական ցանցերում տարածվող ԱԲ-ի կիրառմամբ ապատեղեկատվություններին՝ Արսեն Էլոյանը նշում է, որ իրենք զբաղվում են հանցագործություններով, ոչ թե ապատեղեկատվության հայտնաբերմամբ․ «Մեր գլխավոր նպատակը հանցագործությունը բացահայտելն ու կատարողներին պատասխանատվության ենթարկելն է»,- նշում է նա։

Ոստիկանության մայորն ընդգծում է՝ «Ֆեյսբուք»-ի և մյուս սոցիալական ցանցերի համար հասարակ քաղաքացին ու Ոստիկանությունը նույն դիրքերում են, ունեն հավասար լծակներ ու գործիքակազմ՝ ապատեղեկատվության դեմ պայքարելու համար։

Իսկ ինչ վերաբերում է ԱԲ-ի հիմնական դրսևորումներին, Հայաստանում տարածված գործիքներին, նա նշում է․ «Դիփֆեյքերն են տարածված՝ դեմքերի կրկնօրինակում և ձայնի կրկնօրինակում, այս գործիքներն իրենք արդեն համադրում են ֆիշինգի և մյուս հանցատեսակների համար»։

Ոստիկանության մայորն ասում է, որ ԱԲ-ի կիրառմամբ դատարան հասած հանցագործությունների թիվը շատ փոքր է։ Պատճառը գործի քննության ընթացքում բավարար ապացույցների հայտնաբերման անհնարինությունն է։ «Կիբեռհանցագործություններն անդրազգային բնույթ են կրում։ Հանցագործը կարող է տարբեր IP հասցեներ օգտագործել, որոնց սերվերները, օրինակ, գտնում են Սեյշելյան կղզիներում, որը, օրինակ, հիմք է վերցնում իր երկրի օրենսդրությունը, և ասում է` մեր երկրում մենք IP-ների հետ կապված տվյալ չենք պահում, այսինքն՝ այս դեպքում իրավապահ մարմինների մեղավորությունը չկա, ավելի շատ մյուս երկրների հետ կապված օրենքների անհամապատասխանությունն է»,- նշում է Արսեն Էլոյանը։

Միևնույն ժամանակ Ոստիկանության մայորն ընդգծում է, որ Հայաստանը «Կիբեռհանցագործությունների մասին» կոնվենցիայի անդամ է, որին անդամակցում է շուրջ 76 երկիր։ Եվ եթե այդ կոնվենցիայի անդամ երկրից է գործում հանցագործը, ապա տվյալ երկրից առավել հեշտ է տվյալներ ստանալը։ Էլոյանի խոսքով՝ այդ դժվարություններին բոլոր երկրներն են բախվում, այդ պատճառով էլ տարբեր երկրներ քայլեր են ձեռնարկում միջազգային մակարդակում փոփոխություններ իրականացնելու համար, որ առավել արդյունավետ լինի համագործակցությունը։

Ոստիկանության կիբեռհանցագործություններով զբաղվող վարչությունը նախկինում եղել է բաժին, նախորդ տարվանից է դարձել վարչություն՝ իր երեք բաժիններով։ Վարչության Համացանցում անօրինական բովանդակության հայտնաբերման և էլեկտրոնային ապացույցների հավաքման բաժնի պետը նշում է՝ թե՛ մասնագիտական գիտելիքներով, թե՛ տեխնոլոգիական հագեցվածությամբ վարչությունը լավ վիճակում է։ Սակայն հաշվի առնելով, որ կիբեռհանցագործությունների տեսակներն ու իրականացման ձևերը օր օրի զարգացում են ապրում՝ փորձում են համապատասխան արձագանք տալ այդ փոփոխություններին՝ վերապատրաստման դասընթացներին մասնակցելով, նոր տեխնիկական միջոցներ ձեռք բերելով։

Քաղաքականացված արհեստական բանականություն

Վերջերս Քննչական կոմիտեն վարույթ նախաձեռնեց «Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարականը ԱԱԾ ու Քննչական պետերին» վերտառությամբ ձայնագրության կապակցությամբ, որը ևս, ըստ նախաքննական մարմնի կանխավարկածի, ստեղծվել է արհեստական բանականությամբ, և կեղծվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձայնը։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ քրեական վարույթը նախաքննության փուլում է, դեռևս ներգրավված մեղադրյալներ չկան։ Վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ համակարգչային կեղծիք կատարելը)։

Ձայնագրությունում Նիկոլ Փաշինյանի ձայնով հրաման է տրվում ԱԱԾ և Քննչական կոմիտեի պետերին ազատությունից զրկել Բագրատ Գալստանյանին, նրա մի քանի կողմնակիցների, ինչպես նաև դաշնակցական մի քանի ակտիվիստների։ Ըստ ձայնագրության՝ Փաշինյանը հրամայում է նրանց մեղադրանք առաջադրել սահմանադրական կարգի տապալման, ինչպես նաև բռնի հեղաշրջում կատարելու փորձի հատկանիշներով։ Ձայնագրությունում խոսվում է նաև այդ մեղադրանքն առաջադրելու սխեմաների մասին։

Այս ձայնագրության վերաբերյալ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան գրառում արեց՝ նշելով․ «Որոշ արկածախնդիրներ փորձել են հասարակությանը մոլորեցնել՝ վարչապետին վերագրվող կեղծ ձայնագրություն ստեղծելով։ Նման շինծու մեթոդներով հասարակությանը շեղելու և ապատեղեկատվություն տարածելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման»։

Հատկանշական է, որ Գյումրու ավագանու արտահերթ ընտրությունների նախաշեմին էլ քաղաքապետի թեկնածու, այժմ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ կապված ձայնագրություն տարածվեց լրատվամիջոցներով, որտեղ վերջինիս ձայնով խոսում է շուկայի աշխատակիցների հետ հանդիպում կազմակերպելու մասին, հիշեցնում է, որ ժամանակին ինքն է տաղավարներ տվել նրանց, ինչի շնորհիվ էլ նրանք մինչ օրս իրենց ապրուստն են վաստակում։ Ձայնագրությունում հնչում են նաև հայհոյախառն արտահայտություններ։ Վարդան Ղուկասյանը Factor TV-ի հետ զրույցում հայտնել էր՝ հնարավոր է իր ձայնը կեղծել են արհեստական բանականության միջոցով․ «Հմի ինչ ըսես կռնան տարածեն, մարդու ձենով ինչ ըսես կռնան սարքեն։ Հավանական է, որ ես չլինեմ միանշանակ։ Իմ ձայնով ինչ ասես կարող են սարքել արհեստական բանականությունով»,- ասել էր Վարդան Ղուկասյանը։ Ձայնագրության վերաբերյալ նախաձեռնվեց քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 236 հոդվածի հատկանիշներով՝ հավաքին մասնակցելուն հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու հոդվածի հատկանիշներով:

Քննչական կոմիտեից տեղեկացանք, որ թե՛ Նիկոլ Փաշինյանին, թե՛ Վարդան Ղուկասյանին առնչվող ձայնագրությունների վարույթները նախաձեռնվել են ԶԼՄ-ների մոնիթորինգի արդյունքում ձայնագրությունների հայտնաբերման հիմքով․ մի դեպքում Դատախազության կողմից, մյուս դեպքում՝ Ոստիկանության։ Այս դեպքում հարց է առաջանում, թե ինչու մի ձայնագրության վերաբերյալ քրեական վարույթը նախաձեռնվում է համակարգչային խարդախության հատկանիշներով՝ հիմքում ունենալով այն կանխավարկածը, որ դա Ն․ Փաշինյանի ձայնը չէ, իսկ մյուս դեպքում վարույթը նախաձեռնվում է հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու հոդվածի հատկանիշներով՝ հիմքում ունենալով այն կանխավարկածը, որ այդ ձայնագրությունում Վ․ Ղուկասյանն է խոսում։

Այս հարցի վերաբերյալ Քննչական կոմիտեն հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի ձայնագրությունում ակնհայտ է եղել, որ ձայնը կեղծված է։ Այս պատասխանը նույնպես խնդրահարույց է, քանի որ մի դեպքում առանց համապատասխան փորձաքննության ձայնագրությունը որակվում է ակնհայտ կեղծված, և վարույթը նախաձեռնվում է արդարացնման կանխավարկածով, իսկ մյուս դեպքում ձայնագրությունը չի որակվում ակնհայտ կեղծված, և վարույթը նախաձեռնվում է մեղադրման կանխավարկածով։

Քննչական կոմիտեից հայտնեցին, որ Վարդան Ղուկասյանի ձայնագրությունն ուղարկել են համապատասխան փորձաքննության, սակայն դեռ արդյունքները չեն ստացել։ Թե որ մարմինն է փորձաքննություն իրականացնելու, Քննչական կոմիտեն չի հայտնում՝ համարելով այն նախաքննական գաղտնիք։

Դանիան առաջարկում է հեղինակային իրավունքով քաղաքացիներին պաշտպանել դիփֆեյքերից

Դանիան կդառնա աշխարհում առաջին երկիրը, որը հեղինակային իրավունքի միջոցով կպաշտպանի իր քաղաքացիների ձայներն ու դեմքերը՝ փորձելով պայքարել դիփֆեյքերի դեմ։

Մշակույթի նախարարության առաջարկած օրենսդրական փոփոխությունները նախատեսում են արգելել առանց անձի համաձայնության նրա թվային կրկնօրինակների՝ ներառյալ դեմքի և ձայնի ստեղծումն ու տարածումը։

Օրենքը քրեական պատասխանատվություն չի սահմանում, սակայն տուժած քաղաքացիները կկարողանան պահանջել հեռացնել իրենց կեղծ պատկերները ցանկացած հարթակից, այդ թվում՝ սոցիալական ցանցերից, իսկ որոշ դեպքերում՝ նաև ֆինանսական փոխհատուցում ստանալ։ Այն հարթակները, որոնք կհրաժարվեն կատարել հեռացման պահանջը, կարող են տուգանվել։

Նոր կարգավորումները չեն տարածվի երգիծանքի և ծաղրանմանակման ժանրերի վրա։

Այս օրենսդրական նախաձեռնության հիմքում 2024 թվականին տեղի ունեցած աղմկահարույց միջադեպն է։ «Դանիական ժողովրդական կուսակցությունը» հրապարակել էր վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի դիփֆեյք տեսանյութը, որում վարչապետը, իբր, հայտարարում էր, թե Դանիան չեղարկում է բոլոր քրիստոնեական տոները՝ որպես միակ պետական հանգստյան օր թողնելով իսլամական Այդ ալ-Ֆիտրը՝ Ռամադանի պահքի ավարտը նշող տոնը։

Թեև տեսանյութը պիտակավորված էր որպես արհեստական բանականությամբ ստեղծված, այն հսկայական քաղաքական սկանդալ առաջացրեց։ Այդ շրջանում կառավարությունը որոշում էր կայացրել չեղարկել «Աղոթքի օրը»՝ որպես պետական տոն, ինչը լրացուցիչ լարվածություն էր ստեղծել հասարակության մեջ։

BBC-ի փոխանցմամբ՝ տեսանյութը հրապարակած «Դանիական ժողովրդական կուսակցությունն» այժմ դեմ է արտահայտվել Մշակույթի նախարարության նախաձեռնությանը։

Ի տարբերություն շատ երկրների, Դանիայի օրենսդրությունն արդեն իսկ թույլ է տալիս հետապնդել պոռնոգրաֆիկ դիփֆեյքեր տարածողներին, իսկ 2025 թվականի մարտին առաջարկվել էր էլ ավելի խստացնել այս կարգավորումները։

Դանիայի խորհրդարանի պատգամավորների շուրջ 90%-ը աջակցում է նախաձեռնությանը, ինչն օրենքի ընդունումը դարձնում է գրեթե անխուսափելի, հաղորդում է The Guardian-ը։ Ակնկալվում է, որ նախագիծը քննարկման կդրվի մինչև ամառային արձակուրդները և վերջնականապես կընդունվի աշնանը։

Գլխավոր նկարը ստեղծվել է արհեստական բանականությամբ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter