HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

23 տոննա մազութով բեռնված ավտոցիստեռնը շրջվել է Ողջի գետը

Հուլիսի 16-ին Կապան-Քաջարան ավտոճանապարհին՝ Ձագեձոր գյուղի մոտակայքում, բեռնատարը ընկել է գետը։ ՆԳՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, Քաջարան-Կապան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Scania» մակնիշի կցորդիչով բեռնատարը (ավտոցիստեռն՝ բեռնված 23 տոննա մազութով) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշին․ կցորդիչը առանձնացել է բեռնատարից և մասամբ հայտնվել Ողջի գետում:

Ցիստեռնի վնասման հետևանքով տեղի է ունեցել արտահոսք:

«Փրկարարների հմուտ գործողությունների շնորհիվ հաջողվել է դադարեցնել մազութի արտահոսքը։ Փրկարարներն իրականացրել են անվադողերի հովացման և ավտոճանապարհահատվածի լվացման աշխատանքներ. սահմանվել է հերթապահություն:

Հատուկ տեխնիկայի օգնությամբ (ավտոկռունկ) կցորդիչը գետից դուրս է բերվել և փոխադրվել է բեռնատարի վրա:

Տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ համատեղ, կիրառելով համապատասխան տեխնիկական միջոցներ՝ փրկարարները կիրականացնեն գետը թափված մազութի հավաքման և մաքրման աշխատանքներ:

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները դեպքի վայրում իրականացրել են ջրի նմուշառում՝ Ողջի գետի ջրի որակի նախնական գնահատման նպատակով։ Նմուշները կուղարկվեն լաբորատոր վերլուծության՝ աղտոտվածության աստիճանն ու տարածման չափերը պարզելու համար։ Հետագա գործողությունները կսահմանվեն ստացված արդյունքներից ելնելով։

Դեպքի առնչությամբ իրականացվում են նաև վերահսկողական միջոցառումներ՝ կանխելու հնարավոր բնապահպանական վնասները և ապահովելու շրջակա բնակավայրերի էկոլոգիական անվտանգությունը»,- ասված է ՆԳՆ Փրկարար ծառայության հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter