HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացահայտվել է համակարգչային հափշտակություններ կատարող հանցավոր կազմակերպություն

Ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի գրասենյակային նշանակության տարածքում Հայաստանի և օտարերկրյա մի խումբ քաղաքացիներ ստեղծել են հանցավոր կազմակերպություն և զբաղվում են համակարգչային հափշտակություններով:

«Ամիսներ տևած օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում հնարավոր եղավ պարզել հանցագործությունների կատարման եղանակը, հանցավոր կազմակերպությունում ներգրավված անձանց ինքնությունն ու յուրաքանչյուրի դերակատարումը:

Հուլիսի 1-ին, մանրակրկիտ նախապատրաստումից հետո, Քրեական ոստիկանության և Քննչական կոմիտեի աշխատակիցներն իրականացրին անսպասելի խուզարկություն, և հմուտ գործողությունների արդյունքում հանցավոր կազմակերպության անդամներին չհաջողվեց ոչնչացնել առանցքային ապացուցողական նշանակություն ունեցող էլեկտրոնային տեղեկությունները:

Հայտնաբերվել են հանցավոր կազմակերպության անդամաներին պատկանող համակարգչային տեխնիկա և բջջային հեռախոսներ, որոնց հատուկ կահավորանքը պետք է չեզոքացներ իրենց ինքնության բացահայտման ռիսկը:

Մինչ այդ ձեռք էին բերվել փաստական տվյալներ, որ հանցավոր կազմակերպության անդամները համացանցի միջոցով կապ են հաստատել արտերկրում բնակվող անձանց հետ, ներկայացել տարբեր կեղծանուններով և հաղորդակցվելով օտար լեզուներով՝ հանցավոր եղանակով նրանցից հափշտակել են ֆինանսական միջոցներ:

Մասնավորապես՝ նրանք տուժողներին առաջարկել են իրենց պատրաստած կեղծ կրիպտոարժույթների հարթակներում կատարել ֆինանսական ներդրում և կարճ ժամանակում ստանալ շահույթ:

Ավելին՝ հանցավոր կազմակերպության անդամները թիրախավորված անձանցից տարբեր պատրվակներով պահանջել և ստացել են տարատեսակ բանկային տվյալներ, որոնց միջոցով ձեռք են բերել այդ անձանց ֆինանսական կարգավիճակի վերաբերյալ տվյալներ:

Բացի այդ, թիրախավորել են նաև այն անձանց, որոնք արդեն դարձել են նմանատիպ հանցագործությունների զոհ և առաջարկել կատարել կեղծ հետաքննություն՝ կորցրած ֆինանսական միջոցները վերադարձնելու պատրվակով, ինչի դիմաց պահանջել են միջնորդավճար:

Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա Քննչական կոմիտեի կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ, և միջոցառումերը շարունակվել են համատեղ:

Մի խումբ անձանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում հանցավոր կազմակերպություն ստեղծելու կամ ղեկավարելու, ինչպես նաև և հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն կատարելու հատկանիշերով:

Ներկայում Քրեական ոստիկանության ծառայողներն ակտիվ համագործակցում են օտարերկրյա պետությունների գործընկերների հետ` հանցավոր կազմակերպության գործողություններից տուժած անձանց հայտնաբերելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter