HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Տարեկան 138 մլն դրամ հավելավճար՝ Սահմանադրական դատարանի անդամներին. օրենքի նախագիծ է ներկայացվել հանրային քննարկման

Արդարադատության նախարարությունը օրենքի նախագիծ է ներկայացրել հանրային քննարկման, որով առաջարկվում է բարձրացնել Սահմանադրական դատարանի դատավորների աշխատավարձը՝ նրանց տրամադրելով նաև պաշտոնային դրույքաչափի 100%-ի չափով հավելավճար՝ գործող 80%-ի փոխարեն: Այս տարի այդ նպատակով հավելյալ ծախս պետբյուջեից չի կատարվի, քանի որ նախագիծն օրենք դառնալու դեպում ուժի մեջ է մտնելու 2026թ. հունվարի 1-ից: Սակայն, միայն 2026թ-ի համար հավելավճարի գումարը կազմելու է մոտ 138 մլն դրամ:

Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրության հետ կապված հարաբերությունները ներկայումս կարգավորվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով: Նախարարության հիմնավորումն այն է, որ Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրությունը՝ իր կառուցվածքով և չափերով, համարժեք չէ վերջիններիս բարձր իրավական կարգավիճակին, սահմանադրական լիազորությունների ծավալին և գործունեության համար բնորոշ բարձր պատասխանատվության աստիճանին։ Արդյունքում, առաջացել է օբյեկտիվ անհրաժեշտություն՝ վերանայելու Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրության կառուցվածքը և սահմանելու լրացուցիչ աշխատավարձի տարբերակված համակարգ։

Նախագծով բարձրացվում է նաև Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնային դրույքաչափերի գործակիցները, ինչը նշանակում է, որ բարձրանում է նաև աշխատավարձը: Հիմնական աշխատավարձը բազային աշխատավարձի և նախատեսված գործակցի արտադրյալն է:

Պետական և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը 2023թ-ից կազմում է 83 հազար 200 դրամ՝ մինչ այդ 66 հազար 140 դրամ էր:

Նշենք, որ Սահմանադրական դատարանը կազմված է 9 անդամից: Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնային դրույքաչափի գործակիցը նախատեսվում է սահմանել 17՝ գործող 16-ի փոխարեն, փոխնախագահինը՝ 16 (գործող օրենքով առանձին դրույքաչափ նախատեսված չէ), իսկ Սահմանադրական դատարանի դատավորներինը՝ 15՝ 12-ի փոխարեն: 

Ստացվում է, որ Սահմանադրական դատարանի նախագահի մասով պաշտոնային դրույքաչափի 100%-ը տարեկան կազմում է մոտ 17 մլն դրամ, փոխնախագահինը՝ մոտ 16 մլն դրամ, իսկ Սահմանադրական դատարանի յուրաքանչյուր դատավորի մասով պաշտոնային դրույքաչափի 100%-ը կազմում է տարեկան մոտ 15 մլն դրամ: Հետևաբար, տարեկան 7 դատավորի մասով պաշտոնային դրույքաչափի 100%-ը կազմում է մոտ 105 մլն դրամ: Այսինքն՝ Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի և 7 դատավորի մասով հավելավճարների ընդհանուր գումարը կազմելու է մոտ 138 մլն դրամ՝ մեկ տարվա կտրվածքով:

Օրենքի նախագիծը հանրային քննարկման դրվել է այսօր՝ 2025թ. հուլիսի 11-ին և e-draft.am հարթակում կմնա մինչև հուլիսի 27-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter