
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Արցախի մշտական ներկայացուցչության շենքի նկատմամբ սեփականության իրավունքը
Գլխավոր դատախազությունը 2025թ. հուլիսի 15-ին Կադաստրի կոմիտեի դեմ հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Երևան քաղաքի Ն. Զարյան փողոց թիվ 17Ա հասցեում գտնվող շինության նկատմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սեփականության իրավունքի պետական գրանցումը։
Ըստ Կադաստրի Կոմիտեի ինքնաշխատ եղանակով ստացված տվյալների՝ նշված գույքի նկատմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սեփականության իրավունքը գրանցվել է 2017թ. մարտի 20-ին։
Անշարժ գույքը, որի հետ կապված իրավունքները վիճարկում է Գլխավոր դատախազությունը, տարիներ շարունակ եղել է Հայաստանի Հանրապետությունում Արցախի մշտական ներկայացուցչության շենքը։ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած 44-օրյա պատերազմից հետո փաստացի այն Արցախի պաշտոնյաների գործունեության և Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հետ կապ պահելու միակ տարածքն է։
Այն 1969թ. կառուցված երկհարկանի վարչական շենք է։ Տարածքի մեջ մտնում է 0.11592 հա մակերեսով հողատարածքը, էլեկտրական ենթակայանը, 28.5 քմ նկուղը, 17.2 քմ կիսանկուղը, 310.3 քմ վարչական շենքը և 1998թ. կառուցված 26.8քմ մակերեսով ավտոտնակը։
Նշենք, որ դեռևս 2024թ. սեպտեմբերի 9-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, թե Արցախի նորեկ իշխանությունները, որոնք փախել են Հայաստան, Արցախի ներկայացուցչությունում հավաքներ են անում, փորձում են «իրենց վրայից մեղքը մաքրել»:
«Չեն կարողանալու մաքրել: Այդ շենքի իմաստն էլ պետք է մենք վերանայենք։ Ես համարում եմ, որ այդ շենքը այլևս չպետք է նման բաներին ծառայի», - ասել էր ԱԺ նախագահը։
Մեկնաբանել