
Տեսչական վերահսկողությունից հետո 7 կազմակերպության թույլատրվել է Ռուսաստան ծաղիկ արտահանել
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հաղորդում է, որ ակտիվորեն զբաղվում են դեպի Ռուսաստան հայկական ծաղիկների արտահանման խնդիրներով՝ գործընկեր կառույցի՝ ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր), հետ համատեղ:
«Ծաղկի արտադրավայրերում՝ ջերմոցային տնտեսություններում, անցկացվել են համատեղ առցանց տեսահսկողական միջոցառումներ, որոնց արդյունքում որոշվել է կոնկրետ արտադրողի արտադրանքի Ռուսաստան արտահանելու հարցը:
Այս պահին ունենք արդեն 7 կազմակերպություն, որոնց, համատեղ տեսչական վերահսկողությունից հետո, թույլատրվել է արտահանումը, մյուս տնտեսություններում միջոցառումները շարունակվում են:
Առաջիկայում աշխատանքային այցով Հայաստան կայցելի Ռոսսելխոզնադզորի մասնագետների խումբը՝ ՍԱՏՄ տեսուչների հետ համատեղ ծաղկի ջերմոցային տնտեսություններին տեղում ծանոթանալու և բուսասանիտարական իրավիճակն ուսումնասիրելու նպատակով»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ օրեր առաջ Կառավարության շենքի դիմաց մի խումբ տնտեսվարողներ բողոքի ակցիա էին կազմակերպել․ ՌԴ ծաղիկներ արտահանել չեն կարողանում։ Ռոսսելխոզնադզորը նախորդ ամիս մտահոգություն էր հայտնել Հայաստանից Ռուսաստան մատակարարվող բույսերի ստուգումների արդյունքում հաճախակի հայտնաբերվող խախտումների վերաբերյալ։
Մեկնաբանել