
Փաշինյանը ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ փոխգործակցության զարգացման հետագա քայլերը
Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հանդիպումը:
Վերջինս ողջունել է ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության այցը և կարևորել Հայաստանի հետ հետևողական ու արդյունավետ երկխոսությունը: Նա ուրախությամբ արձանագրել է, որ ավարտվել են ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի շուրջ քննարկումները, իսկ փաստաթղթի ստորագրումը նախատեսվում է ԵՄ-ՀՀ հաջորդ գործընկերության խորհրդի նիստի շրջանակում: Մարթա Կոսը ևս մեկ անգամ հայտնել է ԵՄ ամուր աջակցությունը Հայաստանի բարեփոխումների հավակնոտ օրակարգին և ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացմանը: Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը։
«Վարչապետ Փաշինյանը նշել է, որ արդյունավետ հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ` հույս հայտնելով, որ ՀՀ-ԵՄ սերտ փոխգործակցությունը կշարունակի զարգանալ ու ամրապնդվել տարբեր ուղղություններով: ՀՀ վարչապետը կարևորել է ԵՄ օժանդակությունը Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացմանը, տրանսպորտի, ենթակառուցվածքների զարգացմանը, փոքր և միջին բիզնեսի կարողությունների ընդլայնմանը, ԵՄ ստանդարտների ներդրմանը և այլն:
Զրուցակիցները քննարկել են ԵՄ ֆինանսական գործիքակազմերով մեր երկրում իրականացվող ծրագրերին, տնտեսական գործընկերության խթանմանը վերաբերող հարցեր:
Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ Կառավարության կողմից իրականացվող ծրագրերին: Վարչապետ Փաշինյանը կարևորել է միջազգային հանրության կողմից այս ուղղությամբ շարունակական աջակցությունը:
ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը նշել է, որ առաջիկայում պատրաստվում է այցելել Հայաստան` ավելի առարկայական քննարկելու համատեղ ծրագրերն ու նախաձեռնությունները»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Մեկնաբանել