«Դորայի դեղին կոշիկները». հավաքելով իրերն ու հիշողությունները
Բոլոր տատիկները միշտ ինչ-որ բան հավաքում են։ Ոմանք նոր սրբիչներ են հավաքում ու պահում հյուրերի համար, մյուսները՝ երբևէ չհագած հագուստ՝ տոպրակների մեջ դասավորած։ Հին անձնական իրերն առանձնացված են, համեղ չրերն ու շոկոլադները պահարանի վերևի դարակում՝ թոռների համար։
Այս փոքր ժեստերը սերնդեսերունդ դարձել են հոգատարության, երբեմն էլ՝ հրաժեշտի մշակույթ։
Գոհար Սարգսյանի կարճամետրաժ վավերագրական ֆիլմը՝ «Դորայի դեղին կոշիկները», պատմում է այս պարզ կենցաղային սովորության ավելի խորը պատճառների մասին։ Ռեժիսորի տատիկը՝ Դորան, ապրում է այս սովորությամբ՝ մաքուր կարգապահությամբ դասավորում ու պահում է իր հագուստները, որ մարդիկ նեղություն չկրեն, երբ ինքը չլինի։
Դորան արցախցի է։ Իր «թաղման կապոցը» սկսել է հավաքել դեռ Ասկերանի շրջանի Սղնախ գյուղում։ 44-օրյա պատերազմից հետո, երբ տեղափոխվել են Ստեփանակերտ, սկսել է նաև այնտեղ հավաքել։ Արդեն երրորդ անգամ է հավաքել՝ 2023 թվականին արցախցիների բռնի տեղահանությունից հետո։ Երեք անգամ՝ նոր հասցե, բայց նույն մոտեցումը՝ ամեն ինչ մաքուր, կարգով ու մտածված։ Ֆիլմում այդ շարժումները դառնում են ոչ միայն տատի կենսակերպի արձանագրություն, այլ նաև արցախցիների հավաքական հիշողության ու սովորույթների խորհրդանիշ։
«Պատերազմից հետո առհասարակ, էդ ապրումներից հետո իմ էմոցիաները հանելու համար ուզում էի ինչ-որ բան անել։ Ու տատիկն էն կերպարն էր, որ ամբողջական ցույց կտար ամեն ինչ։ Էդ տարածքում ապրող մարդիկ շատ դժվար կյանք են ունեցել, անընդհատ պատերազմ են տեսել ու բոլոր ձևերով էդ դժվար օրերին պատրաստվել են»,- ասում է Գոհար Սարգսյանը։
Ֆիլմի գաղափարն առաջացել է ռեժիսորի՝ Հետք Մեդիա Գործարանում սովորելու ընթացքում, ստեղծվել Բուն TV-ի «:դոկուբուն» վավերագրական նախագծի շրջանակում։
Այն ընդգրկված է «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցութային «Կորիզ» բաժնում: Ռեժիսորի համար սա ոչ միայն առաջին ֆիլմն է, այլև փորձ՝ հիշողությունները պահպանելու և ներսում կուտակված ծանր զգացումները մի փոքր թեթևացնելու համար։
Սկիզբը պատահական էր, բայց հիմնված մանրակրկիտ պահված հիշողությունների վրա։
«Երբ գյուղում էինք մի անգամ, տատիկը ինձ կանչեց մի սենյակ, որտեղ պահում էր իրերը։ Այնքան պատկերավոր էր պատմում։ Էս ամենը մի օր ուղղակի ավտոբուսի մեջ եմ հիշել։ Էնքան վառ էի հիշում ու զարմացել էի, որ տենց կարելի է պատրաստվել թաղման։ Դե, դժվար ապրելուց ա եղել, որ ինչ-որ տեղ են գնացել, հեռու խանութ են գնացել, հասանելի չի եղել շատ բան, որոշել են, որ էդ էլ պիտի գնեն, բերեն, պահեն, եթե պետք գա։ Մինչև էս չգիտեի, որ դա ավանդույթ ա։ Դրանից հետո էլի պատմություններ լսեցի, սկսեցի հետաքրքրվել ու հասկացա, որ մեր սովորւթյուններում տարածված բան ա»,- պատմում է ռեժիսորը։
Թեև պատմությունը պատերազմից հետո ձևավորված իրականությունն է նկարագրում ֆիլմը չի կենտրոնանում հենց պատերազմի վրա։ Ռեժիսորի համար սա ավելի շատ փորձ է եղել Արցախը հիշելու մի այլ՝ անձնական ու մարդկային տեսանկյունից։ Ասում է․«Ֆիլմը ինձ համար հիշողությունը պահելու ձև էր։ Ու ես Արցախն ընդհանրապես պատերազմով չեմ հիշում։ Պատերազմից բացի, ես այս տիպի՝ հետաքրքիր հիշողություններ եմ ունեցել Արցախի հետ կապված։ Պատերազմը զուտ մեր կյանքի մի մասն ա կազմել՝ ուզած թե չուզած։ Դա տատիկիս կյանքի վրա թողած ազդեցություններից մեկն ա, բայց ֆիլմի մեսիջը էտքան էլ հենց պատերազմը չի»։
Ֆիլմում չկան պատերազմական կադրեր։ Բայց պատերազմի հիշողությունն ու հետևանքները ներկա են ամեն շարժման մեջ։ Թեև տեսողական առումով ֆիլմը խիստ կենցաղային է՝ պատմվածքն իր շերտերով հստակ խոսում է տեղահանության, վշտի, հեռացած տան կարոտի մասին։
Ֆիլմը «Ոսկե Ծիրան»-ի մրցութային «Կորիզ» ծրագրի շրջանակում ցուցադրվելու է նաև հուլիսի 17-ին՝ ժամը 17:30-ին, Կինոյի տան Մեծ դահլիճում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել