
ՔԿԾ-ն հրապարակել է այն խցի և սանհանգույցի լուսանկարները, որտեղ պահվում են կալանավորված կինն ու նրա 8 ամսական երեխան
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը հրապարակել է այն խցի և սանհանգույցի լուսանկարները, որտեղ պահվում են կալանավորված 36-ամյա Լիանա Հարությունյանը և նրա 8 ամսական երեխան։
«Տիկին Փոստանջյանին մեկ անգամ ևս կոչ ենք անում «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի հետ կապ չունեցող լուսանկարներ չհրապարակել և հասարակությանը չգցել մոլորության մեջ, իսկ փաստաբանական մարտավարությունը կառուցել փաստերի և օբյեկտիվ հիմքերի վրա՝ դուրս չգալով մասնագիտական էթիկայի սահմաններից։ ՀՀ փաստաբանների պալատին խնդրում ենք քննարկման առարկա դարձնել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածող փաստաբանի վարքագիծը»,- նշում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը։
Ծառայությունն ավելի վաղ հերքման տեքստ էր տարածել նաև Լիանա Հարությունյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանի հայտարարությունների վերաբերյալ՝ նշելով, որ պնդումը, թե բանտախուցը բացարձակ պիտանի չէ 8 ամսական երեխային պահելու համար, չի համապատասխանում իրականությանը։
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հերքման վերաբերյալ Զարուհի Փոստանջյանը հայտարարություն է տարածել, որում ասված է․
«Փաստորեն, այն, ինչի մասին իրազեկվել էինք բանտախցերի վերաբերյալ, ճիշտ է: Քրեակատարողական հիմնարկն իր կողմից տարածած լուսանկարներով ապացուցեց` կալանավոր դարձած երիտասարդ մոր և կրծքով կերակրվող երեխայի համար նախատեսված խուցը հարմարեցված չէ կեցության համար։ Քրեակատարողական հիմնարկի ղեկավարություն, ցույց տվեք 8 ամսական երեխայի համար հարմարեցված մահճակալը։ Ձեր հրապարակած լուսանկարներում այն չկա։
Ցույց տվեք տաք ջրի տաքացուցիչը, այն ևս չկա՛։
Ցույց տվեք ծորակից հոսող տաք ջուրը, չեք կարող ցույց տալ, որովհետեւ այն ևս չկա՛։
Ցույց տվեք մանկահասակ երեխայի խաղալիքները խցում` չկա՛ն։
Ցույց տվեք խցում առկա սառնարանը, որտեղ պետք է պահվի մանկահասակ երեխայի սնունդը, դա ևս չկա։
Փոխարենը ձեր կողմից հրապարակված լուսանկարներով` ապացուցեցիք, որ կալանավորված մոր և 8 ամսական մանկահասակ երեխայի պահման խուցը`ամռան տապի պայմաններում, առանց վարագույրի է, առանց սառնարանի է, առանց տաք ջրի է, առանց մանկահասակ երեխայի համար նախատեսված մահճակալի է, լողանալու և հիգիենայի պայմաններն իսպառ բացակայում են։
Դուք ապացուցեցիք, որ 10×5 չափսերի խուցը զնդան է ոչ միայն երիտասարդ մոր, այլև նրա փոքր երեխայի համար, որը մեկ գիշեր լուսացնելով այդ խցում, այսօր հայտնվել է հիվանդանոցում։ Իսկ թե ում եք վկայակոչում որպես «լավագույն պայմանների» վկա մայրերի, անպայման կպարզենք առաջիկայում»։
Գլխավոր լուսանկարը՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության
Մեկնաբանել