
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը: Նախքան ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին պատասխանելը՝ վարչապետը հանդես է եկել բացման խոսքով.
«Զանգվածային լրատվության միջոցների հարգելի ներկայացուցիչներ,
Հեռուստատեսությամբ և սոցիալական ցանցերով մեզ հետևող սիրելի հայրենակիցներ,
2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության արդյունքում ձևավորված Կառավարությունը՝ որպես առաջնային ռազմավարական խնդիր ձևակերպել է մեր պետականության՝ Հայաստանի Հանրապետության հարատևության ապահովումը և դրա համար անհրաժեշտ պայմանների ձևավորումը։ Այս ռազմավարական խնդրի իրագործումն ընթանում է դրական հունով: Չնայած մարտահրավերներին՝ Հայաստանի Հանրապետությունը ցույց է տվել և շարունակում է ցույց տալ հուսալի դիմակայունություն և գտնվում է զարգացման հուսալի ուղեծրի վրա։
Վստահ եմ՝ այսօրվա ասուլիսում հնչած հարցերը հիմնականում վերաբերելու են մարտահրավերներին, բայց մինչև դրանց կոնկրետ պատասխաններ տալը, ներկաների և հանրության ուշադրությունը հրավիրում եմ այն փաստի վրա, որ Հայաստանի Հանրապետությունն աշխարհի միակ երկիրը չէ, որ առերեսվում է մարտահրավերների: Աշխարհի բազմաթիվ երկրներ, եթե չասենք բոլորը, առերեսվում են աննախադեպ մարտահրավերների։
Մեր պետությունն իր գոյության ողջ ընթացքում առերեսվել է գիտակցված և չգիտակցված մարտահրավերների։ Այսօրվա առանձնահատկությունն այն է, որ մարտահրավերներին զուգահեռ, այդ թվում՝ զոհերի և զոհողությունների գնով, Հայաստանի Հանրապետությունն իր համար ստեղծել է աննախադեպ հնարավորություններ, և կարևորագույն հնարավորությունը՝ պետության՝ Հայաստանի Հանրապետության հարատևության տեսական թեզը գործնական իրականություն դարձնելն է։ Կառավարության առաջնային խնդիրն է կառավարել մարտահրավերները և օգտագործել այն բացառիկ հնարավորությունը, որն այսօր ձևավորվել է։ Այս նպատակին է ծառայում Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, որը հիմա արդեն կարող եմ վստահությամբ ասել, լայնորեն ընդունվում է Հայաստանի Հանրապետության ժողովրդի շրջանում: Ավելին՝ դա ժողովրդի գիտակցության մեջ ծնված գաղափարախոսություն է, որը պարզապես ժողովրդի ներկայացուցիչները ձևակերպել են, թղթին են հանձնել։ Այդ գաղափարախոսությունն արդեն իսկ բերում է կոնկրետ արդյունքներ, և դրանցից առանցքայինը Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության շարունակական զարգացումն է, արտաքին և ներքին կայունությունը, ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, տնտեսական զարգացումը, կոռուպցիայի, ահաբեկչության, հիբրիդային մարտահրավերների դեմ արդյունավետ պայքարը:
Մեր պետության հարատևության օրակարգին է ծառայում բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը, որի արդյունքում Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությունն անշեղորեն աճում է։ Մեր պետության միջազգային հեղինակության աճի գործնական արտահայտությունը 2026 թվականին միջազգային երկու հեղինակավոր միջոցառումների՝ Եվրոպական քաղաքական համայնքի և կենսաբազմազանության COP 17 գագաթնաժողովների հաջորդ տարի սպասվող անցկացումն է Հայաստանի Հանրապետությունում։ Հայաստանը սպասված գործընկեր է թե՛ հյուսիսում, թե՛ հարավում, թե՛ արևելքում և թե՛ արևմուտքում։
Զանգվածային լրատվության միջոցների հարգելի ներկայացուցիչներ,
Սիրելի ժողովուրդ,
2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ժողովրդի վստահության քվեն ստացավ «Ապագա կա՛, կա՛ ապագա» կարգախոսով։ Այսօր արդեն՝ հերթական խորհրդարանական ընտրություններից 11 ամիս առաջ, կարող եմ հայտարարել, որ այդ կարգախոսը իրագործվում է և իրագործված է։ «Ապագա կա՛, կա՛ ապագա» կարգախոսը զարգացնելով՝ հիմա արդեն ասում եմ՝ ապագան այսօր է: Այսինքն՝ ապագան արդեն իսկ մուտք է գործել մեր իրականություն։
Իհարկե, այս օրվա մեջ ապագան կատարում է իր առաջին քայլերը, բայց ակնհայտ է, որ այսօր մենք ոչ թե քայլում ենք ապագայի ուղղությամբ, այլ քայլում ենք ապագայի մեջ և ապագան մեր իրականության մեջ այլևս ոչ թե սկսվելու է վաղվանից, այլ սկսվում է այսօրվանից։ Վերջին յոթ տարիներին հենց այս հայեցակարգային և ընկալման փոփոխությունն է տեղի ունեցել Հայաստանում, և սա դարակազմիկ փոփոխություն է։
Զանգվածային լրատվության միջոցների հարգելի ներկայացուցիչներ,
Այժմ սիրով կպատասխանեմ ձեր հարցերին, որոնք կարող են վերաբերել ոչ միայն ապագային, այլև ներկային և անցյալին:
Շատ շնորհակալ եմ»:
Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ԶԼՄ շուրջ 30 ներկայացուցիչներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի:
Ասուլիսի վերջում վարչապետն անդրադարձել է տնտեսական ցուցանիշների. «2018-ից 2025 թվականներին Հայաստանի Հանրապետության Կառավարությունը Հայաստանի մարզերում ավելի քան 2.5 միլիարդ դոլարի ներդրումներ է արել ամենատարբեր ծրագրերով։ Յոթ տարվա ընթացքում երբեք Հայաստանի մարզերում այսքան պետական ներդրումներ և ընդհանրապես ներդրումներ չեն արվել: Այդ թվում՝ 256 միլիարդ դրամի ծրագիր է իրականացվել Երևան մայրաքաղաքում։ 2018 թվականի համեմատ համայնքներին տրվող դոտացիաներն ավելի քան կրկնապատկվել են՝ 48 միլիարդից դառնալով 90 միլիարդ։ 2010-ից 2017 թվականներին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից, յոթ տարի տարվա կտրվածքով, պետական բյուջե վճարվել է 187 միլիարդ դրամ, 2018-ից 2025 թվականները՝ 464.2 միլիարդ դրամ: Այսինքն` 277 միլիարդ դրամով կամ 148%-ով ավելի, ընդ որում՝ այս թվի մեջ մտնում է նաև դիվիդենտները, փայաբաժինները, որոնք վճարվել են:
2017 թվականին առաջին կիսամյակում բյուջեի հարկային եկամուտները կազմել են 550 միլիարդ դրամ, 2025 թվականի առաջին կիսամյակում՝ 1 տրիլիոն 356 միլիարդ դրամ, որը 805 միլիարդով կամ 146%-ով ավելի է 2017-ի ցուցանիշից։ 2018 թվականի մայիսի համեմատ 2025 թվականի մայիսին աշխատատեղերն ավելացել են 242 331-ով կամ 44%-ով։ Միջին աշխատավարձն ավելացել է 131 000 դրամով կամ 74%-ով։ Եվ այս թվի հետ համեմատած, 25% էլ գնաճ ենք ունեցել, իրական աճն արձանագրում ենք 50%: Աշխատավարձի ընդհանուր ֆոնդն ավելացել է 146 մլրդ դրամով կամ 151%-ով, եկամտային հարկը 24 մլրդ միլիարդ դրամով կամ 100%-ով, չնայած մենք հարկը, գիտեք, որ նվազեցրել ենք: Ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմն ամբողջ թափով սկսել է աշխատել, և այս ընթացքում մենք 536 միլիոն դոլարի գույք ենք վերադարձրել պետությանը կամ համայնքին»։
Մեկնաբանել