
Արև, քամի, թե անձրև․ ովքեր են կանխատեսում եղանակը
Առավոտյան ժամը յոթին Մերձավանի ակնադիտական կայանի հերթապահ Քանաքարա Կնյազյանը կայանի շենքից դուրս է գալիս դիտահրապարակ։ Քամու ուղղությունը, օդի խոնավությունը, ամպերի շարժը, ջերմաստիճանը՝ ամեն ինչ պիտի գրանցվի։ Դիտարկման ժամն անփոփոխ է, նա երբեք չի ուշանում:
Հայաստանում 23 ակնադիտական կայան կա: Բոլոր կայաններում ամեն օր, օրական 8 անգամ, 3 ժամը մեկ դիտարկում է արվում։ Բոլոր դիտակայաններից տվյալները փոխանցվում են Երևան՝ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի ազգային կենտրոն, որտեղ մշակվում են, եւ դրանց հիման վրա կանխատեսվում է եղանակը։
Քանաքարան 3 ժամը մեկ ակնադիտական կայանից գնում է դիտահրապարակ, որտեղ կատարում է դիտարկումը։
Ակնադիտական կայանի տնակում չորս ջերմաչափ և բաժակով ջուր է դրված, հերթապահ Քանաքարա Կնյազյանը թրջում է ջերմաչափը, սպասում 8-10 րոպե, ապա գրանցում տվյալները։ Մեզ համար անհասկանալի է մնում, թե ինչպես է կատարվում դիտարկումը։ Քանաքարան ասում է՝ սկզբում ինքն էլ չէր հասկանում, թե ինչպես են մասնագետները վերլուծում տարբեր ջերմաչափների ցուցմունքները։ Հիմա արդեն ամեն ինչ շատ հեշտ է։
Քանաքարա Կնյազյանը Մերձավանից է, նախկինում՝ խորհրդային միության տարիներին, աշխատել է Երկրագործության ինստիտուտում, ինստիտուտի լուծարումից հետո աշխատանք է գտել Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի ազգային կենտրոնի Մերձավանի կայանում։
Նվարդ Առաքելյանը՝ Մերձավանի կայանի պետի տեղակալը, 36 տարի աշխատում է այստեղ։ «Մշակվում են թե՛ եղանակային կանխատեսումների, թե՛ ագրոօդերևութաբանական նպատակներով։ Դիտարկվում են նաև գյուղատնտեսական կուլտուրաների աճման փուլերը՝ բողբոջումից մինչև տերևաթափ։ Բոլոր տվյալներն ուղարկվում են կենտրոն՝ Երևան։ Երևանում էլ մարդիկ ահագին մեծ անելիք ունեն, պատկերացնու՞մ եք, Հայաստանում 50 ավտոմատ և 23 ակնադիտական կայան կա, աշխատակիցները պետք է բոլոր կայանների տվյալները վերլուծեն և եղանակ կանխատեսեն»,- պատմում է նա։
Նվարդը հիշում է՝ երբ եկավ աշխատանքի, երկրորդ երեխան դեռ նորածին էր՝ 3 ամսական, հիմա արդեն թոռներ ունի։
Չի պատկերացնում իր առօրյան առանց այս աշխատանքի։ Ժամանակին՝ նախքան պետի տեղակալ նշանակվելը, ինքն էլ դիտող է եղել, հերթապահել է, հիմա միայն ցերեկային ժամերին է կայանում լինում։
«Հերթապահությունը 3 օրը մեկ է լինում։ Աշխատանքային օրվա ընթացքում էլ կայանում լինում են կայանի պետը, պետի տեղակալը և օրվա հերթապահը, մեր կոլեկտիվում բոլորը շատ լավն են, իրոք, մի ընտանիքի պես»,- ասում է Նվարդ Առաքելյանը։
Երիտասարդները չեն ձգտում այս մասնագիտությամբ զբաղվել, Մերձավանի կայանում երիտասարդ աշխատակից չունեն։ Թեև համալսարանական փորձաշրջանների ընթացքում երիտասարդ փորձնակներ ունենում են, բայց աշխատակիցները հիմնականում միջին և բարձր տարիքի են։
Երևանում՝ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնում աշխատանքը մի փոքր այլ է։ Սոնա Հայրապետյանը՝ Օդերևութաբանության ծառայության պետը, մեզ ուղեկցում է կանխատեսումների սենյակ: Այս սենյակում ամեն առավոտ՝ ժամը 12-ին, օդերևութաբանները, կանխատեսման մասնագետները հավաքվում և ներկայացնում են իրենց ունեցած տվյալները, որից հետո արվում է եղանակի կանխատեսումը։
Սոնա Հայրապետյանը նշում է՝ մարդիկ հաճախ իրենց հեռախոսների, համակարգիչների եղանակի կանխատեսմանն են հետևում, բայց, նրա խոսքով, 99 % ճշգրտությամբ կանխատեսում անում է միայն Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը։
Այս կենտրոնում նույնպես ամեն օր հերթապահող օդերևութաբան կա։ Նա հավաքագրում է բոլոր կայաններից ստացվող տեղեկատվությունը։
Սոնա Հայրապետյանն ասում է՝ հաճախ քաղաքացիները զանգահարում են իրենց եղանակի կանխատեսումն իմանալու համար. «Բացօթյա միջոցառումներ, հարսանիքներ պլանավորելիս են հաճախ զանգում, զանգում են նաև մեքենա լվանալուց առաջ, հարցնում՝ անձրև գալու՞ է, լվանա՞նք մեքենան, էնպես որ, մենք քաղաքացիների հետ սերտ կապի մեջ ենք»։
Մեր այցելության օրը կանխատեսումների բաժնի հերթապահը Լիլիթ Շահնազարյանն էր։ 23-ամյա Լիլիթն ավարտել է Երևանի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետը, մագիստրոսի աստիճան ունի։ Լիլիթը Ալավերդի քաղաքից է, ասում է՝ մայրն ամեն առավոտ զանգում է իրեն՝ եղանակի տեսությունն իմանալու համար։
Ամեն օր՝ առավոտյան ժողովից հետո, օրվա հերթապահը հաղորդագրություն է ձայնագրում, որով հայտնում է եղանակի տեսությունը։ Ամեն օր կեսօրին՝ ժամը 13:00-ից հետո, 1-86 հեռախոսահամարով զանգահարելով՝ կարող եք ձայնային հաղորդագրություն լսել եղանակի մասին։
Օդերևութաբաններն ամեն օր հետևում են մթնոլորտային փոփոխություններին, գրանցում քամու ուժգնությունը, ջերմաստիճանը, վտանգավոր երևույթներն ու ամպերի շարժը։ Նրանց աշխատանքի շնորհիվ մենք կարողանում են ենք պլանավորել մեր օրը:
Մեկնաբանել