HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

Բացման ծիրանի իրանական համն ու հոտը. մեկնարկել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնը

Երևանյան կինոփառատոնը հարթակ է, որտեղ ոչ միայն ներկայացվում են մրցութային կինոնկարներ՝ աշխարհի տարբեր երկրներից, ֆիլմեր ամենահեղինակավոր փառատոներից, այլև վայր, որտեղ հարգանքի տուրք է մատուցվում իրենց ֆիլմերով ճանապարհ բացած ռեժիսորներին, կինոմատոգրաֆի երախտավորներին։

Երեկ՝ հուլիսի 13-ին, արդեն 22-րդ տարին անցկացվող «Ոսկե ծիրան» կինոտոնի բացումը նշանավորվեց իրանական կինոյի ամենաազդեցիկ երկու ռեժիսորներով. Ջաֆար Փանահին հանձնեց փառատոնի երախտիքի նշանը՝ Փարաջանովյան թալերը, Ամիր Նադերիին՝ համաշխարհային կինոյում ունեցած իր մեծ ավանդի համար։

«Երբ ուսանող էի, մեր համալսարանի կողքին կինոթատրոն կար, ու մի օր անցնելիս տեսա, որ այս մեծ մարդը մաքրում էր կինոթատրոնի ապակիները, որ իր ֆիլմի պաստառները փակցնի։ Կես ժամ կանգնած նայում էի նրան։ Իրենից սովորեցի, որ երբ ֆիլմ ես նկարահանում, պետք է զբաղվես ամեն ինչով։ Որոշ մարդիկ միայն կինո չեն նկարահանում, նրանք ճանապարհ են ստեղծում։ Նրանք վիթխարի ծառեր են, որ արմատներ ունեն, որոնց կողքին աճում են նոր ծառեր։ Այս գիշեր ուզում եմ իմ հարգանքի տուրքը մատուցել իրանական կինոյի մեծագույն ռեժիսորներից մեկին՝ վարպետ Ամիր Նադերիին»,- իր խոսքում նշեց Ջաֆար Փանահին, որի այս տարվա Կաննի ոսկու արմավենու ճյուղի արժանացած «Մի պարզ պատահար» ֆիլմով մեկնարկեց «Ոսկե ծիրան» փառատոնը։ Նրա ներկա գտնվելը փառատոնի բացմանը գլխավոր անակնկալն էր հանդիսատեսների համար։ Հաջորդը կինոփառատոնի պատվավոր հյուրի, Ոսկե ծիրանի տարածաշրջանային մրցույթի ժյուրիի նախագահ Ամիր Նադերիի պատվումն էր։ Փարաջանովյան թալեր մրցանակը իրանական կինոյի նոր ալիքի առաջամարտիկ Ամիր Նադերիին հանձնեց Ջաֆար Փանահին՝ ծնկի իջած։

Նադերին իր մրցանակը նվիրեց երիտասարդ կինոռեժիսորներին, որոնք Փանահիի նման ճանապարհ կբացեն դեպի ապագա։

«Փանահին ամենակարևոր ռեժիսորներից է իրանական կինոյում, որ ճանապարհ է բացել դեպի ապագա՝ Աբաս Քիառոսթամիի հետ։ Այս մրցանակն ինձ համար շատ նշանակալից է, նաև նրանով, որ իմ ամենասիրելի ռեժիսորներից մեկը Փարաջանովն է»,- իր խոսքում նշեց Նադերին։

Երևանում «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի անցկացվում է հուլիսի 13-20-ը: Մեկ շաբաթ երևանյան հանդիսատեսին սպասվում է ֆիլմային հրավառություն։ Հայաստան են ժամանել կինոյի համաշխարհային դեմքեր, որոնք իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։

«Ոսկե ծիրան» փառատոնի ծրագիրը՝ այստեղ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter