
38-ամյա դատապարտյալը պատուհանի ճաղավանդակից կախվել է
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում մահվան հերթական դեպքն է գրանցվել։ «Հետքի» տեղեկություններով 2025թ. հուլիսի 14-ի ցերեկը պատժախցում կախվելու միջոցով ինքնասպան է եղել 38-ամյա դատապարտյալ։
Քրեակատարողական ծառայության մամուլի քարտուղար Նոնա Նավիկյանը հաստատեց մահվան դեպքը։
Նավիկյանի փոխանցմամբ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող, 1987թ․ ծնված դատապարտյալ Ա․Ս․-ն հայտնաբերվել է խցի պատուհանի ճաղավանդակից սավանով կախված վիճակում։
Անմիջապես կանչվել է շտապօգնություն, որն արձանագրել է դատապարտյալի կենսաբանական մահը։
Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գրել էինք, որ Քրեակատարողական հիմնարկներում 2025թ. 5 ամսվա ընթացքում (մայիսի 19-ի դրությամբ) մահացել է 13 դատապարտյալ և կալանավորված անձ: Նրանցից 5-ն, ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպան են եղել: Ինքնասպան եղած անձանցից երկուսը պահվել են միայնակ և նրանց հետ այլ անձ չի եղել: Ինքնասպանության գործիքը եղել է պարանը կամ սավանը:
Մեկնաբանել